#civilnetcheck

2025-10-18

Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան Սեպտեմբեր 11, 2025 «Հայկական զորքերը Ադրբեջանի տարածքում վերահսկում են ենթադրաբար 110 քառ. կմ տարածք» [](https://www.civilnet.am/feed/)

«Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Այն տարածքներում, որտեղ դելիմիտացված չի։ Տենց բան չկա՞։ Կան տեղեր, մի 100 անգամ ասել ենք՝ ես էլ, վարչապետն էլ։ […] Ինչի՞, միայն անկլավը չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ»,- ասել էր Սիմոնյանը՝ որպես օրինակ նշելով Տավուշի մարզը։

#CivilNetCheck-ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել է, թե որքանով են Սիմոնյանի նշած թվերը համապատասխանում իրականությանը։

Ինչպես է որոշվում սահմանը. քարտեզներ և մեթոդաբանություն

Մեր ուսումնասիրության շրջանակում որպես իրավական (դե յուրե) սահման վերցրել ենք Խորհրդային Միության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի 1970-80-ական թվականների տեղագրական քարտեզները, որոնք թվայնացրել և համադրել ենք արբանյակային պատկերների հետ։ Փաստացի վերահսկողության գիծը (դե ֆակտո) որոշվել է արդի արբանյակային լուսանկարների միջոցով՝ երկու երկրների զինված ուժերի առաջնագծի մարտական դիրքերի քարտեզագրմամբ։

Հենց այս՝ ԽՍՀՄ ԳՇ քարտեզներն են օգտագործվում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ 2024-ի մայիսի 22-ին խորհրդարանում պատգամավորներին ցուցադրել էր Տավուշի հատվածի 1։100,000 մասշտաբով ԽՍՀՄ ԳՇ 1976-ի տեղագրական քարտեզը՝ հայտարարելով, որ դրանք են կիրառվում սահմանազատման համար։ «… Ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ Ընդ որում, դե յուրե հիմնավորված թղթերով, սա շատ կարևոր է»,- ընդգծել էր վարչապետը։

Մեր հաշվարկը ցույց է տալիս այն տարածքների մակերեսը, որտեղ երկու կողմերի զինված ուժերը տեղակայել են իրենց մարտական դիրքերը` անցնելով խորհրդային քարտեզների վրա նշված իրավական սահմանից: Ընդ որում, հաշվարկում ներառված չեն կողմերի միջդիրքային չեզոք գոտիները, որոնք թեև բարձադիր տեղակայված հենակետերի դիտարկման ներքո են, սակայն ոչ մի կողմի ֆիզիկական վերահսկողության տակ չեն։ Չեն ընդգրկվել նաև այն դեպքերը, երբ որևէ կողմ միայն մեկ դիրքով է տեղակայված մյուսի տարածքում։

Բացի այդ, հաշվարկի մեջ ներառված չեն անկլավների տարածքները՝ հայկական Արծվաշենը (մոտ 38 քառ. կմ), որը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և հայկական տարածքով շրջապատված ադրբեջանական Յուխարի Ասկիպարան (մոտ 26 քառ. կմ), Բարխուդարլի-Սոֆուլուն (մոտ 10 քառ. կմ) և Քյարքի/Տիգրանաշենը (մոտ 8 քառ. կմ)։

Կարճ՝ ինչ ենք պարզել

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահմանագծի ընդհանուր երկարությունը, ներառյալ՝ Նախիջևանի հետ հատվածը, մեր հաշվարկով կազմում է մոտ 925 կմ, որի երկայնքով քարտեզագրվել է շուրջ 750 ադրբեջանական և մոտավորապես նույնքան հայկական առաջնային մարտական դիրք։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։

Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ընդ որում, առավել մեծ տարածքները ադրբեջանական կողմը գրավել է 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումների ժամանակ։

Ստորև ներկայացված ինտերակտիվ քարտեզում կարող եք տեսնել Հայաստանի (կապույտով) և Ադրբեջանի (կարմիրով) կողմից վերահսկող տարածքները։ Ձախ հատվածում տեղակայված պատուհանից կարող եք միացնել նաև մարտական դիրքերի ցուցադրումը։ Քարտեզում սպիտակով նշված է ԽՍՀՄ ԳՇ քարտեզից վերարտադրված դե յուրե սահմանը, որը որոշ հատվածներում չի համապատասխանում Google Maps-ում առկա սահմանին։

Ոսումնասիրելով ամբողջ սահմանագիծը՝ մեզ հաջողվել է գտնել միայն ինը հատված, որտեղ հայկական զինված հենակետերը հստակ Ադրբեջանի տարածքում են, որից միայն չորսում է վերահսկվող ադրբեջանական տարածքը գերազանցում մեկ քառ. կմ-ն։ Այս տարածքների զգալի մասը հայկական ուժերի վերահսկողության տակ է դեռ Արցախյան առաջին պատերազմից (1991-1994 թթ.)։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Չիվա-Արենի հատվածը. կապույտով՝ Հայաստանի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքները։

Նախիջևանի հետ սահմանին՝ Վայոց ձորի մարզի Չիվա-Արենի գյուղերի մոտ, շուրջ 8 կմ-ոց հատվածում հայկական դիրքերը դեռ 1990-ականներից 1-1,5 կմ խորացել են ադրբեջանական կողմ՝ զբաղեցնելով մոտ 8,3 քառ. կմ տարածք։ Այս հատվածով է անցնում Երևան-Մեղրի «Մ-2» միջպետական նշանակության ճանապարհը։

Բացի այդ, այս սահմանագոտում հայկական ուժերն աննշան տարածքներ են վերահսկում նաև Երասխ և Զանգակատուն գյուղերի հատվածներում, համապատասխանաբար՝ մոտ 0,3 և 0,6 քառ. կմ։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի և Զանգակատան հարակից հատվածները

Նախիջևանի հետ սահմանին հայկական ուժերի կողմից վերահսկվող դե յուրե ադրբեջանական մեկ այլ տարածք Սյունիքի մարզի Կուրիս-Կարճևան գյուղերից արևմուտք ընկած հատվածում է։ Այստեղ Խաշինք (2689 մ) և Խարխատ (2378 մ) լեռների վրա տեղակայված մի քանի հայկական դիրք մոտ 1-1,5 կմ առաջ է դեպի ադրբեջանական կողմ։ Դրանք վերահսկում են մոտ 4 քառ. կմ տարածք։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Կուրիս-Կարճևան հատվածը։

Հարկ է նշել, որ սահմանագոտու այս հատվածում դեպի հյուսիս և հարավ ընկած մնացած բոլոր լեռնագագաթներին տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի գերիշխող բարձրադիր դիրքերը։

Բացի այս, հայկական ուժերը որոշ տարածքներ վերահսկում են նաև Տավուշի մարզում։ Այստեղ, համաձայն ԽՍՀՄ ԳՇ քարտեզների՝ դե յուրե Ադրբեջանին են պատկանում, սակայն հայկական ուժերի վերահսկողության տակ են Բերդավան գյուղից արևելք ընկած մոտ 1,9 քառ. կմ, Ոսկեպար գյուղին հարակից 4,3 քառ. կմ և Սարգյուղից հյուսիս-արևելք ընկած մոտ 0,7 քառ. կմ տարածքներ։

Քարտեզում՝ Տավուշի մարզի Բերդավան-Պառավաքար հատվածը. կարմիրով նշված են Ադրբեջանի, կապույտով՝ Հայաստանի կողմից փաստացի վերահսկվող տարածքները։

2024-ի ապրիլին Տավուշի մարզի մոտ 12,7 կմ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացված սահմանազատման առաջին փուլի շրջանակում Հայաստանը Ադրբեջանին հանձնեց մոտ 6,5 քառ. կմ տարածք (չորս նախկին ադրբեջանական գյուղերով), որը մինչ այդ հայկական վերահսկողության ներքո էին։

Ադրբեջանի վերահսկողության տակ՝ մոտ 230 քառ. կմ դե յուրե ՀՀ ինքնիշխան տարածք

Մեր վերլուծության համաձայն՝ 2025-ի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 230 քառ. կմ-ն։ Այս տարածքների մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիաների հետևանքով։ Սակայն որոշ տարածքներ, մեծամասամբ Տավուշում, Ադրբեջանի վերահսկողության տակ են դեռ 1990-ականներից։

Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են դե յուրե Հայաստանին պատկանող ավելի քան 22 քառ. կմ տարածք։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական առավել խոշոր տարածքները Բերքաբեր, Վազաշեն և Պառավաքար գյուղերին հարակից հատվածներում։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերի հարակից հատվածներում։

Այսպես, Բերքաբերի հյուսիսային հատվածում Ջողազի ջրամբարը վերահսկելու նպատակով ադրբեջանցիները դեռ 1990-ականներից զբաղեցրել են 6,3 քառ. կմ մակերեսով հայկական «եռանկյունաձև» տարածք։ Այստեղ տեղակայված են չորս առաջնային ադրբեջանական հենակետեր, որոնք շուրջ 3 կմ խորացել են հայկական կողմ։

Ուշագրավ է, որ այս հատվածում՝ Ոսկեպար գյուղին հարակից, համանման մեկ այլ «եռանկյունաձև» տարածք կա՝ 4,3 քառ. կմ մակերեսով, որը դե յուրե ադրբեջանական է, սակայն հայկական ԶՈՒ վերահսկողության տակ է։ Այս երկու տարածքներն անհայտ պատճառներով չընդգրկվեցին 2024-ի ապրիլին այս հատվածում իրականացված սահմանազատման գործընթացում։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Ոսկեպար-Բերքաբեր հատվածը. մանուշակագույնով ընդգծված են սահմանազատված հատվածները։

Նույն կերպ, 1990-ականներից ի վեր ադրբեջանական ուժերը զբաղեցնում են տարածքներ Վազաշենի և Պառավաքարի ուղղություններում։ Վազաշենի մոտ Ադրբեջանը վերահսկում է 4,5 քառ. կմ հայկական տարածք՝ 1-1,5 կմ խորությամբ և չորս դիրքով, իսկ Պառավաքարի շրջանում՝ 7,9 քառ. կմ՝ 3-4 կմ խորությամբ և 8 դիրքով։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Բերքաբերի, Վազաշենի, Պառավաքարի հարակից հատվածներում։

