#%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84

2023-09-22

ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին

Սիրանուշի հետ երեք օր կապ չունեինք։ Նա Ստեփանակերտից գնացել էր իրենց գյուղ՝ Կարմիր Շուկա՝ Ադրբեջանի հարձակման նախօրեին։ Տառացիորեն այս տողերը գրելիս զանգեց։ Վատ էր լսվում։ Արցախի շրջաններում բջջային ցանցերը հարձակումից հետո խափանվել են։ Կապ գրեթե չկա։

Սիրանուշն ասում էր՝ ինքն ու ընտանիքը ողջ-առողջ են, կողքի գյուղ են տեղափոխվել։ Կարմիր Շուկան Արցախի ամենամեծ և բարեբեր գյուղերից է։ Ադրբեջանցիները գրավել են այն։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են՝ ով որտեղ կարողացել է։ Ստեփանակերտ եկող ճանապարհն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չեն կարող գալ քաղաք։

Հասմիկը Արցախի հյուսիսային Վաղուհաս գյուղից է։ Ադրբեջանցիները նրանց գյուղն էլ են գրավել։ Մեծ գյուղ է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են։ Վառելիք չկա, տրանսպորտ չկա։ Շատերը տասնյակ կիլոմետրեր ոտքով են անցել։

Հասմիկի եղբայրը զինծառայող է։ Երեք օր լուր չկար։ Վերջապես լուր եկավ։ Ողջ առողջ է։

Սիրանուշն ու Հասմիկը ՍիվիլՆեթի Ստեփանակերտի թիմից են։

Նրանց մյուս թիմակիցը 17-ամյա Անին է, թիմի ամենաերիտասարդ աշխատողը՝ ԹՈՒՄՈ-ի սան։ Անիին գտանք ու աշխատանքի ընդունեցինք, երբ ՍիվիլՆեթը անցյալ տարի ԹՈՒՄՈ Ստեփանակերտի հետ կրթական ծրագիր էր անում։ Երևանում ընդունվել է համալսարան։ Չէր կարողանում գալ։ Տասն օր առաջ Կարմիր խաչի միջոցով վերջապես հասավ։ Ռեժիսուրա է ուսանելու։ Արդեն աշխատում է Երևանի մեր գրասենյակում։

Հայկը ՍիվիլՆեթի արցախյան թիմի ավագն է։ Սիրում է հետաքննություններ անել։ Բայց շրջափակումը, իսկ վերջին մի քանի օրերին արդեն պատերազմը թույլ չեն տալիս «շեղվել» ուրիշ բաների վրա։

Հայկի մայրը մահացավ շրջափակման ժամանակ։ Ծանր հիվանդ էր։ Չգիտեմ՝ դեղերն ինչպես էին հասցնում կամ ընդհանրապես կարողանում էին դեղ ճարել։

Հեռվում՝ Կարմիր Շուկա գյուղը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի, 2022-ի հուլիս։

Ասել, որ այս երիտասարդները դժվարություններ ունեն, նշանակում է չասել ոչինչ։ Ամեն օր ծանր տեխնիկան ուսներին կիլոմետրերով քայլում են ինչ-որ բան նկարելու համար։ Տրանսպորտ վաղուց չկա։

Կյանքը սարսափելի է դարձել Արցախում։ Եվ սարսափելի սուղ ու թանկ։ Մեր երեխեքը որևէ անգամ աշխատավարձի թեմա չեն արծարծել մեզ հետ։

60-հազարանոց Ստեփանակերտը 2020-ի պատերազմից հետո արդեն լուրջ խնդիր ուներ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին տեղավորելու։ Հիմա Արցախի մյուս շրջաններից քաղաք է եկել ևս մոտ տասը հազար հոգի։ Տխուր պատկեր է։ Շատերը փողոցներում են անցկացնում։

Հպարտ ու հյուրընկալ արցախցին դարձել է գաղթական՝ առանց անգամ գաղթելու իրավունքի ու հնարավորության․ բոլոր ճանապարհները փակ են։

Հայկը Ֆեյսբուքում գրել է, ասում է՝ մի քանի հոգու կարող է հյուրընկալել իր տանը։

Բայց ամենատխուր պատկերները փողոցներում չեն։

Մեր երիտասարդ ու կենսախինդ թիմը, որ պիտի կյանքի ու շարունակության

մասին նյութեր պատրաստեր, զօրուգիշեր տառապանքի ու մահվան մասին է պատմում արդեն տասը ամիս։

Հացի հերթ Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ։ 21-ը սեպտեմբերի, 2023։

Հարյուրավոր զոհեր, անհայտ կորածներ ու վիրավորներ։

Հիվանդանոցներում տեղ չկա։ Դեղ չկա։ Սնունդ չկա։ Լույս չկա։ Հույս չկա։

Դիահերձարանները լի են մարմիններով։ Լեփ-լեցուն սառնարանները կիսատ-պռատ են աշխատում․ էլեկտրաէներգիա չկա։ Մարմիններն այնքան շատ են, որ Մարտունիում, օրինակ, սպորտ-դահլիճում են դասավորել։

Բազմաթիվ մարմիններ էլ դեռ դաշտերում ու սարերում են՝ անհասանելի։

Հարյուրավոր ընտանիքներ օրերով լուր չունեն իրենց զինծառայող որդիներից, եղբայրներից ու հայրերից։

Արցախը սարսափելի ողբերգության միջով է անցնում՝ չակերտավոր քաղաքակիրթ աշխարհի խրոխտ կոչերի ու անձեռնհաս Մայր Հայաստանի անտարբերության ներքո։

Մղձավանջը չունի սկիզբ ու վերջ։

Չափից ավելի է ու չափից ավելի անարդար է մեր երիտասարդ թիմի ու Արցախի ժողովրդի համար։

The post ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #սյունակներ

image
2022-05-25

Իննսունականների երևանյան տրամվայի չխկչխկոցը

Հատված Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» գրքից ։

Կարմիր տրամվայը պատերազմի ժամանակ ներսի լույսերը անջատած էր իջնում։ Ներսում ցուրտ էր լինում ձմռանը։ Ձմռանն ամեն տեղ ցուրտ էր, նույնիսկ վառած վառարանի մոտ, որին վերջերս կապած կարճ պարանին չորանում էին կոշիկների ներսի մահուդի ինքնաշեն թաց ներբանները։ Իննսունականների ամառ-գարուն ամիսներին տրամվայը հանգստացնում էր։ Իր համաչափ կրկնվող չխկչխկոցը տագնապն օրորում էր, հուսահատությունը քնեցնում, մեղմում էր նոր սկսվող կյանքի շեմին բացարձակ անուժ լինելու զգացողությունը։ Տրամվայը հիսուն դրամի դիմաց առանց իմանալու բարություն էր անում։ Իննսունականների ցուրտ ձմեռներին տրամվայի ներսը անօթևանի կացարան էր, Գավրոշի փղի արձանն էր, որ տեսել էի մանկության դիաֆիլմի համր ժապավենում, որի որովայնում ապաստանում էին «անտունները»։

Տրամվայը, ներսի լույսերն անջատած, իջնում էր քաղաքի ողնաշարով։ Ներսի մարդիկ, ճակատները պատուհանին հպած, ուշադիր նայում էին ծանոթ քաղաքի շենքերին, մայթերին, տներին, ոնց որ առաջին անգամ տեսնելիս լինեին, ու ոչինչ չէին տեսնում, որովհետև իրենց մտքերի մեջ էին։ Եթե լավ մտքերի, ուրեմն անցյալներում էին։ Սա էր իսկական «տրամվայ ցանկությունը». վերադառնալ այն տարիները, երբ տրամվայի ներսի լույսերը վառվում էին, դրսում ձյուն էր, եռանդը շատ, կյանքի ծրագիրը՝ խիտ ու աշխույժ։ Ոտքերդ գնում են, դեռ կերպարանքդ մարդու է, դեռ արդուկված են շորերդ համարյա անլույս օրերին, դեռ մաքուր են հագուստդ ու մարմինդ առանց տաք ջրի ու առանց լույսի։ Բայց մի քիչ էլ, ու կքանդվես այնպես, ինչպես բոլոր ընկերներդ, որոնք գնացին պատերազմ ու չեկան, որոնք չգնացին պատերազմ ու անընդհատ արդարանում են իրենք իրենց առաջ ու հարբում են առավոտից գիշեր։