Տավուշի մարզում ադրբեջանական վերահսկողության տակ է նաև Բարեկամավան գյուղից հյուսիս ընկած հատվածում մոտ 0,6 քառ. կմ տարածք, ինչպես նաև Այգեպարի մոտակայքում մոտ 0,5 քառ. կմ հայկական տարածք։ Սահմանի այս հատվածներում առկա են ադրբեջանական երկու-երեք հենակատեր, որոնք մոտ 500 մետր առաջ են դեպի Հայաստանի տարածք։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկողության տարածքները Բարեկամավան և Այգեպար գյուղերի հարակից հատվածներում։

Տավուշում ադրբեջանական ուժերը հայկական տարածքներ են գրավել նաև Այգեձոր գյուղից հարավ-արևելք ընկած մի քանի բարձրադիր հատվածներում՝ տասի հասնող ադրբեջանական հենակետերով։ Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքների ընդհանուր մակերեսը այստեղ կազմում է մոտ 2,5 քառ. կմ։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Այգեձոր գյուղից հարակից հատվածում

2020-ի 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ադրբեջանական ուժերը դիրքավորվեցին հայ-ադրբեջանական նոր ձևավորված սահմանագծի երկայնքով։ Միաժամանակ ադրբեջանական զինված ուժերը 2021-2022 թվականներին մի քանի լայնածավալ հարձակումներ իրականացրին՝ ՀՀ սահմաններից ներս ներթափանցելով և զբաղեցնելով մի շարք տարածքներ։

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ներխուժումները տեղի են ունեցել երկու հիմնական փուլով՝ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին: Կախակն, Կուտական, Կութ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի հարակից տարածքների զգալի հատվածներ, ներառյալ ռազմավարական բարձունքները, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քարտեզում՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ներխուժումը. կարմիրով նշված են ադրբեջանական, կապույտով՝ հայկական մարտական դիրքերը

Սևանա լճից հյուսիս-արևելք Կախակն-Կութական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը ներխուժել է 2021-ի մայիսին և ներկայում վերահսկում է մոտ 7,9 քառ. կմ սահմանամերձ տարածք՝ տեղակայելով մինչև 2 կմ խորությամբ գրեթե երկու տասնյակ մարտական հենակետեր Հայաստանի տարածքում։

Նույն շրջանում ադրբեջանական ուժերը ներխուժել են նաև Կութ գյուղի հարակից տարածք՝ այս հատվածում փաստացի օկուպացնելով մոտ 9,5 քառ. կմ տարածք և 1,5-2 կմ խորությամբ տեղակայելով շուրջ 5 առաջնային մարտական դիրքեր։

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Կութ-Վերին Շորժա հատվածում

Ամենամեծ կորուստը գրանցվել է Վերին Շորժայի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ուժերը վերահսկում են ավելի քան 49,5 քառ. կմ հայկական տարածք։ Այստեղ ներխուժումը տեղի է ունեցել երկու փուլով՝ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին, իսկ առաջխաղացման խորությունը տատանվում է մի քանի հարյուր մետրից մինչև 5 կմ։ Այս հատվածում հայկական տարածքի ներսում տեղակայված է ադրբեջանական մոտ 30 հենակետ։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի հարձակվեց 2022-ի սեպտեմբերին և գրավեց ավելի քան 75 քառ. կմ տարածք՝ Հայաստանի տարածքի մեջ խորանալով մինչև 7,5 կմ և գրավելով քաղաքին մերձ բարձունքների շղթան։ Այստեղ տեղակայված են ադրբեջանական մի քանի տասնյակ դիրքեր և ամրակայված հենակետեր։

Քարտեզում՝ Ջերմուկի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ներխուժումը. կարմիրով նշված են ադրբեջանական, կապույտով՝ հայկական մարտական դիրքերը

Սյունիքի մարզում ևս ադրբեջանական ներխուժումները տեղի են ունեցել 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին։ Այս ագրեսիաների հետևանքով Ադրբեջանը զբաղեցրել է ռազմավարական նշանակության բարձունքներ և տարածքներ՝ Ծղուկ-Սպանդարյան գյուղերի հյուսիսային շրջանի, Իշխանասար լեռան, Սև լճի, Ներքին Հանդի, Շիկահողի և մի շարք այլ հատվածներում։

Քարտեզում՝ Սյունիքի մարզի հյուսիսային հատվածում Ադրբեջանի ներխուժումը

Ծղուկ-Սպանդարյան գյուղերից հյուսիս ադրբեջանական վերահսկողության տակ է մոտ 17 քառ. կմ տարածք։ Ներխուժումը տեղի է ունեցել 2022-ի սեպտեմբերին Իշխանասարի ուղղությամբ լայնածավալ հարձակման շրջանակում։ Այստեղ առաջխաղացման խորությունը կազմում է մոտ 2 կմ, տեղակայված է առնվազն վեց ադրբեջանական հենակետ։

Իշխանասար լեռան շրջանում իրավիճակը բարդացել է ներխուժումների մի քանի ալիքների հետևանքով։ Այստեղ որոշ բարձունքներ ադրբեջանական ուժերը զբաղեցրել են 2021-ի մայիսին, իսկ 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ գրավվել են նաև հայկական դիրքեր և օկուպացրել հայկական տարածքներ։

Իշխանասարից հյուսիս ընկած առանձին հատվածում ադրբեջանական տասնյակ հենակետերի կողմից վերահսկվում է մոտ 7,2 քառ. կմ հայկական տարածք, իսկ առաջխաղացման խորությունը հասնում է մինչև 4 կմ։ Բուն Իշխանասար լեռան վրա Ադրբեջանը առաջխաղացում է ունեցել 3 կմ խորությամբ` վերահսկելով մոտ 3,5 քառ. կմ տարածք։

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Իշխանասարի և Սև լճի տարածք

Սև լճի շրջանում ներխուժումը տեղի է ունեցել 2021-ի մայիսին և այդ ժամանակվանից Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքը կազմում է 13,9 քառ. կմ։ 2025-ի հունիսին արբանյակային թարմացված լուսանկարները ցույց են տալիս, որ առաջխաղացման խորությունը հասնում է 3 կմ-ի, տեղակայված է առնվազն 13 ադրբեջանական մարտական դիրք։

Բացի այս, Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական ուժերը տեղակայվել են մոտ 300-500 մետր սահմանի խախտմամբ՝ փաստացի գրավելով մոտ 0,7 քառ. կմ տարածք Սյունիքի մարզից։

Քարտեզում՝ Ադրբեջանի վերահսկած տարածքները Տեղ և Կոռնիձոր գյուղերի հարակից հատվածում

Կապանից հարավ ընկած Ներքին Հանդ-Շիկահողի արգելոցի հատվածում Ադրբեջանը վերահսկում է 21,2 քառ. կմ տարածք։ Առաջխաղացումը տեղի է ունեցել առնվազն 2022-ի փետրվարից։ Տեղակայված են շուրջ երկու տասնյակ ադրբեջանական հենակետեր։ Այստեղ առաջխաղացման միջին խորությունը կազմում է մոտ 3 կմ, այդ թվում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ծառահատումներ են իրականացրել։

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Ներքին Հանդ -Շիկահողի արգելոցի ուղղությամբ

Սյունիքի մարզի արդեն Նախիջևանի հետ սահմանին՝ Սիսիանի Արևիս և Սալվարդ գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի զինված ուժերը առաջ են ՀՀ տարածքում 1,5 կմ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4,4 քառ. կմ և 3,5 քառ. կմ տարածքներ։

Քարտեզում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները Արևիս և Սալվարդ գյուղերի հարակից հատվածում։

Արարատի մարզի և Նախիջևանի սահմանին՝ Մ-5 միջպետական նշանակության ճանապարհի երկայնքով, Պարույր Սևակ և Տիգրանաշեն (Քյարքի) գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանը դեռ 1990-ականներից վերահսկում է մոտ 5 քառ. կմ տարածք, որտեղ տեղակայված է մարտական չորս դիրք՝ դե ուրե սահմանից մոտ 1 կմ ներս, որոնք զբաղեցնում են տարածքի բարձունքները։

Քարտեզում կարմիրով՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքը, կապույտով՝ Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը։

Սիմոնյանը հայտարարած թվերը «պայմանական բնույթ են կրել»

Ալեն Սիմոնյանից պարզաբանում էինք խնդրել, թե ինչ տվյալների հիման վրա է արվել հայտարարությունը՝ ադրբեջանական 110 քառ. կմ տարածքների հայկական վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ։

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից ստացված պատասխանում ասվում է. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից հիշատակված ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահի արած թվային մեջբերումները պայմանական բնույթ են կրում։ Ինչպես ԱԺ նախագահն է շեշտում իր խոսքում, դրանք ընդամենը ենթադրություններ են՝ արված պայմանական թվերով»։

Այսպիսով, բաց տվյալների և արբանյակային նկարների կիրառմամբ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի առնվազն 230 քառ. կմ ինքնիշխան տարածք, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ՝ Ադրբեջանի շուրջ 21 քառ. կմ տարածք։

The post Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով appeared first on CIVILNET.

#civilnetcheck #ադրբեջան #գլխավոր #թոփ #հայաստան #հարեւաններ #ճշտաչափ #մեծամասամբսխալ #քաղաքական #քաղաքականություն

imageԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
SoyArmeniosoyarmernio
2025-07-24

🧠 Cuando Le Monde y The Telegraph “hablan” como RIA Novosti. 🕵️‍♀️ Auroranews.am publica contenido manipulado por el Kremlin como si fueran traducciones directas. La propaganda rusa se cuela en la prensa armenia. soyarmenio.com/noticias-de-arm

2024-07-31

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Հուլիս 31, 2024

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

[](https://www.civilnet.am/feed/)

WhatsApp-ով արտերկրում գրանցված հեռախոսահամարներից ուղարկվող հաղորդագրություններում նշվում է, թե աշխատանքը շատ պարզ է, և դրանով կարելի է օրական 13 000-ից մինչև 785 000 դրամ վաստակել։

_Էկրանապատկերը՝ WhatsApp-ի հաղորդագրությունից
_

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչպես են գործում նման հարթակները և իրականում հնարավոր է արդյոք առանց որևէ հմտության մեծ գումարներ վաստակել դրանց միջոցով:

Առցանց խաբեության մեխանիզմը

Մենք նույնպես դիմեցինք այս «աշխատանքին»։ Աշխատանք առաջարկողները շփումը WhatsApp-ից տեղափոխեցին Telegram՝ նշելով, որ աշխատանքները այնտեղ են կատարվելու։
Պարզվեց՝ գումար աշխատելու համար պետք է իրենց ուղարկած կայքում «eBay հաշիվ բացել և պատվերներ գրանցել»՝ այդպիսով իբր միջնորդավճարներ ստանալ գրանցված պատվերներից։

Ուղարկված bananaa.top կայքը, որտեղ պետք է գրանցեինք պատվերները, իրականում կեղծ կայք է, որը նմանակում է հանրահայտ eBay հարթակին։

Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

eBay-ին նմանակող կեղծ կայքում պարզ առաջադրանքները կատարելուց հետո մեզ ուղղորդեցին Telegram-ի մեկ այլ օգտահաշիվ, որտեղ մեզնից պահանջեցին բանկային քարտի տվյալներ՝ «աշխատած գումարը» փոխանցելու համար։

Որոշ ժամանակ անց իսկապես 2800 դրամ փոխանցվեց քարտին: Սակայն հետագայում հայտնեցին, որ հաջորդ վճարումը ստանալու համար անհրաժեշտ է 10 դոլար միջնորդավճար փոխանցել: Այս գումարը փոխանցելուց հետո միջնորդավճարի չափը կտրուկ աճեց՝ հասնելով 82 դոլարի: Պնդում էին, որ այս գումարը փոխանցելուց հետո մեզ կվճարեն 170 000 դրամ շահույթը:

Ուշագրավ է, որ խաբեության համար օգտագործվում են հայաստանյան բանկային քարտեր։ Այսպես, միջնորդավճարը պահանջվում էր փոխանցել Նորիկ Հովհաննիսյան անունով անձի բանկային քարտին: Նույն քարտից էին կատարվում նաև վճարումները:


Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

Ըստ երևույթին, զեղծարարները օգտագործել են գողացված քարտ կամ գուցե իրենց հետ Հայաստանից աշխատող անձին են խնդրել գումար փոխանցել՝ վստահեցնելով, օրինակ, թե միջնորդավճար է փոխանցում։

Փորձագետը զգուշացնում է

Նման սխեմաները աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ խաբեբաները սկզբում իսկապես փոքր գումարներ են տրամադրում՝ վստահություն շահելու համար, այնուհետև փորձում են ավելի մեծ գումարներ կորզել: Որոշակի պահից սկսած, երբ անձը խոշոր գումար է փոխանցում, զեղծարարները անհետանում են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նման սխեմաների հիմնական դերակատարները ռուսներն ու ուկրաինացիներն են: Նրա խոսքով՝ խաբեբաները հաճախ անհատական մոտեցում են ցուցաբերում՝ կախված զոհի ներդրած գումարի չափից:

«Կարծում եմ՝ մի քիչ անհատական են մոտենում՝ տեսնելով, թե մարդն ինչքան փող է ներդնում: Օրինակ, կան մարդիկ, որ մի քանի հարյուր դոլար են կորցրել, իսկ ոմանք՝ մի քանի հազար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նաև զգուշացրեց, որ հետագայում խաբեբաները կարող են դիմել ագրեսիվ շանտաժի՝ պնդելով, թե զոհը խախտել է պայմանագիրը, նրան սպառնում են դատական հայցով կամ ձերբակալությամբ:

Այսպիսով, առանց որևէ հմտության օրական մեծ գումարներ աշխատելու առաջարկները, որքան էլ գրավիչ թվան, իրականում հաճախ խաբեություններ են: Կարևոր է զգոն լինել նման առաջարկների հանդեպ և անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ:

The post Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #փաստերով

image
2024-07-29

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։

FB գրառում

Հուլիս 26, 2024

Պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով՝ պարզապես գոյացության վրա աղ քսելով։****

[](https://www.civilnet.am/feed/)

«Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ:

Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով:

Էկրանապատկերը՝ կեղծ գրառմանը կցված կայքից

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի և գորտնուկների առաջացման:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ Բրիջիտա Սիմոնյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ աղով բուժումը միֆ է:

«Բուժել չի նշանակում, որ դա թափվեց մաշկի մի մասում, ուրեմն բուժվեց։ Եթե մարդու օրգանիզմում կան պապիլոմա վիրուսի 6 և 11 շտամեր, ինքն անընդհատ առաջանալու է՝ մաշկի վրա, սեռական օրգանների, արտաքին մասերում, տարբեր մասերում ։ […] Դա չի վերանում, մի ուրիշ տեղ է առաջանում»,- բացատրեց մասնագետը:
Փաստացի՝ պապիլոմա վիրուսով վարակված մարդուն հնարավոր չէ բուժել, բայց հնարավոր է հիվանդության առաջացումը կանխարգելել պատվաստման միջոցով: Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվճար է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի որոշման։

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 26 000 քաղաքացի։

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գոյացություններին, դրանք հնարավոր է վերացնել կոսմետիկ միջոցներով, սակայն արդյունքը ժամանակավոր է լինելու, քանի որ, ինչպես նշվեց, Մասնագետի խոսքով՝ եթե օրգանիզմում առկա են վիրուսի որոշակի շտամեր, գոյացությունները կրկին կառաջանան այլ հատվածներում:

Այսպիսով, ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ աղի միջոցով պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գորտնուկների բուժման վերաբերյալ։ Իսկ կոսմետիկ եղանակով դրանց հեռացումը ժամանակավոր լուծում է։

The post Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է appeared first on CIVILNET.

#civilnetcheck #առողջապահություն #թոփ #լրահոս #ճշտաչափ #սխալ

imageFB գրառում
2023-09-21

Թաղավարդում բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։

Բնակիչները նշել են, որ ադրբեջանական հարձակման ժամանակ ստիպված են եղել դուրս գալ գյուղից, հաստատվել են հարակից գյուղերում, սակայն հրադադարից հետո որոշները վերադարձել են Թաղավարդ։

«Մարտունու շրջանն ամբողջությամբ գտնվում է մեկուսացման մեջ, առկա է կապի խնդիր։ Այնպես որ պետք չի կապ չհաստատելու դեպքում խուճապային ալիք տարածել տարբեր բնակավայրերի վերաբերյալ»,- գրել է Խանումյանը։

The post Թաղավարդում բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #արցախ #լրահոս

2023-09-21

Մարտակերտը՝ շրջափակման մեջ. բնակիչները սպասում են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Սեպտեմբերի 20-ին տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտակերտի քաղաքի բնակչությունը տարհանվել է։ Ժամեր անց, սակայն, #CivilNetCheck-ին տեղի բնակիչներից հայտնեցին, որ թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ տարհանում է լինելու, սակայն հետո չեղարկվել էր։

Մարտակերտցի Անուշ Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ շարունակում են մնալ Մարտակերտում։ Երեկ հայտարարված հրադադարից հետո քաղաքում հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։

«Այս պահին սպասում ենք հասկանանք ինչ ենք անելու։ Մարտակերտն ընդհանուր շրջափակման մեջ է, նույնիսկ հնարավորություն չունենք սեփական ուժերով դուրս գանք և հասնենք օդանավակայան։ Չգիտեմ ինչի ենք սպասում, ինչքան ենք սպասելու»,- հայտնեց Անուշը։

Մարտակերտի հիվանդանոցից էլ մեզ հայտնեցին, որ այս պահին բուժմիավորումում 6-7 վիրավոր կա, որից մեկի վիճակը ծանր է։ Սակայն վիրավորներին էլ քաղաքից էվակուացնելու հնարավորություն չկա։ Հիվանդանոցում էլ բոլորը սպասողական վիճակում են։

The post Մարտակերտը՝ շրջափակման մեջ. բնակիչները սպասում են appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս

2023-03-16

Հայաստանում լրտեսական ծրագրեր կա՞ն. ինչ են վկայում տվյալները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցի մասին՝ հայտնելով, որ դրանում նշվել է, թե Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է կիրառել իր ընդդիմախոսներին գաղտնալսելու համար։

«Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար…»,- ասաց լրագրողը և կրկնեց, որ այդ տեղեկությունը Freedom House-ն է հրապարակել։

Ի պատասխան վարչապետ Փաշինյանը զարմանք հայտեց՝ գաղտնալսելու մասին տեղեկությունը անհեթեթ որակելով։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Freedom House-ի զեկույցը, ինչպես նաև առկա տեղեկությունները, փորձագիտական կազմակերպությունների զեկույցները՝ փորձելով հասկանալ, թե ինչ փաստեր այդ մասով։

Freedom House-ն ընդամենը հղում է արել կիբերանվտանգության վերաբերյալ զեկույցներին, սակայն փոքր ինչ աղավաղել է բովանդակությունը ****

Freedom House-ը չի պնդել և չի արձանագրել Հայաստանի կառավարության կողմից լրտեսական ծրագրերի օգտագործում, այլ իր «Ազատությունը աշխարհում 2023» զեկույցում հղում է արել Google, Meta և Citizen Lab կազմակերպությունների կիբերանվանգության վերաբերյալ նախկինում հրապարակված զեկույցներին։

Մասնավորապես, Freedom House-ն իր զեկույցում վկայակոչել է 2021-ի դեկտեմբերին հրապարակված Meta և Citizen Lab կազմակերպությունների միասնական հետազոտության զեկույցները՝ նշելով, որ դրանցում իբր պնդում է արվել, թե «Հայաստանի իշխանությունները վճարել են հյուսիսմակեդոնական Cytrox ընկերության ստեղծած Predator լրտեսող ծրագրերի օգտագործման համար» և կիրառել այն լրագրողների, այլախոհների և իրավապաշտպանների լրտեսելու համար։

Նախ պետք է նշել, որ ընկերությունն 4-5 տարի է, ինչ հյուսիսմակեդոնական չէ, այլ պատկանում է Իսրայելի հետախուզությունում 24 տարի ծառայած նախկին սպա Թալ Դիլիանին, մտնում է Intellexa ընկերությունների ալյանսի մեջ և տեղակայված է Կիպրոսում։

Բացի այդ, Meta-ի և Citizen Lab-ի զեկույցներում միայն նշված է, որ հետազոտության արդյունքում Predator լրտեսական ծրագրի շահագործողների հավանական հետք է հայտնաբերվել Հայաստանում (ինչպես նաև՝ Եգիպտոսում, Հունաստանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կոլումբիայում, Կոտ դ 'Իվուարում, Վիետնամում, Ֆիլիպիններում, Գերմանիայում, Հունաստանում, Ինդոնեզիայում, Մադագասկարում և Սերբիայում): Այսինքն՝ այդ երկներում կարող են տեղակայված լինել Predator ծրագրի գնորդ-հաճախորդները (օրինակ` երկրների հատուկ ծառայությունները):