Իննսունականների ձմեռային սառը, կարմիր տրամվայի չխկչխկոցը տարավ-հասցրեց «Հորադիզ» կայարանում ավարտված գնացքի չխկչխկոցին, որն այն ժամանակ Մանուշակ տատի նվիրած վերջին արկածն էր։ Իսկ 1993-ի այդ օրերին Հորադիզը մի սարսափելի անուն էր արդեն, որտեղ մի տարի անց զոհվեց «Կազիրյոկ»-ի բակի Արտակը՝ մորս՝ արդեն գոյություն չունեցող «ВНИИКЭ»-ի մտերիմ ընկերուհու տասնինը տարեկան տղան։ Արտակը Հորադիզ զորակոչվելուց առաջ Շահումյանի անվան դպրոցի դիմաց «Մարս» ու «Սնիկերս» էր վաճառում ու ծանոթ տեսնելիս սեղանիկի տիրոջ ինքնավստահությամբ հյուրասիրում էր։ Հիմա «Կազիրյոկ»-ի մայթով Մոսկովյան-Բաղրամյան անկյուն թեքվող շենքի դիմաց ցայտաղբյուր կա, վրան գրված է՝ Արտակ։

Հետո ուրիշ Երևան սկսվեց։ Տրամվայի գծերը հանեցին քաղաքից։ Այնպես, ինչպես հմուտ խոհարարը վարժ շարժումով անջատում է ձկան ողնաշարը փափուկ մասից։ Այ, այդպես հանեցին տրամվայի գծերը վարժ շարժումով, դեղին տանիքներով կարմիր տրամվայները կորան քաղաքից, այնպե՜ս սովորական կորան… Ու ողնաշարից ու հաստ փշերից ազատված քաղաքը միանգամից դարձավ փափկամիս։ Ուրիշ քաղաք էր սկսվում, բոլորովին ուրիշ։ Ու երբ «Լինս»-ի հիմնադրամով քաղաքը վերանորոգելիս օպերայի հրապարակից ժամանակավոր հանեցին Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները ու նոր ասֆալտ փռեցին ութսունութ թվի մեր ցույցերի ասֆալտի վրա, ես մեր բոլորիս ոտնահետքերին հրաժեշտ տվեցի ու շարունակեցի ապրել ուրիշ Երևանում։

The post Իննսունականների երևանյան տրամվայի չխկչխկոցը appeared first on CIVILNET.

#լրահոս #կարծիք #լուսինեհովհաննիսյան #լուսինեհովհաննիսյաներևաերևաերևան

image
2022-05-25

Շառլ Միշելի հայտարարության տողատակերը

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված երրորդ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ժամեր տևած հանդիպման ընթացքում Միշելը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ ամփոփված են հանդիպման արդյունքերը: Հանդիպման վերաբերյալ գրառում է կատարվել նաև ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Միշելի հայտարարության մեջ կան մի շարք ուշագրավ կետեր ու ձևակերպումներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին:

Հայտարարության առաջին հատվածը նվիրված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը: Հայտարարության մեջ նշված է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին նիստը: Հետաքրքրական է, որ մայիսի 12-ին Դուշանբեում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարվել էր, որ սահմանային երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում: Բիշքեկի հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններում ընդգծվում էր նաև Ռուսաստանի խորհրդատվական դերը այս գործընթացում: Սահմանային հանձնաժողովի առաջին նիստի վայրի տեղափոխումը հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Ռուսաստանի դերի չհիշատակելը, անշուշտ, նպատակ է հետապնդում նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը այս գործընթացի վրա: Սրանք, սակայն, առաջին հերթին խորհրդանշական քայլեր են, և ամենայն հավանականությամբ չափազանց դժվար է լինելու բացառել Ռուսաստանի ներգրավվածությունը սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, քանի որ առնվազն քարտեզների հարցում կողմերը կախվածություն ունեն Մոսկվայից:

Միշելի հայտարարության երկրորդ հատվածում խոսվում է ապաշրջափակման գործընթացի մասին: Այս հատվածում ամենաուշագրավ կետը այն է, որ կողմերը համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման հարցի շուրջ: Այս կետը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական մեդիա դաշտում, քանի որ տարբեր խմբեր ու անհատներ պնդում էին, որ այստեղ խոսքը Ադրբեջանին անկլավների հանձնման մասին է: Այնուամենայնիվ, ի սկզբանե ակնհայտ էր, որ հայտարարության այս հատվածում խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի երկաթգծի մասին է, որի միջոցով նախատեսվում է վերականգնել երկաթգծային կապը, օրինակ, Երևանի ու Մեղրիի միջև: Այս վարկածը մայիսի 23-ին հաստատեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերոնշյալ կետը կարելի է հայկական կողմի համար դրական համարել, քանի որ այն նույն հարթության մեջ է դնում մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծը (կամ ճանապարհը) Հայաստանի տարբեր մասերը միմյանց հետ կապող նախիջևանյան երկաթգծի հետ: Սա նշանակում է, որ հաղորդակցության այս երկու ուղիները ունենալու են նույն կարգավիճակը: Այդ առումով դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է համաձայնել ինչ-որ հատուկ կարգավիճակի Նախիջևանով անցնող երկաթուղու համար: Սա իր հերթին բացառելու է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների համար որևէ հատուկ կարգավիճակը:

Շառլ Միշելի հայտարարության երրորդ հատվածում խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի մասին է: Այս հատվածում Շառլ Միշելը, մասնավորապես, նշում է․

«Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​ հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կբերեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու՝ ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի՝ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը Ղարաբաղում»:

Այս հատվածում Ղարաբաղի վերաբերյալ հիշատակումների առկայությունը կարող է տպավորություն թողնել, որ դրանք բխում են հայկական կողմի շահերից: Ավելին, բրյուսելյան բանակցությունների ընթացքում այդ տողի ներառումը հայտարարության տեքստի մեջ ամենայն հավանականությամբ ներկայացվել է որպես հայկական կողմին արված զիջում: Սա նաև վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական համատեքստում Շառլ Միշելի տարածած հայտարարություններից առաջինն է, որի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում կա Ղարաբաղի մասին:

Այնուամենայնիվ, այս հատվածը ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի մոտեցումներին: Միշելի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանման փոխարեն «Ղարաբաղ» անվանման օգտագործումը պատահական չէ: Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքուն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ նույնիսկ վարչատարածքային միավոր գոյություն չունի: «Ղարաբաղ» տեղանվան կիրառումը համապատասխանում է Ադրբեջանի այս դիրքորոշմանը: Ադրբեջանական պաշտոնական խոսույթներում «Ղարաբաղը» շատ ավելի լայն հասկացություն է: Այսպես, օրինակ, Ադրբեջանում գոյություն ունի Ղարաբաղի տնտեսական շրջան, որի մեջ ներառված են ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացող բնակավայրերը, այլև դրանից դուրս գտնվող մի շարք տարածքներ: Նույն հաջողությամբ Միշելը հայտարարության մեջ կարող էր նշել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ադրբեջանի հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը: Բովանդակային առումով շատ մեծ տարբերություն չէր լինի:

Հայտարարության ղարաբաղյան հատվածը լիովին համպատասխանում է կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման տրամաբանությանը: Վերոնշյալ ձևակերպմամբ Արցախի բնակչության ապագան ու անվտանգությունը երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներ են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ի հավելումն այլ՝ ավելի կարևոր հարցերի:

The post Շառլ Միշելի հայտարարության տողատակերը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #թոփ #լրահոս #կարծիք #հարեւաններ #տարածաշրջան #քաղաքականություն

2022-05-24

Սփիւռքը՝ Թիրախ, ամբողջ Սփիւռքը

Սփիւռքը թիրախ մի՛ դարձնէք՝ ամբողջ Սփիւռքը:

Խօսքս Հայաստանի քաղաքական դէմքերու եւ կուսակցական ղեկավարներուն ուղղուած է՝ անոնց, որոնք Հայաստանը պաշտպանելու լաւագոյն ձեւը Սփիւռքի վրայ յարձակիլը կը նկատեն:

Մենք չենք հասկնար, որ երբ Սփիւռքը կը քարկոծենք, քարկոծած կ'ըլլանք ամբողջ հայ ազգը: որովհետեւ ուզենք, թէ չուզենք Սփիւռքը հայ ժողովուրդի մէկ մասն է՝ մեծ մասը:

Ցաւալի է, որ Հայաստանեան մեծ թիւով քաղաքական դէմքեր, լաւ չեն ճանչնար Սփիւռքը: Անոնք, ամէն առիթի, շուտիկ շտապողականութեամբ սուր կը ճօճեն ամբողջ Սփիւռքին դէմ:

Երբ սփիւռքեան կողմ մը արտասահմանի մէջ Հայաստանի ներկայացուցիչները բողոքի արտայայտութիւններով կը դիմաւորէ, կամ Պէյրութի Պուրճ Համմուտի մէջ «Զարթի՛ր Լաօ»ականներ ցոյցի կ'ելլեն, Երեւանի մէջ ընդդիմադիրները կը յայտարարեն, թէ ամբողջ Սփիւռքը իրենց հետ է: Ասիկա զարմանալի չէ, զարմանալին այն է, որ իշխանութեան կողմնակիցներ ալ ընդդիմադիրներու սփիւռքեան կողմնակիցները կը նկատեն որպէս ամբողջ սփիւռք, մինչ Երեւանի անհնազանդութեան գործողութիւններու մասնակից ցուցարարներուն թիւը իրականութենէն շատ աւելի քիչ ներկայացնելու միտում ունին: Սփիւռքը թիրախ կը դառնայ եւ կ'ամբաստանուի ո՛չ թէ որպէս հակայ իշխանութիւն այլ՝ հակայ Հայաստան:

Սփիւռքը, յարգելի քաղաքագէտներ, իր բացարձակ մեծամասնութեամբ պետականամէտ է, ան չ'ուզեր խառնուիլ Հայաստանի ներքին գործերուն, ան կ'ուզէ Հայաստանը զօրաւոր տեսնել, ուստի եւ խորապէս կը ցաւի երբ իր հայրենիքին մէջ ներքին տարակարծութիւններու մասին կը լսէ, Սփիւռքը կը տագնապի երբ ականջալուր կ'ըլլայ Հայաստանէն լսուող հայհոյանքներու, երբ ականատես կը դառնայ ներքին կռուըտուքներու, որոնք մոռացութեան կը մատնեն արտաքին վտանգը…

Ակնյայտ է, որ Սփիւռքը լաւ չէք ճանչնար, ցաւալի է, որ չէք ալ ուզեր ճանչնալ: Դիւրին է, բոլորը մէկ արշինով չափելը: Դիւրին է, բայց սխալ:

Չեմ ուզեր հաւատալ, որ այսպիսի դիրքորոշում ունեցողները կ'ուզեն միաւորներ շահիլ իշխանութեան մօտ: Այսպիսիներուն մէջ կան մարդիկ, որոնց հանդէպ յարգանք ունիմ եւ որոնց հայրենասիրութեան վրայ չեմ կասկածիր, հետեւաբար միակ բացատրութիւնը կը գտնեմ իրենց Սփիւռքը լաւ չճանչնալուն մէջ:

Կ'ուզեմ աւելորդ անգամուայ մը համար յիշեցնել, այն խանդավառութիւնը որ Ղարաբաղեան շարժման օրերուն կը տիրէր ամբողջ Սփիւռքի տարածքին: Գիտեմ, որ այդ օրերուն սփիւռքեան աւանդական կուսակցութիւններու ներկայացուցիչներ Հայաստանեան հեռատեսիլէն ելոյթ ունենալով կոչ ուղղեցին հայրենի բնակչութեան դադրեցնել գործադուլները, այդպէս ըրին որովհետեւ կը վախնային ռուսերուն հակադարձութենէն, անոնք շատ լաւ գիտէին խորհրդային թանկերու պատճառած արիւնայեղութիւնը Պուտափէշթի մէջ, անոնք շատ լաւ գիտէին ռուսական զօրքերու ներխուժման պատմութիւնը Չեխոսլաւաքիա: Վազգէն Կաթողիկոսը չէ՞ր որ յորդորեց ժողովուրդը գործի վերադառնալ, ըսելով. «Ապա թէ ոչ, կ'անիծեմ ինքզինքս»… Ղարաբաղեան շարժման դէմ բոլոր եղողները մէկ պատճառ ունէին` Հայաստանի եւ անոր բնակիչներուն համար ունեցած վախը: Իրականութեան մէջ բոլորս ալ խանդավառ էինք ազատագրական այդ շարժումով.օրինակ, Նազարէթ Պէրպէրեանի վկայութիւնը այն մասին, թէ ինչպէս Բարեգործականի նախագահ Ալէք Մանուկեանը դաշնակցական Հրայր Մարուխեանին մէկ միլիոն տոլար տուած էր Ղարաբաղին համար զէնք գնելու…

Երկրաշարժի օրերուն Սփիւռքի տուածին մասին չեմ ուզեր անդրադառնալ, որովհետեւ ամբողջ աշխարհը օգնեց փոքր Հայաստանին, բայց հաւատացէ՛ք, սփիւռքահայը նոյնքան խորունկ ցաւ զգաց, որքան երեւանցին, Կիւմրեցին կամ Սպիտակի հայը…

Այսօր ալ սփիւռքը կը մտահոգուի Հայաստանի վիճակով, ամբողջ Սփիւռքը կը սգայ 44 օրեայ պատերազմին կուլ գացած մեր տղոց մահը. ամբողջ Սփիւռքը տխուր է, շա՜տ տխուր ի տես Հայաստանի ներ-քաղաքական վիճակին, որովհետեւ սփիւռքահայը նոյնքան հայ է, որքան հայրենիքին մէջ ապրող հայը եւ կը բաժնեկցի անոր բոլոր տագնապները, ճիշդ այնպէս, ինչպէս, որ Հայաստանցին կը տագնապի սուրիահայի եւ լիբանահայի վիճակով:

Մի՛ զարմանաք, Սփիւռքահայերու Հայաստանեան իշխանութիւններուն կամ ընդդիմադիրներուն հանդէպ ունեցած դիրքորոշումներու այլազանութեամբ, հակառակը անբնական պիտի ըլլար: Խնդիրը այն է, որ գիտնալով հանդերձ, որ այս պարագան անխուսափելի է, կը փորձենք, ոչ թէ իրականութիւնը ընդունիլ այլ ցոյց տալ այն ինչպէս որ մենք կ'ուզենք՝ ուռճացնելով կամ փոքրացնելով պատահարները:

Ասիկա անթոյլատրելի է:

Անշուշտ սխալ է, օտարներու մօտ մեր իշխանութիւնը նսեմացնելը. անշուշտ ճիշդ չէ՛, Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները անվայել վանկարկումներով դիմաւորելը, այս ամէնը, ինչպէս ներքին անհնազանդութեան դրսեւորումները, կրնան միմիայն աւելի տկարացնել արդէն պարտութեան պատճառաւ տկար մեր դիրքերը, մանաւանդ բանակցային այս շրջանին, մանաւանդ Ռուսիա-Արեւմուտք սրուած յարաբերութիւններու այս օրերուն, բայց… բայց այս պարագան ընդհանրացնելն է սխալ, ամբողջ Սփիւռքին վերագրելն է սխալ, ամբողջ Սփիւռքը կասկածի տակ դնելն է սխալ, եւ այս սխալը կրնան գործել ոչ միայն քաղաքագէտները, ոչ միայն լրագրողները այլ, որ աւելի վտանգաւոր է, Հայաստանի հասարակ քաղաքացին, սովորական հայը, որ այդ տպաւորութեան տակ պիտի իյնայ եւ բնականաբար ենթադրեալ թշնամանքը պիտի փոխադարձէ իր մէջ գլուխ բարձրացնող թշնամանքով:

-Դուք Հայաստանը չէք սիրեր, դուք կ'ուզէք, որ հիները ետ գան, այդ պատճառաւ Նիքոլին դէմ ցոյցի կ'ելլէք Պէյրութի մէջ. ամօ՛թ ձեզի- Կ'ըսէ Նիքոլը պաշտող երեւանցի մը տաը տարիէ հոս ապրող Հալէպէն եկած իր դրացիին:

Այո՛, Սփիւռքին հանդէպ անբարեացակամութիւնը շատ դիւրաւ կը տարածուի նաեւ Հայաստան հաստատուած ներգաղթողներուն վրայ, որոնք տակաւին երկար ատեն սփիւռքահայ պիտի սեպուին:

-Սփիւռքը թող իրեն համար մայրաքաղաք մը կառուցէ եւ այնտեղէն թող հետապնդէ ցեղասպանութեան հարցը,- այսպիսի չքնաղագոյն երեւակայութիւն ունեցողներ ալ կան:

Այո՛, Հայաստան-Սփիւռք վիհը փորփրելով զայն խորացնելը ճիշդ չէ՛, ճիշդ չէ՛, որովհետեւ սխալ դատողութենէ առաջ կու գայ, իրար հանդէպ վստահութիւն չունենալէ կը յառաջանայ: Մեր ղեկավարները փոխանակ այդ անվստահութիւնը վերացնելու մասին մտածելու, զիրար մեղադրեն: Անոնք կրնան այսօր հակառակորդներ ըլլալ, վաղը համախոհներ դառնալ, բայց յարգելի ղեկավարներ, Ձեր ամէն մէկ խօսքը մեր, սովորական հայերուս մէջ կրնայ բոյն դնել, մեր հոգիներուն եւ միտքերուն մէջ նստուածք ունենալ… Ա՛յս մասին ալ մտածեցէք:

Գիտէ՞ք, ինչն է մեր ամենամեծ սխալը.

-Մեր ամենամեծ սխալը այն է, որ Հայաստան-Սփիւռք իրարու օտար ենք եւ իրար մէջ խտրականութիւն կը դնենք… Բոլորիս համար Հայաստանը հայրենիք է, բայց ամէն մէկուս համար միւսը աւելի նուազ հայ է: Արդէն «Մէկս»-«Միւսը», «Մենք-Դուք», արտայայտութիւնները ինքնին օտարացնող են, վանող են, զանազանող, խտրականութիւն յառաջ բերող:

Տխրալի է, չէ՞…

Մինչեւ ե՞րբ…

Մանուէլ Քէշիշեան

Երեւան, 24 Մայիս 2022

The post Սփիւռքը՝ Թիրախ, ամբողջ Սփիւռքը appeared first on CIVILNET.

#լրահոս #կարծիք #հայաստան #սփյուռք #ամբողջսփիւռքը #սփիւռքըթիրախ

2022-05-18

Ընդունեցէ՛ք Սփիւռքը որպէս հայութեան անբաժանելի մաս

Հայաստանի խորհրդային հասարակարգի ժամանակաշրջանին դաշնակցականները չէին կրնար Հայաստան ուսանելու գալ. 1960ականներէն մինչեւ անկախացում մատներու վրայ կարելի է հաշուել հայրենիքին մէջ ուսանած դաշնակցականներուն թիւը: Խորհրդային հիւպատոսարանները «յառաջդիմական» միութենէ մը երաշխաւորագիր կը պահանջէին, իսկ դաշնակցականները «յետադիմական» էին. անոնք կ'ուզէին գալ, որովհետեւ Հայաստանի մէջ ուսանիլը դիւրին էր, դիւրին էր նաեւ հարուստի պէս ապրիլը, չէ՞ որ ուսանելու հետ նաեւ շահաւէտ առեւտուր կ'ընէինք, ձիթ, ներքնազգեստ եւայլն կը բերէինք, կը ծախէինք, արծաթ, սիկար եւայլն կը տանէինք ու իշխանավայել կեանք մը կ'ապրէինք: Մեզմէ շատ քիչերն էին, որ կարեւորութիւն կու տային դասերուն: Դասախօսները կամ կը մեղքնային մեզի, որովհետեւ մեր ծնողներէն հեռու կ'ապրէինք, կամ ալ մեզմէ նուէրներ ստանալով կը նշանակէին առնուազն յաջողութեան թուանշանը… դեռ ուրիշ շատ առաւելութիւններ ալ ունէինք:

Դաշնակցականները կը նախանձէին մեզի: Յանուն ճշմարտութեան պէտք է արձանագրել, որ անոնց նախանձը կը շարժէինք նախ եւ առաջ մեր հայրենիքին մէջ ապրելու հնարաւորութիւն ունենալնուս համար: Չէ՞ որ Հայաստանը իրենց ալ հայրենիքն էր (եւ է) այնքան, որքան մերինը:

Այդ տարիներուն, որպէս պետական հիւր, Հայաստան յաճախ կ'այցելէին սփիւռքահայ ոչ դաշնակցական գործիչներ, որոնց մեծ մասը լեցուն ճամպրուկներով կը վերադառնային հարենիքէն: Հայաստանի ամառնային պիոներական ճամբարներն ալ յառաջդիմական միութիւններու փոքրիկ անդամներուն համար էին, դաշնակցութեան պատկանող միութիւներու երախաները զրկուած էին հայրենիքի օդէն ու ջուրէն:

Այսքանը պետականօրէն. պետութիւնը խտրականօրէն կը մօտենար Սփիւռքին, մինչ ժողովուրդը կը համակրէր Դաշնակցութեան. լաւ կը յիշեմ, Ղարաբաղեան շարժման առաջին օրերուն, «Ազատութեան հրապարակ» եկողներէն շատեր յոյս ունէին, որ սփիւռքեան աւանդական այդ կուսակցութեան անվերապահ նեցուկը պիտի վայելէին:

Անցեալի այս իրականութիւնը ինծի յիշեցուցին մեր օրերու ֆէյսպուքեան գրառումներ, զրոյցներու եւ քննարկումներու ընթացքին հնչող հակադաշնակցական արտայայտութիւններ, որոնք կը կատարուին զանազան խաւեր կամ խմբաւորումներ ներկայացնողներու կողմէ: Օրինակ, նախկին դիւանագէտ մը, ցոյց տալու համար դաշնակցականներու երկու չափանիշերով դատելը, կը պատմէ արտասահմանի մէջ աշխատելու ընթացքին ունեցած դաշնակցական մէկ բարեկամին մասին, որ հայաստանցիները կ'այպանէր հայերէնի մէջ բազմաթիւ ռուսերէն բառեր գործածելուն մէջ, մինչ, ինչպէս յետոյ կը պարզուի, որ իր զաւակը Հօլանտայէն հետը արաբերէն կը խօսէր եւ ամուսնացած ըլլալով հօթանտացի աղջկայ մը հետ, զաւակները գրեթէ հայերէն չէին խօսեր:

Անշուշտ, կասկածէ վեր է, որ այս մասին գրողին ըսածները բացարձակ ճշմարտութիւն են, բայց ասիկա ընդհանրացնել որպէս դաշնակցականութիւն, չարաչար սխալ է, այսպիսի հայեր ամէն տեղ կրնան գտնուիլ, ցաւալի պարագայ մըն է ասիկա, որ նաեւ անխուսափելի է Սփիւռքի մէջ, հակառակ հայապահպանման համար մեր եկեղեցւոյ եւ կազմակերպութիւններուն գործադրած ճիգերուն: Նշելի է, որ Դաշնակցականները մեծ թիւով դպրոցներ եւ միութիւններ ունին ուր հայերէնը շատ լաւ կը դասաւանդուի, ամէն պարագայի, անոնց մակարդակը միւս հայկական դպրոցներէն աւելի ցած չէ:

Նոյն դիւանագէտը, փաստելու համար դաշնակցականներու ապազգային եւ ոչ հայրենասէր ըլլալը, կը յիշէ Ապրիլ 24եան ոգեշնչման հանդիսութիւն մը, ուր դաշնակցական երիտասարդներ հայրենասիրական երգեր կ'երգէին, թրքական դրօշակ կ'այրէին բայց չէին ուզեր Հայաստան հաստատուիլ, որովհետեւ զինուորական ծառայութեան խնդիր ունէին, անոնք կը ծրագրէին Գանատա գաղթել, յոյս ունենալով, որ օր մը երբ Հայաստանցիները Ազատագրեն Արարատը, կու գան եւ Սուրբ լերան լանջին խաղաղութեան մէջ կ'ապրին:

Իրականութիւն է, որ այսօր Հայաստան հաստատուած բազմաթիւ սփիւռքահայեր, 27 տարեկանէն ետք հայաստանի քաղաքացիութիւն կ'ընդունին, որպէսզի զինուոր չդառնան, բայց այս պարագան դաշնակցականներուն վերագրել երբեք ճիշդ չէ, աւելին, կը ճանչնամ դաշնակցականներ, որոնց զաւակները Հայաստանի քաղաքացիներ են, անոր բանակի զինուորներ, կը ճանչնամ Հալէպէն ներգաղթած մը, որուն զաւակը զոհուած է 44 օրեայ պատերազմին: Եթէ Սփիւռքէն հարիւրի մօտ կամաւորներ եկան մասնակցելու Արցախեան վերջին պատերազմին, ապա անոնցմէ իննսունը դաշնակցականներ էին: Մոռցա՞ք հալէպահայ կամաւորները, որոնց աճիւնները եռաբլուրի հողին խառնուած են եւ միացած Հայաստանցի իրենց եղբայրներուն՝ հոգւով եւ մարմնով: Ինչո՞ւ կը փորձէք զանոնք իրարմէ բաժնել…

Եթէ խորհրդային տարիներուն սփիւռքահայերու ստուար հատուած մը՝ դաշնակցականները մերժուած էին իշխանութեան կողմէ, ապա այսօր՝ անկախութեան օրերուն, անոնք կը մերժուին նաեւ Հայաստանի ժողովուրդին ստուար մէկ հատուածին կողմէ, կը մերժուին որպէս սփիւռքահայ դաշնակցականներ, թերեւս որպէս սփիւռքահայեր: Սփիւռքը միայն դաշնակցականներէ չէ բաղկացած, հոն ալ ամէն տեսակ հայ կայ, ինչպէս որ Հայաստանի մէջ:

Ընդունեցէ՛ք Սփիւռքը որպէս հայութեան անբաժանելի մաս. չէ՞ որ այս է իրականութիւնը:

Ցաւալիօրէն հակառակը կ'ընենք. օրինակ մը տա՞մ, շատ լաւ. կարդացէ՛ք իշխող կուսակցական անդամի մը այս տողերը, վստահ ըլլալով, որ այս տրամաբանութեան տէր միայն այս խօսքերը ըսողը չէ, շատերու մօտ նկատած եմ նոյն մտածելակերպը:

«…Պահանջում եմ արտերկրից ժամանած դաշնակներին, ովքեր ժամանում են ՀՀ հակապետական գործունէութիւն ծաւալելու նպատակով, տեբորդ անել (արտաքսել) առնուազն 10 տարով եւ արգելել նրանց մուտքը Հայաստան…»

ՄԵղա՜յ, մեղա՜յ. հաւատաքննութեա՞ն պիտի սկսինք։ Այսօր, յանուն միատարրութեան Հայաստանի քաղաքացիութիւն ընդունած սփիւռքահայերը կ'արտաքսենք, վաղը մէկ քաղաքացիութիւն ունեցող Հայաստանցիները կը բանտարկենք… յետո՞յ… յետոյ օր մըն ալ կրնան միւս կողմինները գալ իշխանութեան եւ նոյն ժողովրդավարութեամբ այսօրուայ իշխանաւորները հալածել:

Դաշնակցական չեմ ես, բայց ինծի համար ճմարտութիւնը ամէն ինչէ վեր է եւ այս տողերը ի պաշտպանութիւն կուսակցութեան մը չեն, այլ ի պահպանութիւն մեր բոլորին:
Ըսեմ, համոզուած եմ, որ օրերով անձրեւի տակ փողոց ելած այս մարդիկը՝ հայաստանցի եւ սփիւռքահայ, անկեղծօրէն կը հաւատան իրենց պահանջքի արդարացիութեան… մի՛ նսեմացնէք անոնց բողոքը, անմիջապէս աւելցնեմ, որ ես անձամբ կը կարծեմ, թէ որեւէ ցնցում մեծապէս կը վնասէ մեր երկրին եւ աւելի կը տկարացնէ մեզ… Մեզի օդի, ջուրի չափ ներքին հաշտութիւն պէտք է. ո՞վ պիտի կարենայ հաշտեցնել կողմերը… ճշդեմ. «Ներքին» բառը կ'ընդգրկէ ամբողջ հայութիւնը, Սփիւռքն ալ:

Ի՞նչ է ուզածս:

Կ'ուզեմ, որ այս տողերուս մէջ ցաւ գտնէք, ցաւ մեր այսօրուայ ողբալի վիճակին համար: Կ'ուզեմ, որ այս տողերուս մէջ վախ գտնէք, վախ վաղուայ մեր անորոշութենէն:

Որպէս վերջաբան աւելցնեմ.

Ռուս-Ուքրաինական պատերազմին հետեւանքով մօտաւորապէս 130 հազար ռուսեր Հայաստան ապաստանած են, իրենց իսկ ըսելով, անոնք Հայաստանը նախընտրած են որովհետեւ հոս կը սիրեն զիրենք:

Կը նկատէ՞ք, որ ռուսերը հոս իրենք զիրենք տանտէր կը զգան:

Ութը տարիէ ի վեր հոս հաստատուած հալէպահայ մը ցաւով կ'ըսէր.

-Հոս մեր հայրենիքն է բայց մեր երկիրը չէ՛, ամէն վայրկեան խտրականութիւն կը զգաս…

Երանի սխալած ըլլայ այս հալէպահայը…

Եկէ՛ք, վերցնենք մեզ իրարմէ բաժնող պատնէշները…

Մանուէլ Քէշիշեան

**Երեւան, 18 Մայիս 2022 **

The post Ընդունեցէ՛ք Սփիւռքը որպէս հայութեան անբաժանելի մաս appeared first on CIVILNET.

#լրահոս #կարծիք #սիրիա #սփյուռք #մանուէլքէշիշեան

2022-05-17

Դուշանբեում «խաղաղության պայմանագիրը» դարձավ «հարաբերությունների կարգավորման պայմանագիր»

Տիգրան Գրիգորյան

Մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո հրապարակվեց արտգործանախարների ողջույնի խոսքը, ինչպես նաև երեք երկրների ԱԳՆ-ների հաղորդագրությունները հանդիպման վերաբերյալ, որոնց մեջ տերմինաբանության հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել:

Մինչև հանդիպման արդյունքում հրապարակված տեքստերի վերուծությանը անցնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացումների ֆոնին է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումը և ինչ նպատակներ էր այն հետապնդում:

Եռակողմ այս հանդիպումը բնականաբար տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի պատաճառով Մոսկվան վերջին ամիսների ընթացքում զգալիորեն պասիվացրել էր իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական համատեքստում: Ռուսաստանի պասիվությունը այս ընթացքում փորձում էր օգտագործել Եվրամիությունը, որը վերջին շրջանում ստանձնել էր հայ-ադրբեջանական համատեքստում գլխավոր միջնորդի դերը և լուրջ նախաձեռնողականությունն էր ցուցաբերում:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման ու խաղաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ արտգործնախարարներին տրված հանձարարականի մասին է:

Ռուսաստանում ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված այս պայմանավորվածություններին անթաքույց խանդով են վերաբերվում: Մոսկվան, օրինակ, պարբերաբար հայտարարում է, որ սահմանազատման ու սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Մոսկվան Եվրամիությանը մեղադրում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի արդյունքների սեփականաշնորհման փորձի մեջ:

Այդ առումով Դուշանբեի եռակողմ հանդիպումը կարևոր էր Ռուսաստանի համար առաջին հերթին իմիջային տեսանկյունից: Մոսկվան փորձում է ցույց տալ, որ նույնիսկ Ուկրաինայում ընթացող ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին կարողանում է ձեռքը զարկերակի վրա պահել նաև հայ-ադրբեջանական համատեքստում: Մոտ ապագայում հայ-ադրբեջանական տարբեր գործընթացներում որևէ առաջընթացի դեպքում Ռուսաստանը կարող է ցույց տալ, որ ակտիվ դեր է ունեցել դրանում: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է: Ի դեպ, Դուշանբեի հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, ինչպես 2021-ի Սոչիի հայտարարության մեջ, շեշտվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի է ունենալու Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

Այնուամենայնիվ, Դուշանբեի հանդիպման ամենահետաքրքրական պահը կապված էր Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների կողմից օգտագործված տերմինաբանության հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ողջույնի խոսքում, ի շարս այլ խնդիրների, նշեց Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորության մասին:

Հարաբերությունների կարգավորման մասին խոսեց նաև Արարատ Միրզոյանը: Նա իր խոսքում ի սկզբանե օգտագործեց «խաղաղության պայմանագիր» եզրույթը, սակայն անմիջապես ինքն իրեն շտկեց՝ նշելով, որ երևի ճիշտ է օգտագործել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում» եզրույթը:

Այս եզրույթը տեղ է գտել ինչպես ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած վերոնշյալ հայտարարության մեջ, այնպես էլ հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունում: Ուշագրավ է, որ հարաբերությունների կարգավորման մասին նշված է նաև հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, սակայն ադրբեջանական տեքստում հստակեցված է, թե կոնկրետ ինչ է ենթադրում հարաբերությունների կարգավորումը՝ սահմանազատման գործընթացի մեկնարկ, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում և խաղաղության պայմանագիր:

Ռուսական պատկերացումներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է միայն ապաշրջափակման ու սահմանազատման գործընթացներ: Այսինքն, Մոսկվան հստակ տարանջատում է մտցնում այս երկու գործընթացների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի կանխորոշման գործընթացի միջև: Հայաստանի կողմից «խաղաղության պայմանագիր» եզրույթի փոխարինումը «հարաբերությունների կարգավորմամբ» ևս մեկ ցուցիչ է, որ ապրիլին Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի մոտեցումների մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Մոսկվայում Փաշինյանին ամենայն հավանականությամբ հորդորել են զերծ մնալ այդ հարցում հապճեպ քայլերից:

The post Դուշանբեում «խաղաղության պայմանագիրը» դարձավ «հարաբերությունների կարգավորման պայմանագիր» appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #կարծիք #քաղաքական #քաղաքականություն

2022-05-17

Երբ ադամանդի և կաթի համար կիրառվում է ԱԱՀ-ի նույն դրույքաչափը

Արտակ Քամալյան

Պետական մակրոտնտեսական քաղաքականությունը սովորաբար ուղղված է լինում (կամ պետք է ուղղված լինի) երկրում սպառողական ապրանքների գնաճի հետ կապված խնդիրների լուծմանը, հատկապես՝ պարենային ապրանքների մասով։

Նմանատիպ հարցերն ավելի արդիական են դառնում տարատեսակ ցնցումների պայմաններում, որոնք առաջանում են համաճարակների, ռազմական գործուղությունների և մի շարք այլ երևույթների հետևանքով։ Այդ շրջանում գնաճի տեմպերը արագանում են մի շարք օբյեկտիվ պատճառներով (ապրանքների արտադրության ծավալների նվազում, մատակարարման շղթաների խաթարում, փոխարժեքի տատանումներ և այլն)։

Նմանօրինակ մարտահրավերների է բախվել պետությունների մեծ մասը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրները, որտեղ գնաճը, որը սկսվեց կովիդային 2020-ին, ներկայում ավելի մեծ թափ է առնում աշխարհաքաղաքական խոշոր ցնցումների պայմաններում։ Այնուամենայնիվ, պարենային ապրանքների գները ԵԱՏՄ-ի ներսում զգալիորեն տարբերվում են։ Ստորև ներկայացված աղյուսակի տվյալներից երևում է, որ նշված պարենամթերքի մեծ մասի սպառողական գները ՀՀ-ում 2021-ի երկրորդ կիսամյակում եղել է ամենաբարձրը։

Իրավիճակը ավելի է վատթարանում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում միջին ամսական

անվանական աշխատավարձի ցուցանիշով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ընտանեկան բյուջեի զգալի մասը (շուրջ 40%-ը) ծախսվում է պարենամթերքի համար։ (Միջին ամսական անվանական աշխատավարձերը 2021-ին․ ՀՀ՝ 405 դոլար, Բելառուս՝ 565 դոլար, Ղազախստան՝ 584 դոլար, Ղրղզստան՝ 239 դոլար, ՌԴ՝ 768 դոլար)։

Իմ նպատակը այսօր ԵԱՏՄ-ի ներսում առաջացած անհավասարակշռության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մանրամասն վերլուծությունը չէ (պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ պարենային ցանցերի մենաշնորհ, ներկրվող պարենամթերքի մասնաբաժին, փոխարժեքի տատանում, գյուղմթերքի արտադրության արդյունավետություն և այլն): Վստահ եմ, որ ՀՀ համապատասխան ​​մարմինները վերահսկում են իրավիճակը և պատշաճ վերլուծություն են իրականացնում։

Պարենային ապրանքները հարկել արտոնյալ դրույքաչափերով

Ես այսօր ցանկանում եմ հիմնական շեշտը դնել (հնարավոր է ևս մեկ անգամ բացել քննարկումը) պարենային ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափի վրա, որը շատ կարևոր գործոն է և ազդում է սպառողական գների մակարդակի վրա։

Բանն այն է, որ պետությունների մեծ մասը (գրեթե եվրոպական բոլոր երկրները) պարենային ապրանքների մասով կիրառում են ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափ, որը, սովորաբար, կրկնակի քիչ է հիմնական դրույքաչափից։

Օրինակ, Ավստրիայում հիմնական դրույքաչափը սահմանված է 20%-ի չափով, իսկ պարենային ապրանքների մասով գործում է 12% արտոնյալ դրույքաչափը, Բելգիայում՝ 21% հիմնական դրույքաչափ (12%՝ արտոնյալ), Մեծ Բրիտանիայում 20% (0%), Գերմանիայում՝ 19% (7%), Իսպանիայում՝ 21% (8%), Լիտվայում՝ 21% (9%), Ռուսաստանում՝ 20% (10%), Բելառուսում՝ 20% (10%) և այլն։

Հիմնական պատճառը, որի համար նշված երկրները և մի շարք այլ պետություններ որոշել են նվազեցնել պարենային ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափը, այն է, որ ցանկանում են պարենամթերքը ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար: Եվ սա հատկապես կարևոր է զարգացող պետությունների համար, որտեղ պարենամթերքի վրա ծախսված գումարը գերազանցում է քաղաքացու բյուջեի 40-50%-ը (եվրոպական զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է 15-20%)։

Տնտեսական օբյեկտիվ կանոները վկայում են, որ ցածր գները հանգեցնում են ապրանքների պահանջարկի ավելացման, իսկ մեր դեպքում՝ պարենամթերքի սպառման ավելացման։ Այդ են վկայում նաև տարբեր գիտական ​​ուսումնասիրություններն ու սիմուլյացիոն մեթոդով իրականացրած հաշվարկները, եվրոպական մի շարք երկրների փորձը, որոնք նմանատիպ փոփոխություններ են կատարել հարկային դաշտում։

Իհարկե, յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր առանձնահատկությունները: ԱԱՀ-ի դրույքաչափը նվազեցնելու որոշումից հետո բյուջե հարկային եկամուտների նախկին ծավալների վերականգնման ժամկետները կարող են տարբեր լինել՝ կախված երկրում սպառման կառուցվածքից, հարկային դրույքաչափի նվազեցման չափից, ապրանքների տեսակներից, որոնց համար դրույքաչափի նման նվազեցում է նախատեսված և այլն։

Հետևաբար, Հայաստանի պարագայում քննարկման ու հետազոտության առարկա պետք է լինի ոչ թե պարենային ապրանքների ԱԱՀ-ի նվազեցման անհրաժեշտության հարցը (այստեղ պատասխանն ակնհայտ է), այլ այն, թե կոնկրետ ո՛ր ապրանքների ԱԱՀ-ի դրույքաչափը առաջին հերթին պետք է նվազեցնել (հնարավոր է ընդհանրապես զրոյացվի), որքան կլինեն բյուջեի կորուստները և որքան դա կտևի, ինչպես կոմպենսանցնել դրանք, մինչև վերականգնվեն հարկերի նախկին ծավալները։

Ակնհայտ է, որ պետք է ուղղորդվել համակարգված, քայլ առ քայլ լուծման տարբերակով՝ հաշվի առնելով հարկային վարչարարության և հարկային վերահսկողության առանձնահատկությունները, ինչպես նաև արտոնյալ դրույքաչափերի փուլային ներդրումը՝ սկսելով պարենային ապրանքների կարևորագույն խմբերից, այնուհետև անցում կատարելով սննդի ծառայությունների ոլորտ (որը կարող է նաև ուժեղ խթան հանդիսանալ գաստրոտուրիզմի համար)։

Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանն արդեն ունի եկամտահարկի դրույքաչափի նվազեցման դրական փորձ, ինչը կարճ ժամանակում հանգեցրեց բյուջե հարկային մուտքերի ավելացման։

Հուսով եմ, որ այս դրական փորձը նույնպես հաշվի կառնվի վերջնական որոշում կայացնելիս։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել՝ մենք, թերևս, այն եզակի երկրներից ենք աշխարհում, որտեղ, օրինակ, ադամանդն ու կաթը նույն ԱԱՀ-ի դրույքաչափով են հարկվում։ Սա ոչ միայն անարդար է, այլև չի համապատասխանում սոցիալական քաղաքականության համընդհանուր սկզբունքներին, ինչպես նաև տնտեսապես ձեռնտու չէ։

Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարն է: Տնտեսագիտության դոկտոր է, ավելի քան 140 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ: __

The post Երբ ադամանդի և կաթի համար կիրառվում է ԱԱՀ-ի նույն դրույքաչափը appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #տնտեսություն

image
2022-05-04

Հանրությունը պարտավոր է Փաշինյանից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 4-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, ասաց

«Ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը,- նաև ձեր իշխանությունը․ դուք այդ պահին եղել եք կառավարության մաս,- ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, ահա այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը՝ իշխանական պատգամավորների ծափերի ներքո։ Սակայն այս ամենի մեջ շոուն չէ հետաքրքիրը, որ արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը․․․

Փաշինյանը կրկին նենգափոխում է Ղարաբաղյան բանակցային գործընթացը՝ ներքաղաքական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն անդրադարձել էի նրա հայտարարությանը, երբ ասել էր․ «Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն․․․»։

Տես՝ ** Նիկոլ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին**

Արդեն գրեթե անօգուտ զբաղմունք է, բայց Փաշինյանի համար կրկին մեջբերենք 2007-ի Մադրիդյան փաստաթղթի առաջին իսկ կետը․

«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն» :

Ինչո՞ւ են Փաշինյանը և նրա աջակիցները շարունակ տարածում ադրբեջանական քարոզչական թեզերը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար կարելի է միայն ենթադրություններ անել։ Հավանաբար 2020-ի պատերազմից հետո Փաշինյանը որոշակի բանավոր հանձնառություններ է ստանձնել, որոնք արտացոլված չեն 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարություններում:

Այս երեք փաստաթղթերում որևէ դրույթ չկա այն մասին, թե ինչու պատերազմից հետո Հայաստանից այլևս զինակոչիկներ չեն ուղարկվում Արցախ; ինչու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը չեն այցելում Արցախ; ինչու է արգելվում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ։

Անպատասխան հարցերին գումարվում են հետևյալը՝ ինչու է վարչապետը հրաժարվում իր կուսակցության նախընտրական խոստումներից և կառավարության ծրագրից, որտեղ ամրագրվում էր Արցախի ինքնորոշման դրույթը; ինչու են խոսում կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին; հնարավո՞ր է, արդյոք, որ Փաշինյանը պատերազմի շանտաժի ներքո Իլհամ Ալիևին բանավոր պարտավորվել է զիջել կարգավիճակի հարցում։

Այս և շատ այլ հարցեր ընդդիմություն–իշխանություն առօրյա պայքարից անդին են։ Եթե իսկապես պատերազմի շանտաժի ներքո են Փաշինյանն ու նրա կուսակիցները իջեցնում Արցախի կարգավիճակի նշաձողը, նենգափոխում բանակցային փաստաթղթերը՝ արդարացնելու իրենց հնարավոր զիջումները, ապա հանրությունը պարտավոր է առնվազն ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը․․․ ու ոչ միայն նրանք, ովքեր դուրս են եկել փողոց։

Կառավարությունը պետք է հրապարակի բանակցային բոլոր առաջարկները, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել։

Տե՛ս նաև՝ Ղարաբաղյան կարգավորման յոթ պլանները, որ ներկայացվել են 1997-ից ի վեր

The post Հանրությունը պարտավոր է Փաշինյանից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #կարծիք #քաղաքականություն

2022-05-03

Հայրենիք, Սփիւռք … եւ կողմեր

Ես այս ժողովուրդէն մէկն եմ:

Առանձինս ոչինչ կրնամ ընել: Ամէն մէկս ալ կարծես թէ ոչինչ կրնանք ընել:

Ի՞նչ կ'ուզեմ ընել:

Կ'ուզեմ ընտանիքիս համար բարիք մը ընել, այսինքն կ'ուզեմ ա՛յն, ինչ կ'ուզեն բոլորը իրենց ընտանիքներուն համար:

Քաջ կը գիտակցիմ, որ ինչ ալ ընեմ, ընտանիքս իմ երկրիս մէջ չի կրնար առանձինն լաւ ապրիլ, ճիշդ այնպէս, ինչպէս հայրենիքիս միւս բոլոր ընտանիքները. Մենք բոլորս շաղկապուած ենք իրարու, մէկուս լաւը անքակտելիօրէն կապուած է բոլորի լաւին հետ, մեր բոլորիս մեծ ընտանիքին՝ ազգին շահին հետ:

Կ'ուզեմ հայրենիքիս եւ ազգիս համար լաւ բան մը ընել, ծառայել կ'ուզեմ անոնց:

-Ինչի՞ պէտք ունի հայրենիքս, ազգս ինձմէ ի՞նչ կ'ակնկալէ:

-Նուիրում:

Նուիրում բառը հասկնալի է, բայց ինչպէս նուիրուիլը ընտրութիւն կ'ենթադրէ:

Ես պարզ մարդ մըն եմ, կրնամ մոլորիլ, կրնամ սխալիլ ընտրութեանս մէջ, մանաւանդ որ քառասունչորս օրեայ պատերազմէն ետք ինքզինքս կորսնցուցած եմ, ինքզինքս չեմ գտներ, ինչպէս որ ինքզինք չի գտներ մեր ազգի ոեւէ զաւակ՝ ո՛չ հոս եւ ո՛չ ալ սփիւռքի մէջ:

Ինքզինքս կորսնցնելու պատճառը, ինչպէս որ ըսած եմ ասկէ առաջ, պարտութիւնը չէ, ազգերը, երկար ապրող ազգերը իրենց պատմութեան մէջ յաճախ կրնան պարտուիլ, բայց կրնան վերակազմաւորուիլ, վերականգնիլ եւ յաղթելու համար պայքարիլ, շարունակե՛լ պայքարիլ, արդէն ազգի մը պատմութիւնը շարունակական պայքար չէ՞, գոյութեան յարատե՛ւ պայքար:

Մենք պատերազմէն ետք շատ բան կորսնցուցինք, շատ բան մեզի համար կորսնցուց իր արժէքը:

Ինչո՞ւ: Որովհետեւ չփնտռեցինք մեր պարտութեան առարկայական եւ ենթակայական պատճառները, ընդհակառակը, կամայականօրէն մէկս միւսին մէջ գտանք մեր բոլոր դժբախտութիւններուն աղբիւրը:

Թերեւս պարտութիւններու պարագային յաճախ այդպէս կ'ըլլայ: Պէտք չէ յուսահատինք:

Պէտք չէ յուսահատինք, բայց պէտք է քիչ մը մեր ատելութեան եւ անոր արտայայտութիւն հայհոյանքներուն նշաձողը իջեցնենք: Զիրար մեղադրելու մէջ շատ վարպետ դարձած ենք, քիչ մը հանդուրժող դառնալնիս աւելի լաւ պիտի չըլլա՞յ: Պէտք է կողմերը փոխանակ մէկը միւսը արհամարհելու եւ հրապարակաւ անարգելու, ընդունին, որ իրենք միակը չեն ամբողջ ժողովուրդը ներկայացնող, պէտք է միւս կողմին ալ ըսածներուն ականջ տանք եւ մտածենք անոր ըսածին մասին: Ասիկա կը վերաբերի նաեւ սփիւռքին: Ոեւէ մէկը իրաւունք չունի ամբողջ սփիւռքի անունով խօսելու, նոյնիսկ եթէ հազարաւոր կամ տասնեակ հազարաւոր նամակ ստացած ըլլայ ի նպաստ այս կամ այն կողմին, ուրիշ մըն ալ միւս կողմին համար նոյնքան զօրակցող նամակներ կրնայ ստանալ:

Մէկ խօսքով, սփիւռքը Հայաստանէն անջատ մաս մի՛ սեպէք, սփիւռքհայերը ընդունեցէ՛ք, որպէս հայրենիքի կողմերուն մասնիկներ:

Այսօր իրականութիւնը այն է, որ հայերը բաժնուած են կողմերու, մէկը միւսէն շատ կամ նուազ հետեւորդներով: Իրատեսութիւնը կը պահանջէ մեզմէ սփիւռքահայերն ալ ընդունիլ որպէս այս կողմերուն մասնիկներ . Ճիշդ պիտի չըլլայ սփիւռքը առանձնացնել հայաստանցիներէն եւ արցախցիներէն, որովհետեւ ասիկա իրականութիւնն է, իրաւունք չունինք սփիւռքը միադէմ ներկայացնելով, հայրենի այս կամ այն կողմին թշնամանքը ծագեցնել անոր հանդէպ եւ քանիցս յառաջացած եւ խորացած վիհը չփակուած, կրկին խորացնել:

Մայիս մէկի հաւաքին կային հայրենաբնակ սփիւռքահայեր, բայց անոնք ամբողջ սփիւռքը չէին ներկայացներ. Շատ են երեւանցի սփիւռքահայերուն մէջ ըսողները:

-Մենք դեռ չշարժեցանք, մենք մեր վարչապետին կողքին ենք, անգամ մը որ քալելու սկսինք, այս ընդդիմադիր կոչուածներուն վրայէն կ'անցնինք…

Քիչ չէ թիւը սփիւռքահայերուն, որոնք անմիջապէս կը պատասխանեն.

-Իրա՞ւ կ'ըսես… դուն ալ, քու վարչապետիդ պէս տգէտ ես, դաւաճան, պատմութիւն չգիտցող…

Սփիւռքահայերն ալ զիրար իրար անարգելու մէջ վարպետ են, ճիշդ հայաստանցի հայուն նման: Անառարկելի է նաեւ այն, որ սփիւռքահայերն ալ, ճիշդ հայրենաբնակներուն նման, մտահոգ են Հայաստանի ապագայով,

«Առանց Նիկոլ Հայաստան» ըսողներու գլխուն շատ շուտով ամենատարբեր հայհոյանքներ կը թափին, իսկ եթէ ըսողը սփիւռքահայ է, անոր հասցէին տեղացող հայհոյանքներուն կողքին կ'ըսուի.

-Քալիֆորնիայէն (կամ Պէյրութէն եւայլն) մեզի հայրենասիրութիւն մի՛ սորվեցներ: Եթէ հայրենասէր էիր, գայիր եւ կռուէիր, հայրենիքդ պաշտպանէիր…

Սփիւռքահայը հայրենասիրութիւն չի սորվեցներ, ընդհակառակը ան յաճախ ան հայրենասիրութեան իր դասերը կ'առնէ հայաստանցիէն, որոնք սակայն իրաւո՞ւնք ունին ըսելու. -Գայիր եւ դուն կռուէիր:

Ո՛չ: Ես գիտեմ, որ սփիւռքահայեր եկան եւ պաշտպանեցին իրենց հայրենիըը, անոնցմէ նահատակուողներ ալ եղան: Վստահ եմ, սփիւռքէն շատ շատեր կու գան երբ յարկը այդպէս պահանջէ:

Հայաստանի մէջ կա՞յ մէկը, մէ՛կ հոգի, որ կ'ուզէ Արցախը Ատրպէյճանին տալ:

-Չեմ հաւատար:

Բայց կան շատեր, որ այսօր այլ ելք չեն տեսներ արցախցիին ֆիզիքական գոյութիւնը ապահովող: Կան նաեւ շատ շատեր, որոնք հաստատապէս համոզուած են, որ Ատրպէյճանի կազմին մէջ գտնուիլը ինքնին կը նշանակէ հայկականութեան ոչնչացում:

Ո՞րն է իրատեսութիւնը:

Այս հարցումին պատասխան փնտռելու միջոցին ուրիշ հարցում մը կը ցցուի մտքիս մէջ.

Բայց եթէ Ազրպէյճանը իրապէ՞ս կրնայ դիմել պատերազմի:

Իրաւունք ունին անոնք, որոնք կ'ըսեն, թէ խաղաղութեան միակ միջոցը մեր բանակը զօրացնելն է, շրջանի ամէնէն զօրաւորը դարձնելը: Բայց եթէ թշնամին այսօ՛ր սկսի պատերազմը, մենք պատրա՞ստ ենք դիմագրաւելու վտանգը, թէ՞ դարձեալ պիտի պարտուինք եւ դարեձեալ պիտի մեղադրենք զիրար, ըսելով.

-Դուն չկռուեցար, դուն փախուստ տուիր…

Կամ.

-Եթէ գիտէիր, որ այսպէս պիտի վերջանայ, ինչո՞ւ չըսիր:

Սիրելի կողմեր, կողմերու յարգելի ղեկավարներ, մեր մանտաթներու տէր առաջնորդներ՝ իշխանութիւն ունեցող կամ ընդդիմադիր, քով քովի եկէ՛ք, դժբախտութիւններէն ետք պատասխանատու փնտռելը այդ դժբախտութեան կործանածը չի վերականգներ:

Բոլո՛րդ ալ կ'ըսէք, ժողովուրդն ալ գիտէ, որ շատ վտանգաւոր ժամանակաշրջանի մը մէջ կ'ապրինք, այդ վտանգները ինչպէ՞ս դիմագրաւելու ճանապարհները ո՞վ պիտի գտնէ, ո՞վ պիտի առաջնորդէ ժողովուրդը այդ ճանապարհի երկայնքով:

Ձեր այս ընթացքով ինչպէ՞ս պիտի հաւատայ ժողովուրդը ձեզի:

Հալէպը սփիւռքին մանրակերտն է, կային (այսօր ալ կան) զիրար չսիրող, զիրար ատող կուսակցութիւններ, կազմակերպութիւններ, տարբեր դաւանանքներու տէր մարդիկ, իրար նախանձողներ, իրար տակ բորողներ… բայց Սուրիական տագնապի օրերուն այս բոլորը կրցան քով-քովի գալ եւ միասնաբար գործել յանուն ամբողջ գաղութին:

Եթէ հոն՝ դուրսը կրցան իրար հետ լեզու գտնել, հո՛ս, պետականութիւն ունեցող հայրենիքին մէջ, պետական մտածողութեան տէր մարդկանց առկայութեան ինչո՞ւ պիտի չկրնան:

The post Հայրենիք, Սփիւռք … եւ կողմեր appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #հայաստան #հայրենիք #մանուէլքէշիշեան #սփիւռք

2022-04-30

Կարգավիճակի հարցի առկախումը՝ միակ իրատեսական լուծումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստին ամփոփեց Ռուսաստան կատարած իր երկօրյա պաշտոնական այցի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Ղարաբաղյան հարցին:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ այս պահին բանակցային սեղանին դրված որևէ փաստաթուղթ կամ նույնիսկ սևագիր չկա: Նա հավելեց, որ Ռուսաստան կատարած այցի մանրամասների վերաբերյալ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ապագայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ լայն քննարկումներ կանցկացնի արցախյան հանրության բոլոր շերտերի հետ:

Ապրիլի 25-ին ԼՂՀ կառավարության ընդլայնված նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Փաշինյանի կողմից արված այդ հայտարարությունը նրանց միջև վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված որոշման արդյունքն է:

Հատկանշական է, որ այս հայտարարությունները արվում են Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո: Այցի ընթացքում, անշուշտ, քննարկվել են կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին:

Ակնհայտ է, որ ռուսական