Հիշատակված զեկույցներում Հայաստանի իշխանությունների կողմից Predator լրտեսական ծրագիրը գնելու կամ ծրագրից օգտվելու համար վճարման մասին որևէ պնդում չկա։ Նշված է, սակայն, որ դրանք օգտագործվել են նաև հայաստանյան լրագրողների և քաղաքական գործիչների դեմ՝ առանց հստակեցման, թե ով կամ որ երկիրն է եղել պատվիրատուն։

Freedom House-ը նաև նշել է, որ 2022-ի մայիսին Google Threat Analysis Group-ը (TAG) իր զեկույցում Հայաստանի կառավարությունը կապել է Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ՝ լրագրողների, այլախոհների և իրավապաշտպանների թիրախավորման համար:

Իրականում, 2022-ի մայիսին Google TAG-ի հրապարակած զեկույցում պնդում չի արվում, որ ՀՀ կառավարությունն է օգտագործել Predator ծրագիրը Հայաստանում այլախոհներին թիրախավորելու համար։

Իր զեկույցում Google TAG-ը հղում է արել ավելի վաղ Citizen Lab կազմակերպության արված հետազոտության եզրակացություններին և գնահատական հնչեցրել, որ «կառավարությունների աջակցությունը վայելող սուբյեկտները», որոնք ձեռք են բերել ծրագրերը, հավանաբար գործում են նշված երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Եվ չնայած մշտապես օգտագրծվում է «հավանական» (likely) բառը, ենթադրությունները, որ հարձակումների պատվիրատուն Հայաստանի կառավարությունն է, կարող են հիմնավոր լինել։

Բանն այն է, որ հետազոտողները Predator լրտեսող ծրագրերի սերվերների ինտերնետ-սկանավորում են անցկացրել և գտել են IP հասցեներ նաև Հայաստանում, որոնք ըստ հետազոտողների գնահատման՝ ամենայն հավանականությամբ հենց լրտեսական ծրագրի հավանական հաճախորդներ են։

Շատ ավելի վաղ՝ 2021-ի հուլիսին հրապարակված զեկույցում Google TAG-ը հայտնաբերել էր, որ առնվազն 2021-ի փետրվարից նմանատիպ ձեռագրով վարակումներ են իրականացվել Հայաստանում իրական լրատվական կայքերին նմանակող հղումներով, որոնք առնչվում էին թիրախավորված օգտատերերին։


Հետազոտողները առանձնացրել են լրատվամիջոցների կայքերին նմանակող հղումները, որոնցով վարակման փորձեր են կատարվել.

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ լրտեսական նման ծրագրերը շատ թանկ արժեն։ Այսպես, նախորդ տարի արտահոսած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Intellexa (Cytrox) ընկերությունը 8 մլն եվրոյով է վաճառում Predator լրտեսական ծրագրի փաթեթը, որը թույլ է տալիս վարակել մինչև 10 Android կամ IOS համակարգով աշխատող սմարտֆոն։

Կարևոր է նաև, որ լրտեսական ծրագրի արտադրողի՝ Cytrox ընկերության բիզնես գործունեության բնութագրում նշված է, որ այն նախատեսված է կառավարություններին «օպերատիվ կիբեր լուծումներ» տրամադրելու համար։ Սակայն դժվար է պնդել, թե ընկերությունը իսկապես միայն պետություններին է ծրագիրը վաճառում։

Պետք չէ բացառել նաև, որ վարակումները կարող են տեղի ունենալ այլ երկրների իշխանությունների կողմից, ինչի մասին նշում են նաև Microsoft-ի մասնագետները։ Citizen Lab-ի զեկույցում երկու դեպք է նկարագրված, որտեղ Predator լրտեսող ծրագրով վարակվել են Եգիպտոսի ընդդիմադիր գործիչներ, որոնցից մեկը բնակվել է Թուրքիայում, մյուսը՝ անհայտ երկրում։

Ի՞նչ է հայտնի Predator լրտեսական ծրագրի մասին

Cytrox ընկերության Predator լրտեսական ծրագիրը որևէ կապ չունի ավելի վաղ Հայաստանում տասնյակ քաղաքական և հանրային գործիչների բջջայինները վարակած Pegasus լրտեսական ծրագրի հետ, որը պատկանում է իսրայելական NSO Group ընկերությանը։ Pegasus-ը օգտագործվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, և վարակումների զոհերի թվում կան իշխանամետ և ընդդիմադիր գործիչներ, նաև՝ հայաստանյան ռազմական վերնախավի և կառավարության ներկայացուցիչներ:

Ինչ վերաբերում է իսրայելական Predator-ին, ապա հետազոտությունների համաձայն՝ ծրագրով զոհերին վարակում են՝ օգտագործելով երկրում հայտնի լրատվական կայքերի հղումների նմանակումները կամ այլ կարճ հղումներ, որոնք ուղարկվում են զոհին մեսինջերներով կամ էլեկտրոնային հասցեով։ Հատկանշական է, որ վարակումից առաջ զոհերը ստուգվում և նույնականացվում են, այսինքն՝ ի տարբերություն հասարակ վիրուսների, վարակումները թիրախային են։

Մասնագետների պնդմամբ՝ Predator-ով վարակվելու համար պետք է որոշակի գործողություն կատարել՝ որպես կանոն անցնել ձեզ ուղարկված կեղծված հղումով՝ ի տարբերություն Pegasus-ի, որը կարող է վարակել սմարթֆոնը առանց զոհի մասնակցության։

Այսպիսով, փորձագիտական կազմակերպությունների զեկույցներում հստակ նշված չէ, թե ով է կանգնած Հայաստանում լրտեսական ծրագրերով վարակումների հետևում։ Հիմնավոր կասկածներ կան և՛ երրորդ երկրների կառավարությունների, և՛ հայաստանյան իշխանությունների վերաբերյալ և հստակ որևէ բան պնդել հնարավոր չէ։

The post Հայաստանում լրտեսական ծրագրեր կա՞ն. ինչ են վկայում տվյալները appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #հասարակություն

2022-05-27

«Քաղաքական գնահատական էր». Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պնդելով, թե Հայաստանում ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր, Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար»,- գրել էր Ղազինյանը՝ հավելելով, որ թալանը ապացուցված է։

Ղազինյանի գրառումը տարածել էին՝ panorama.am, kentron.am, presstime.am, mamul.am, azg.am, hraparak.am և այլ լրատվականներ։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տարատեսակ խոսակցություններ և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների և դրանց ծախսի վերաբերյալ։

2021-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ստեղծվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում Արթուր Ղազինյանը ընդգրկված չէ, սակայն այնտեղ են «Հայաստան» խմբակցության երեք այլ պատգամավորներ՝ Թադևոս Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հանձնաժողովի նախագահն է։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ փուլում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրությունը և ինչպես է հիմնավորում Ղազինյանը իր պնդումները։

Ղազինյանը պարզաբանում է՝ «գնահատականը քաղաքական էր»

CivilNetCheck-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ «ամենամեծ ու ապացուցված թալանի» մասին պնդումը «քաղաքական գնահատական է եղել և անցկացված աուդիտով չի հաստատվել»։

«Դա քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է։ Ես գիտեմ՝ իրավական գնահատականը կապացուցի։ Աուդիտը անցել է, աուդիտով չի հաստատվել։ […] Որևե ձև չի հասկացվել, թե ինչի վրա է ծախսվել, որի իրավունքը նախ չունեին փոխանցելու։ Հիմնադրամից գումար են տարել»,- հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ գումարների ծախսման ուղղությունները և նպատակները դեռ պետք է ապացուցվեն։

Լուսանկարը` parliament.am

Ըստ Ղազինյանի՝ հիմնադրամի գործունեությունը մշտապես աուդիտի է ենթարկվում, սակայն հիմնադրամից գումարների՝ պետբյուջե փոխանցվելու դեպքում միջոցները անվերահսկելի են դառնում՝ խառնվելով ընդհանուր ծախսերի մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույն օրը՝ մայիսի 15-ին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ղազինյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։

«Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք»,- գրել էր Պապոյանը։

Արծվիկ Մինասյանը՝ հանձնաժողովի աշխատանքի մասին

Արծվիկ Մինասյանը CivilNetCheck-ի հետ զրույցում պնդեց, թե իշխանությունները խոչընդոտել են քննիչ հանձնաժողովի գործունեությունը՝ խուսափելով տրամադրել բյուջեի կոնկրետ ուղղություններով համապատասխան տեղեկատվությունը։ «Ամեն ինչ անում են, այն ժամանակ էլ, հիմա էլ, որ այդ հարցերի պատասխանները չտրվեն»,- նշեց Մինասյանը։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը կրկին պնդեց, թե հիմնադրամի գումարները անօրինաբար են փոխանցվել բյուջե։

«Մի օրինակ բերեմ՝ ասում ենք տվեք, թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա են գնացել դրանք, իրենք մեզ պատասխանում են՝ ռազմական դրության ծախսերը ուսումնասիրեք։ Իսկ դրանց մեծությունը շատ ավելի մեծ է։ Երբ մենք ասում ենք՝ չէ, մեզ տվեք կոնկրետ հիմնադրամի միջոցների ծախսը ․.․»,- հայտնեց Մինասյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չեն երկարաձգում ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որը շուտով կսպառվի, Մինասյանը հայտնեց, որ ցանկացած պահի հանձնաժողով կարող են կրկին կստեղծել, քանի որ հանձնաժողովը իրավունքի ուժով է ստեղծվում. «Եթե վերադառնանք խորհրդարան, անպայման այդ հարցը լուծելու ենք»։

Հատկանշական է, որ նախորդ տարի՝ քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ Մինասյանը արտահայտվել էր այն անձանց մասին, որոնք մտադրաբար մսխում են հիմնադրամի հեղինակությունն ու պատիվը։

«Եթե կան այդպիսի անձինք, որոնք փորձել են կամ մտադիր են եղել, կամ գործադրել են ջանքեր մսխելու «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը, պատիվը, համբավը կամ անվստահություն են սերմանել, ապա պետք է կարողանանք այդ ամենին սպառիչ պատասխան տալ»,- ասել էր Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը զրույցում հրաժարվեց մեկնաբանել Ղազինյանի հայտարարությունը՝ պատճառաբանելով, որ լրագրողների հետ զրույցում արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը։

Ժամանակագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարությանը՝ Ֆինանսների նախարարությանը, նվիրատվության ձևով փոխանցել էր 52,7 մլրդ դրամ (մոտ 107 մլն դոլար) գումար:

2020 դեկտեմբերին նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պահանջել էր աուդիտ անցկացնել։ Հայտարարությունից ամիսներ անց ստեղծվել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբ, որը միջազգային աուդիտորական ընկերության հետ պետք է օգտագործված միջոցների ուսումնասիրություն անցկացներ։

Հաջորդ տարի՝ 2021-ի հոկտեմբերին, ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հիմնադրամի խորհրդի 2021-ի դեկտեմբերի հայտարարության համաձայն՝ անցկանցվել էր արտաքին աուդիտ, սակայն օրենսդրական սահմանափակումների պատճառով խոչընդոտել են բյուջեից ծախսված գումարների փաստաթղթերի ուսումնասիրությունը։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը 2022-ի մայիսի 25-ին հայտնել է, որ պետբյուջե փոխանցված միջոցների ծախսի ուսումնասիրությունը կատարում է Հաշվեքննիչ պալատը՝ ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի դիմումի հիման վրա։

«Հաշվեքննությունը նախաձեռնվեց դեկտեմբեր ամսվա ընթացքում, և պետք է ավարտվի մինչև հունիս ամսվա վերջ»,- ասել էր Արշամյանը։

The post «Քաղաքական գնահատական էր». Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

2022-05-24

Չիրականացած գուշակություններ և փուչ խոստումներ. «Շաբաթվա ֆեյքերը»

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է լրատվամիջոցների և քաղաքական գործիչների՝ ապագային վերաբերող այն պնդումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։

The post Չիրականացած գուշակություններ և փուչ խոստումներ. «Շաբաթվա ֆեյքերը» appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #հայաստան #շաբաթվաֆեյքերը

2022-05-24

ԵՊՀ-ից և ԿԳՄՍՆ-ից հերքում են աշխատակիցների ազատման մասին լուրերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվականներում և սոցիալական ցանցերում մայիսի 12-ին տեղեկություն տարածվեց, թե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել՝ «չցանկանալով աշխատել դավաճանական իշխանությունների հետ»։

Տեղեկության աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀԿ-ական Արթուր Թովմասյանն է։

Նույնաբովանդակ տեղեկություններ են հայտնել նաև ընդդիմության երկու պատգամավորներ․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնել է, թե իր տեղեկություններով «կարմիր բերետավորներից» (ՊՊԾ 3-րդ գումարտակ) մի քանի հոգի ազատման դիմում է գրել։ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ նույնիսկ ազատված ոստիկանների անուններ էր տվել՝ հայտնելով, թե բազմաթիվ ոստիկաններ դուրս են գալիս համակարգից։

«Ինձ փոխանցեցին, որ մայոր Խաչիկ Թովմասյանը, որը կարմիրբերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից։ Նաև ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը՝ կրկին ոստիկանության աշխատող, հրաժարվել է այլևս կատարել այս խելագարի հրահանգները, դիմում է գրել և դուրս եկել համակարգից»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։

Ոստիկաններից մեկը «ազատվել էր» նաև 2020-ին «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերի ժամանակ

Մայոր Խաչիկ Թովմասյանի (նրա անունը հնչեցրել է Սաղաթելյանը) աշխատանքից ազատման մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել դեռ 2020-ի դեկտեմբերին՝ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ցույցերի ժամանակ։

Ավելին, ըստ ոստիկանության 2022-ի մայիսի 14-ի հաղորդագրության, Խաչիկ Թովմասյանը և Նարեկ Հարությունյանը շարունակում են մնալ ոստիկանական համակարգում, և նրանց կողմից ազատման դիմումներ չեն ստացվել։

Միևնույն ժամանակ, ոստիկանությունից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ ապրիլի 15-ից մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում ծառայությունից ազատվել է 85 ոստիկան։

Մեծ թվով ոստիկանների ազատման դիմումների մասին տեղեկությունը մայիսի 18-ին մեկնաբանել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ որպես հիմնավորում բերելով ոստիկանների՝ քննչական կոմիտե և հակակոռուպցիոն կոմիտե տեղոփոխվելը։

«Ըստ էության դրանք տարրական, շատ տարրական մանիպուլյացիաներ են։ […] Այո, ոստիկանությունից դուրս եկող անձինք կան, որևէ մեկը չի թաքցնում, դա մշտական պրոցես է։ Ի դեպ, նշեմ՝ այս պահից արձանագրենք, որ տարեվերջին ունենալու ենք ոստիկանությունից ավելի շատ դուրս եկող մարդիկ, քան նախորդ տարի, բայց կան դրա պատճառները»,- ասել էր Ֆիդանյանը։

ԿԳՄՍՆ-ն և ԵՊՀ-ն ևս հերքում են

CivilNetCheck-ը կապ հաստատեց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ, որը հերքեց համալսարանից դասախոսների ազատման դիմումներ ներկայացնելու մասին տեղեկությունները։

«Վերջին ազատումը սեփական դիմումի հիման վրա ազատում է եղել ապրիլի 15-ին՝ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Չոլաքյան Հակոբի կողմից։ Այդ օրվանից այս կողմ որևէ մեկը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ դեռևս մեկ ամիս առաջ դասախոսի ազատման դիմումը որևէ կապ չունի քաղաքական գործընթացների հետ։

ԿԳՄՍ նախարարությունից ևս հերքեցին աշխատակիցների կողմից ազատման դիմումների մասին տեղեկությունը:

«Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Սովորաբար լինում են դեպքեր, երբ մարդիկ ազատվում էլ են, բայց դա նորմալ երևույթ է՝ ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես։ Այն, ինչ որ պարոն Թովմասյանը նկատի ունի՝ չկա նման երևույթ»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մամուլի բաժնից։

Ըստ ԿԳՄՍ-ից ստացված գրավոր պատասխանի՝ ապրիլի 15-ից ազատվել է հինգ աշխատակից, որոնցից երեքը՝ իրենց դիմումի համաձայն, մեկը՝ տարիքի առավալագույն շեմը հատելու և ևս մեկը՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։

The post ԵՊՀ-ից և ԿԳՄՍՆ-ից հերքում են աշխատակիցների ազատման մասին լուրերը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2022-05-20

Շարմազանովը հիշել է Բոլթոնին, բայց սխալ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում խեղաթյուրել է 2018-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքեը:

«Մոռացե՞լ եք՝ Բոլթոնն եկավ Հայաստան, ասաց հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Մոռացե՞լ եք։ Էդ պատմական կաղապարները ո՞րն է։ Բոլթոնը ո՞ր երկրի պաշտոնյան էր։ Կարո՞ղ է՝ Ռուսաստանի կամ Իրանի։ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդական։ Մարդն ասաց պատմական կաղապարներից հայ ժողովուրդը պետք է հրաժարվի։ Իսկ որո՞նք են կաղապարները՝ դա եկեղեցին է, Արցախյան հիմնահարցը, ցեղասպանության միջազգային ճանաչումն է»,- ասել է Շարմազանովը 168.am-ին։

Ինչ է ասել Բոլթոնը

Ջոն Բոլթոնը, որը 2018-19 թթ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, Հայաստան էր այցելել 2018-ի հոկտեմբերին։ Այցելության շրջանակում նա հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանում Բոլթոնը հարցազրույց էր տվել «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին և հենց այդ հարցազրույցի ժամանակ օգտագործել «պատմական կաղապարներ» արտահայտությունը։

Ջոն Բոլթոնի հարցազրույցի ձայնագրությունը։ Հարցազրույցի անգլերեն սղագրությունը հասանելի է ԱՄՆ դեսպանատան կայքում։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության և Հայաստանի ինքնիշխանության մասին հարցին Բոլթոնը պատասխանել էր.

«Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը, և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և ** չկաշկանդվել պատմական կաղապարներով** ։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։

Այսինքն` խոսքը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանն է վերաբերում, այլ ոչ թե Շարմազանովի թվարկած արժեքներին՝ եկեղեցի, Արցախ, ցեղասպանության միջազգային ճանաչում։ Սա ավելի պարզ է դառնում «Ազատության» հաջորդ հարցին Բոլթոնի պատասխանից։

Հարցին, թե որոնք են Ռուսաստանին այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար, Բոլթոնը պատասխանում է.

_«Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում` զենքի վաճառքի բնագավառում։ [ …] Մենք կարծում ենք, որ մեր [ռազմական] տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և _պատմական իրողությունների հետ կապված հարցերը , բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում»։

Այսինքն, Բոլթոնը «պատմական կաղապարներ» եզրույթը կիրառել է ժողովրդավարության և հատկապես դրա շնորհիվ ինքնիշխանության մակարդակի բարձրացման և տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցման համատեքստում, այլ ոչ թե եկեղեցու, Արցախի և ցեղասպանության հարցերում, ինչպես պնդել է Շարմազանովը։

The post Շարմազանովը հիշել է Բոլթոնին, բայց սխալ appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն

2022-05-19

Մարիա Կարապետյանը հղում է արել գոյություն չունեցող բանաձևի

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ազգային ժողովը մայիսի 18-ին հաղորդագրություն էր (արխիվացված) տարածել, որում նշվում, որ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը մայիսի 18-ին իտալացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արժևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը։

Այդպիսի բանաձև, սակայն, Իտալիայի խորհրդարանը չի ընդունել այս տարվա մարտին։

Երկու իտալացի պատգամավոր աջակցություն էին հայտնել մարտի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի դեկտեմբերին 26-ին, իտալացի խորհրդարանականները կոչ էին արել վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց։

Իտալիայի խորհրդարանի կողմից ռազմագերիների վերադարձը ամրագրող որևէ բանաձև չկա։ Այս մասին որևէ տեղեկություն չկա ինչպես Իտալիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում, այնպես էլ համացանցում։ ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, փորձեց հասկանալ, թե ինչ բանաձևի մասին էր խոսել Մարիա Կարապետյանը, սակայն վերջինս #CivilNetCheck-ի զանգերին չարձագանքեց։

The post Մարիա Կարապետյանը հղում է արել գոյություն չունեցող բանաձևի appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #բանաձև #իտալացիպատգամավորներ #հայռազմագերիներ #մարիակարապետյան

2022-05-19

Գնումների համակարգերում վրիպակները «քողարկում են» պայմանագրերը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Հանրային գնումների թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել։ Ավելին՝ Հայաստանը ստորագրել է մի շարք ծրագրեր ու փաստաթղթեր, որոնցով հանձնառություն է ստանձնել գնումների ընթացակարգերի բարելավումը։

Այսպես, կառավարությունը «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում պետք է իրականացներ գնումների համակարգը բարելավելու և պետական գնումներով զբաղվող մարմինների ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու աշխատանքներ։

«www.gnumner.am և www.armeps.am պաշտոնական կայքերը կկատարելագործվեն, որպեսզի առավել արդյունավետ գործեն և տրամադրեն ամբողջական տեղեկատվություն գնումների ընթացակարգերի վերաբերյալ»,- նշված էր շուրջ 10 տարի առաջ հաստատված ծրագրում, որը վաղուց արդեն պետք է իրականություն լիներ։

Սակայն այս երկու համակարգերը՝ և՛ gnumner.am-ը, և՛ armeps.am-ը, որոնց միջոցով միայն հնարավոր է մշտադիտարկել գնումները, արդեն տարիներ շարունակ գործում են բազմաթիվ տեխնիկական խնդիրներով, դրանք մատչելի չեն, ներկայացված տվյալները ամբողջական չեն, առկա են բազմաթիվ վրիպակներ, ինչն անհնար է դարձնում իրականացված գնումներից համալիր տվյալների ստացումը, հաշվետվողականության ապահովումը։

**Պայմանագրեր՝ անցած դարից **

Ըստ armeps.am համակարգի, օրինակ, Կադաստրի կոմիտեն 1901թ. «Բիգ պլաստ» ընկերությունից ձեռք է բերել տնտեսական, սանհիգիենիկ և լվացող միջոցներ։ Ոչ, ոչ թե մենք ենք սխալ գրել, հենց այդպես էլ նշված է գնումների համակարգում։

Թվում է՝ փոքրի վրիպակ է, սակայն դրա հետևանքով այս պայմանագիրը գտնելը գրեթե անհնարին է դառնում, քանի որ որոնելու դեպքում այն չի գեներացվի։

Սա միակ օրինակը չէ, նման մի քանի տասնյակ վրիպակներ կան, ինչը անհնարին է դառնում գնումների ամբողջական ուսումնասիրությունը։ Բացի այդ, համակարգի այս բացը կարող է օգտագործվել նաև հրապարակման համար «ոչ ցանկալի» պայմանագրերը թաքցնելու և այլ կամայականություննների համար։

Գնման առարկաների խառնաշփոթը

Գնումների համալիր ուսումնասիրությունը, գնված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համալիր մշտադիտարկումն անհնարին է դարձնում նաև Armeps.am կայքի որոնման համակարգում գնման առարկա դաշտում տվյալների ոչ միաձև լինելը։

Այսպես, միևնույն առարկան, ծառայությունը, աշխատանքը ներկայացված է տարբեր անուններով, առկա են տառասխալներ, ինչի հետևանքով անհնար է որևէ առարկայի մասով ստանալ ամբողջական տեղեկատվություն։

Փնտրման այլ ձև կիրառելիս, պարզում ենք, որ բազմաթիվ անգամներ որպես գնման առարկայի անվանում նշվել են թվեր, անհասկանալի տվյալներ, շատ դեպքերում պայմանագրի գումարը կամ ընտրված մասնակցի անունն է նշված գնման առարկայի դաշտում, ինչի հետևանքով դասակարգիչը կիրառելու դեպքում դրանք չեն գեներացվի։

Բացի այդ, խնդիր կա նաև մատակարարների դաշտում. նույն մատակարարի անունը մուտքագրված է տարբեր ձևերով, հնարավոր է որևէ տառի բացակայություն կամ սխալ, ինչի հետևանքով տվյալ մատակարարի հետ կնքված պայմանագիրը լինի ոչ հասանելի, ինչը կրկին անհնար է դարձնում ամբողջական տեղեկատվության ստացումն ու վերահսկողության իրականացումը։

Խնդիրներն այսքանով չեն վերջանում. փաստացի վրիպակներ առկա են գրեթե բոլոր բաժիններում և հիմնավոր կասկածներ կարող են լինել, որ համակարգի այս անկատարությունը կարող է օգտագործվել, օրինակ, «խնդրահարույց» պայմանագրերը «անհասանելի դարձնելու» համար։ Եվ այս բոլոր կետերն անհնարին են դարձնում ամբողջական ու ստույգ ուսումնասիրություն իրականացնելը։

Gnumner.am կայքում տեղեկատվություն գտնելն առավել դժվար է և շատ դեպքերում գրեթե անհնար։ Այստեղ չկա որևէ դասակարգիչ, անհնար է, օրինակ, ըստ պետական մարմնի, տարեթվի, ժամանակաշրջանի կամ մատակարարի գտնել պայմանագրեր։ Հատկանշական է, որ գնումների հետ կապված փաստաթղթերի մեծ մասը հենց այս համակարգում է տեղադրվում։ Եթե armeps.am-ում տեղադրված են միայն էլեկտրոնային գնումների հետ կապված տվյալները, ապա gnumner.am-ում են նաև թղթային եղանակով գնումները։ Սակայն, ինչպես նշեցինք, չկա որևէ զտման համակարգ։ Որևէ գնում գտնելու տարբերակը պայմանագրի ծածկագրով փնտրելն է, սակայն պայմանագրերի ծածկագրով գնումները փնտրելիս մեծամասամբ հնարավոր չի լինում գտնել դրանց հետ կապված փաստաթղթերը։

Նոր համակարգ է մշակվելու

Ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը CivilNetCheck-ի հետ հարցազրույցում նշում է, որ վերոնշյալ խնդիրներից որոշները տեղյակ էին, որոշներն էլ մեզնից են տեղեկանում, սակայն գործող համակարգերում այս պահին չեն կարող փոփոխություն անել։

«Armeps-ը 12 տարի առաջ մշակված համակարգ է, որը և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես մաշված է։ Դրա վրա ռեսուրս ծախսել նույնն է, ինչ նոր էլեկտրոնային գնումների համակարգ պատրաստել, դրա համար գնում ենք նոր էլեկտրոնային համակարգ ստեղծելուն»,- նշում է Շահնազարյանը՝ հավելելով, որ այն կլինի առավել մատչելի, ամբողջական և դյուրին օգտագործման մեջ։

Ըստ Շահնազարյանի՝ այն պետք է պատրաստ լինի 2023-ի վերջին։

Սակայն փաստացի դեռևս տասը տարի առաջ հանձնառած պարտավորությունը որևէ կառավարություն դեռ ամբողջապես կյանքի չի կոչել։ Պետական գնումներին էլ ուղղվում է հարկատուների գումարների՝ պետական բյուջեի մի մեծ հատված, և դրա ամբողջական թափանցիկությունը չի ապահովվում։

The post Գնումների համակարգերում վրիպակները «քողարկում են» պայմանագրերը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան

2022-05-19

Կապիտալ ծախսերի որ ծրագրերն են թերակատարվել 2021-ին

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ 2021-ին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ 100 տոկոս տարեսկզբի ծրագրվածի նկատմամբ։

«Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել»,- պնդել էր Փաշինյանը։ Նա հավելել էր, որ 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշն «աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217,8 միլիարդ դրամ»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն արդեն իսկ անդրադարձել է Փաշինյանի պնդումներին։ Տարեսկզբի նկատմամբ, իրոք, կապիտալ ծախսերը 100 տոկոսով իրականացվել էին, սակայն ճշտված պլանի համեմատ դրանց կապիտալ ծախսերի կատարումը 2021-ին կազմել էր 92 տոկոս։

Որ ծրագրերն են թերակատարվել կամ չեն կատարվել

CivilNetCheck-ը Ֆինանսների նախարարությունից ստացել է հավելյալ տեղեկություն 2021-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կատարման մասին՝ ըստ բյուջետային հատկացումների ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների։

2021-ին ընդհանուր առմամբ բյուջեով նախատեսված է եղել 216,3 մլրդ դրամի կապիտալ ծախս, հետագայում այն ճշտվել է և հասել 236,1 մլրդ դրամի։ Ի վերջո կատարվել է 217,8 մլրդ դրամը (92 տոկոսը)։

2021-ին որոշ ուղղություններով թերակատարումը եղել է զգալի։

Այսպես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակարանային շինարարության համար հատկացված 882 մլն դրամից միայն 348 մլն դրամի մասնաբաժինն է կատարել (գրեթե 40 տոկոսը)։

Հատկապես աչքի է ընկնում արդարադատության նախարարությունը, որի ընդհանուր շուրջ 3,4 մլրդ դրամ արժողությամբ ծրագրերից իրականացվել է միայն 410 մլն դրամը (12 տոկոսը)։ Օրինակ, ամբողջությամբ չի կատարվել «պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» ծրագիրը, որն ունեցել է 110 մլն դրամ արժեք։

Ընդհանրապես չեն կատարվել Հակակոռուպցիոն դատարանին վերաբերող երեք ծրագրերը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի տեխնիկական հագեցվածության ապահովում (148 մլն դրամ), Աջափնյակում՝ 15 հեկտար մակերեսով հողատարածքում, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովում (27,3 մլն դրամ) և Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում (20 մլն դրամ)։

Ընդամենը 25 տոկոսով է կատարվել «քրեակատարողական ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» ծրագիրը՝ 587 մլն դրամ արժողությամբ։ Չի իրագործվել նաև Արտարադատության նախարարության ամենամեծ՝ 1,7 մլրդ դրամ արժողությամբ «էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում» ծրագիրը։

Զգալի չափով թերակատարվել է բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) տեխնիկական հագեցվածության բարելավման 296 մլն արժողությամբ ծրագիրը։ Դրա 45 տոկոսն է իրականացվել միայն։ Իսկ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շենքային պայմանների բարելավում 200 մլն արժողությամբ միջոցառման միայն 28 տոկոսն է կատարվել։

Միայն 64 տոկոսով են կատարվել Կադաստրի կոմիտեի կողմից գրեթե 600 մլն դրամ արժողությամբ Հայաստանի տարածքի օդալուսանկարահանման օրթոֆոտոհատակագծերի և թվային բարձունքային մոդելի ստեղծման աշխատանքները:

Ընդամենը 29 տոկոսով են կատարվել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի շենքային ապահովվածության բարելավման ծրագիրը, որն ունի 146 մլն դրամ արժեք։

Էական թերակատարումներ կան որոշ ենթակառուցվածքների վերանորոգման համար հատկացված ծրագրերում։ Կիսով չափ է կատարվել Արարատ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագիրը (140,5 մլն դրամ) և ընդամենը 20 տոկոսով է կատարվել 100 մլն արժողությամբ Արփա-Սևան ջրային համակարգի վերազինում ծրագիրը։

Ընդամնեը 2 տոկոսով է կատարվել Սևան-Մարտունի-Գետափ հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգումը (62 մլն դրամ), 70 տոկոսով է կատարվել Արագածոտնի մարզում Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգումը (52 մլն դրամ), 55 տոկոսով Արարատի մարզի Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգումը (28 մլն դրամ) և 46 տոկոսով է կատարվել Արթիկի Սպանդարյան փողոցի ասֆալտապատումը (41 մլն դրամ)։

Զգալի չափով թերակատարվել են նաև առողջապահութան ոլորտի որոշ ծրագրեր։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարության հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում միջոցառումը (83,5 մլն դրամ) և Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգումը (73 մլն դրամ)։

Էականորեն թերակատարվել են նաև որոշ մշակութային և կրթական հաստատություններին ուղղված կապիտալ ծախսերը։ Հայաստանի պատմության թանգարանի վերանորոգման համար տրամադրված 108,5 մլն դրամից կատարվել է 61 տոկոսը։ Իսկ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման համար հատկացված 57,5 մլն դրամի՝ միայն 42 տոկոսը։ Վայոց Ձորում գտնվող Շատիվանքի վանական համալիրի ամրակայման, մասնակի վերականգման և տարածքի բարեկարգման համար հատկացված 4,5 մլն դրամից էլ միայն 60 տոկոսն է ծախսվել։

2022-ի պետական բյուջեով նախատեսվում է կապիտալ ծախսերը զգալի ավելացնել՝ դրանք հասցնելով 341,9 մլրդ դրամի։

The post Կապիտալ ծախսերի որ ծրագրերն են թերակատարվել 2021-ին appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան

2022-05-18

Գնումների մասին օրենքի փոփոխությունները. վտանգվա՞ծ է արդյոք մեկ անձից գնումների հաշվետվողականությունը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Գնումների մասին» օրենքի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները մի շարք հարցեր ու մտահոգություններ էին առաջացրել լրագրողների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների մոտ։

Ամենառիսկային՝ մեկ անձից գնումներին վերաբերող հոդվածներում մի շարք փոփոխություններ են իրականացվել, որոնց հաշվետվողականությունն ու թափանցիկությունը կասկածի տակ էին դրվել։

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունները հեղինակել է ֆինանսների նախարարությունը։ 2022-ի հունվարին այն հաստատել է Ազգային ժողովը։

Գնումների մասին տեղեկատվությունը՝ փաստաթղթերը, հրապարակվում են Gnumner.am և Armeps.am կայքերում։ Armeps.am-ում հրապարակվում են միայն էլեկտրոնային եղանակով իրականացված գնումները։ Դեռևս գործող կարգավորումներով՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունները գնումներն իրականացնում են թղթային եղանակով՝ ոչ էլեկտրոնային, ինչը դժվարացնում է այդ գնումների մշտադիտարկումը։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պարզաբանել է օրենքի փոփոխությունները։

Պայմանագիր կքնելու մասին որոշումը

«Գնումների մասին» օրենքի 10-րդ հոդվածը ներկայում պարտավորեցնում է պատվիրատուին գնումների տեղեկագրում հրապարակել պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարություն՝ անկախ կիրառված գնման ընթացակարգից։

Գործող կարգավորումներով ՝ մինչև վերջնական պայմանագիր կնքելը պատվիրատուն հրապարակում է հայտարարություն՝ մասնակցի հետ պայմանագիր կնքելու որոշման մասին։ Այն հրապարակվում է ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման, ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին և հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությանը ծանոթանալով և խախտումներ նկատելով՝ հնարավորություն էր տրվում բողոքարկել այդ որոշումը։

Հունիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններում (հոդված 4) նշվում է, որ մեկ անձից ընթացակարգով գնում կազմակերպելու դեպքում պատվիրատուն կարող է չհրապարակել պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը՝ բացառությամբ կառավարության սահմանած դեպքերի։ Սա խնդրահարույց է, քանի որ պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունները պարունակում են կարևոր տեղեկատվություն։

Սերգեյ Շահնազարյանը նշում է, որ չնայած ընդունված փոփոխություններին՝ պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունները, այնուամենայնիվ, հրապարակվելու են։

«Ներկայում կառավարության քննարկմանը ներկայացված օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտի նախագծով նախատեսված է, որ բոլոր դեպքերում դա պետք է հրապարակվի՝ անկախ կիրառված ընթացակարգից։ Այս շաբաթ արդեն կքննարկվի կոմիտեում»,- նշեց գնումների քաղաքականության վարչության պետը։

Ըստ Շահնազարյանի՝ օրենքով նման հնարավորություն նախատեսվել էր բնական մենաշնորհ (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) հանդիսացող գնումների մասով պատվիրատուներին չծանրաբեռնելու համար։ Բայցևայնպես այս գնումների մասով էլ ամբողջ տեղեկատվությունը շարունակվելու է հրապարակվել։

Կնքված պայմանագրի մասին հայտարարություն

Ըստ օրենքի (11-րդ հոդված)` պատվիրատուն պարտավորվում է տեղեկագրում հրապարակել կնքված պայմանագրի մասին հայտարարություն, որը փաստում է, որ տվյալ մասնակցի հետ կնքվել է վերջնական պայմանագիր։

Հունիսի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխություններով պատվիրատուն կնքված պայմանագիրը հրապարակում է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը՝ 1 միլիոն դրամը։ Սա ևս խնդրահարույց է, քանի որ հանգեցնում է հաշվետվողականության և կոռուպցիոն ռիսկերի։

Շահնազարյանի խոսքով՝ նման փոփոխություն արվել է` հաշվի առնելով, որ երբ գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը, այդ գնումներն արվում են մեկ անձից գնման ձևով և, որպես կանոն, նման գնումների ժամանակ գրավոր պայմանագրեր չեն կնքվում: Հետևաբար, ըստ նրա, նախատեսվել է, որ այդ դեպքում կնքված պայմանագրի հայտարարությունները չեն հրապարակվելու։ Ըստ նրա՝ այս դեպքում չի հրապարակվի կնքված պայմանագրի հայտարարությունը, սակայն կհրապարակվի պայմանագիր կնքելու հայտարարությունը, և փաստացի տեղեկատվության կորուստ չի լինի։

«Ունենք երկու դեպք, երբ հրապարակում ենք պայմանագիր կնքելու հայտարարություն և պայմանագիրը կնքելուց հետո հրապարակում ենք կնքված պայմանագրի մասին հայտարարություն։ Բոլոր դեպքերում պայմանագիր կնքելու հայտարարությունները հրապարակվելու են, իսկ այն դեպքերում, երբ արդեն գործարքը կատարված է ու օրինակ հաշիվ ֆակտուրայով, այդ դեպքում կնքված պայմանագրի հայտարարությունը չի հրապարակվի»,- բացատրում է Շահնազարյանը՝ հավելելով, որ գնումների հսկողության գործառույթների ապահովման տեսանկյունից որևէ փոփոխություն չի կատարվել։

Դիտարկմանը, որ լրագրողների և քաղաքացիական հանրության համար գնումների մոնիթորինգի հիմնական աղբյուր armeps.am կայքում շատ դեպքերում համայնքային կառույցների ու համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունները գնումները չեն հրապարակվում, Շահնազարյանը նշեց, որ այդ խնդիրը կլուծվի 2023-ի վերջին, երբ գործարկվի էլեկտրոնային գնումների նոր համակարգը և բոլորը անցում կատարեն էլեկտրոնային գնումներին։

Ըստ նրա՝ գնումների 70-80 տոկոսն արդեն իսկ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ մյուսներն արդեն կընդգրկվեն նոր համակարգի գործարկմանը զուգահեռ։

The post Գնումների մասին օրենքի փոփոխությունները. վտանգվա՞ծ է արդյոք մեկ անձից գնումների հաշվետվողականությունը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #հայաստան #տնտեսություն

2022-05-17

Կորոնավիրուսի՞, թե՞ պատերազմի մահեր․ Շաբաթվա ֆեյքերը

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է, թե ինչպես խեղաթյուրվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի բովանդակությունը։

The post Կորոնավիրուսի՞, թե՞ պատերազմի մահեր․ Շաբաթվա ֆեյքերը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #առողջապահություն #թոփ #լրահոս #հայաստան #շաբաթվաֆեյքերը

2022-05-17

Ապատեղեկատվություն՝ երեք քայլով. ինչպես Փաշինյանը «չհանդիպեց» Պուտինին

Հայկ Հովհաննիսյան, CivilNetCheck

Մայիսի 16-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հետ փոխկապակցված Yerkir.am լրատվական կայքը գրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Լրատվամիջոցն այս պնդումը արել էր՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը, որը թվարկել էր նախատեսվող երկկողմ հանդիպումները և չէր նշել Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասին։

Այս հրապարակումը արտատպել էին ավելի քան մեկ տասնյակ լրատվական կայքեր՝ Mamul.am, Ipress.am, Hayeli.am, Kentron.am, Artsakh.news, Auroranews.am: Նույնանման հրապարակումներ եղան նաև ադրբեջանական կայքերում։

Ավելի ուշ՝ 19:30-ի սահմաններում, Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ Պուտին-Փաշինյան հանդիպում «չլինելուն»՝ վերլուծելով և ներկայացնելով դա որպես հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ։

Շարմազանովի գրառումն արտատպեցին մեծ լսարան ունեցող News.am, 168.am, 5tv.am, Lurer.com, Aysor.am, 24news.am լրատվական կայքերը։

Ավելի ուշ տարածվեց տեղադրվեց տեսանյութ և հաղորդագրություն, որից պարզ դարձավ, որ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին ոչ միայն գագաթնաժողովի ժամանակ, այլ նաև առանձին երկկողմ հանդիպման շրջանակում։ Այս մասին հաղորդագրություններ կան ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Պեսկովը իրոք լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե որ երկների ղեկավարների հետ է պլանավորված երկկողմ հանդիպումներ, սակայն Փաշինյանի մասին չէր նշել։

Սակայն փաստացի տեղի ունեցած հանդիպումից հետո էլ հայկական լրատվականները սխալ տեղեկություն պարունակող նյութը չեն փոփոխել, թարմացրել։ Իսկ Շարմազանովն իր գրառման մեջ չի նշել, որ հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։

The post Ապատեղեկատվություն՝ երեք քայլով. ինչպես Փաշինյանը «չհանդիպեց» Պուտինին appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն

2022-05-16

Սեռափոխման օրինագիծ չկա. հերքում են բոլորը

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

Ընդդիմադիր «Դիմադրության շարժման» մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը հայտարարել է, թե իբր օրենքի նախագիծ է մշակվել, որով թույլատրվելու է նույնասեռ ամուսնությունները, ինչպես նաև սեռափոխություն անելը։

«Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ՝ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնանան, և դա գրանցվելու է պետականորեն՝ գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը դրա վիրահատության համար տալու է 25 000 դոլար՝ որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդն այդ դեղերը ընդունի և ստանա 2 միլիոն դրամ դրա համար»,- ասել է Սրապիոնյանը։

Սրապիոնյանը Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ է և 2013-2018 թթ. եղել է սփյուռքի փոխնախարար։ Սրապիոնյանի խոսքերը տարածել են hraparak.am, mamul.am, zham.am, oragir.news կայքերը։

Որտեղի՞ց նման տեղեկություն

Պատրաստվող օրենքի նախագծի մասին լուրի սկզբնաղբյուրը Yerevan Today-ն էր, որը մայիսի 11-ին «Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով» վերնագրով նյութ էր հրապարակել։ Ըստ լրատվականի՝ դեռ փետրվար-մարտ ամիսներից արդարադատության և առողջապահության նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ «պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ, ավելին՝ նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»։

Երկու օր անց armdaily.am կայքը հրապարակեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հետ հարցազրույց, որում վերջինս պնդում է, թե իր ունեցած տեղեկություններով, սեռափոխության վիրահատության համար յուրաքանչյուր անձի կտրվի 25 000 դոլար, իսկ հորմոնալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար՝ 2,5 միլիոն դրամ։

Հերքումներ

Դեռ մայիսի 12-ին առողջապահության նախարարությունը հերքեց Yerevan Today լրատվականի պնդումները՝ այն բնութագրելով որպես սուտ։

«Նման թեմա չի քննարկվել և չի քննարկվում: Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցից պահանջում է ապատեղեկատվություն չտարածել և ՀՀ քաղաքացիներին շփոթության մեջ չգցել»,- ասվում էր նախարարության հաղորդագրությունում։

Տեղեկությունը #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց նաև արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը։ «Դա բացարձակ սուտ է»,- ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից ևս հերքեցին այս տեղեկությունը։ «ՄԻՊ գրասենյակը տեղյակ չէ և ներգրավված չէ նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը»,- հայտնեցին ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնից։

Մարինա Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ իրականությանը չհամապատասխանող և դավադրության տեսությունների ժանրի տեղեկություններ է տարածում։ Կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբում նա պնդում էր, թե վարակի առաջացման պատճառը 5G ցանցերն են։ Այնուհետև նա պնդում էր, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ազդելու է սեռականության վրա և այլն։

The post Սեռափոխման օրինագիծ չկա. հերքում են բոլորը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն

2022-05-11

Փուչ կանխատեսումներ․ պաշտոնյաներին ու մամուլին հիշեցնելով իրենց պնդումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվական կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ընդդիմադիրների՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կհայտարավի վարչապետի թեկնածու։

Մայիսի 9-ը եկավ, հանրահավաքը եղավ, սակայն Թաթոյանը ընդդիմության վարչապետի թեկնածու չհայտարարվեց։

_Լրատվամիջոցները և քաղաքական գործիչներն ու ուժերը հաճախ են հանդես գալիս ապագային վերաբերող պնդումներով, կանխատեսումներով ու խոստումներով, որոնք, սակայն, շատ դեպքերում իրականություն չեն դառնում։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ներկայացնում է վերջին ամիսներին տարածված մի շարք նման պնդումներ։ _

Թաթոյանի՝ ընդդիմության վարչապետ լինելու մասին տեղեկության աղբյուրը

Medianews.site կայքն էր։ Լուրն արտատպել էին Civic.am, Araratnews.am, Freenews.am, կայքերը ու ևս մոտ մեկ տասնյակ սունկ կայքեր։

Այս կայքերը փոխկապակացված են իշխանական տարբեր պաշտոնյանների, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Infocom.am-ը ծավալուն հետաքննությամբ ներկայացրել էր, թե ինչպիսին է այս կայքերի «համագործակցությունը»` մեկը գրում է՝ մյուսը տարածում։

Պատկերը՝ Infocom

Արման Թաթոյանը ևս հերքել էր իր՝ ընդդիմության վարչապետի թեկնածու լինելու մասին տեղեկությունները։

«Բացարձակ աբսուրդ է, հորինված ինֆորմացիա, կեղծիք, որն անգամ մեկնաբանության ենթակա չէ»,- նշել էր Թաթոյանը:

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չտվեց, իսկ Սերժ Սարգսյանը չհեռացավ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ փոխկապակցված «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 22-ին հայտնել էր, թե մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա։

Armlur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նաև պնդել էր, որ «Սահմանադրական դատարանը որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել»: Հակառակ սրա՝ մայիսի 6-ին ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավորումը։

Այս մասին հայտնեց նաև Armlur.am-ը, սակայն արդեն առանց հիշատակելու նախկինում արված կանխատեսումները։ Ջհանգիրյանը շարունակում է պաշտոնավարել։

Ապրիլի 20-ին «Հրապարակ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ասպարեզից հեռանալու հայտարարություն անել, և միաժամանակ «բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներից հերքել էին այս տեղեկությունը, իսկ երրորդ նախագահի կողմից նման հայտարարություն այդպես էլ չարվեց։ Մայիսի 1-ին մեկնարկած ընդդիմության հանրավաքներին պարբերաբար մասնակցում են և՛ Սարգսյանը, և՛ Քոչարյանը։

Հյուսիս-Հարավից մինչև սահմանազատման հանձնաժողով․ վարչապետ Փաշինյանի չիրականացած խոստումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտնել էր, որ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։

Աղբյուրը՝ primeminister.am

Մինչև այժմ, սակայն, հանձնաժողովի ստեղծման մասին հայկական կողմը չի հայտարարել։ Մայիսի 3-ին Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել էր, թե քննարկումները շարունակվում են, և հավանաբար մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-ին, արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը չմեկնաբանեց հանձնաժողովի ստեղծման մասին հարցը։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ՝ կառավարության փետրվարի 17-ի նիստում նաև հայտնել էր, որ հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ, որը տևելու է 70 օր։

«Այս պրոցեսը պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք արդեն գործնականում, և մնա միայն իրագործման փուլը»,- հավելել էր Փաշինյանը։

Թեև Փաշինյանի հայտարարած 70 օրը լրացել է ապրիլի 27-ին, սակայն մինչ օրս նախարոակավորման փուլը տեղի չի ունեցել։ Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախաորակավորման համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մոտ մեկուկես ամսով՝ մինչև հունիսի 9-ը։

Նաիրա Զոհրաբյանը «գրազը տարվեց»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2022-ի հունվարի 18-ին ահազանգել էր, թե իր տեղեկություններով առաջիկա ամիսներին Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։

«Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ՝ պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

Սողոմոն Թեհլիրյանի արձանը Մարալիկում․ Լուսանկարը՝ քանդակագործ Սամվել Պետրոսյանի

Այս հայտարարությունից շուրջ չորս ամիս անց Սողոմոն Թեհլիրյանի արձանը կանգուն է։ Արձանը հեռացնելու որևէ փորձ չի եղել։

Արմեն Սարգսյանը այդպես էլ չի վերադառնում

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին արտերկրից հայտնեց իր հրաժարականի մասին։ Երկու օր անց՝ հունվարի 25-ին, նախագահականի մամուլի ծառությունը նախագահի՝ այս մասին արտերկրից հայտնելը պատճառաբանել էր վերջինիս արտերկրում բժշկական հետազոտություն ստանալու անհրաժեշտությամբ։

«Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,- ասել էին նախագահականից։

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր մեկնելուց մոտ չորս ամիս անց նրա վերադարձի մասին տեղեկություն չկա։

The post Փուչ կանխատեսումներ․ պաշտոնյաներին ու մամուլին հիշեցնելով իրենց պնդումները appeared first on CIVILNET.

#civilnetcheck #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2022-05-11

Ո՞ւր է ռազմարդյունաբերական ձեռնարկությունը․ ՊՆ-ի ու ԲՏԱ նախարարության «պասերով խաղը»

_Թեև կառավարությունը հաճախ է խոսում հանրության հետ բաց և հաշվետու աշխատելու, տեղեկատվության ազատության վերաբերյալ, սակայն պետական գերատեսչությունները տեղեկատվություն տրամադրելիս հարցումները իրար «դաշտ են նետում»։ _

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ապրիլի 18-ին հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է դադարեցրել գործունեությունը «Լյուբավա Արմենիա» ընկերությունը, որի 50 տոկոսի սեփականատերը պաշտպանության նախարարությունն էր։

Հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում բացվել էր 2014-ին, զբաղվում էր ռազմական հանդերձանքի և սարքավորումների արտադրությամբ։ 2019-ին, սակայն, ընկերությունը գործունեությունը _դադարեցրել էր։ _

Սիվիլնեթի հարցին, թե ինչու է ընկերությունը դադարեցրել գործունեությունը, ՊՆ-ից հայտնել են, թե տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ կառավարության 2019-ի 1476-Ա որոշմամբ «ՉՏԳ Գրուփ» ՓԲԸ-ի (նախկին «Լյուբավա Արմենիա») պետական բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

CivilNetCheck-ը ընկերության գործունեության դադարեցման պատճառների վերաբերյալ նույնաբովանդակ հարցում ուղարկեց նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Այս գերատեսչությունից հինգ օր անց պատասխանեցին, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու պահին կառավարումն իրականացվել է պաշտպանության նախարարության կողմից։ «Առաջարկում ենք հայցվող տեղեկատվությունը ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն» ,- նշել էին նախարարությունից։

Այսպիսով, երկու գերատեսչությունները միմյանց վրա են «գցում», ինչը, փաստացի, անհնարին է դարձնում տեղեկատվության ստացումը։

The post Ո՞ւր է ռազմարդյունաբերական ձեռնարկությունը․ ՊՆ-ի ու ԲՏԱ նախարարության «պասերով խաղը» appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

image

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst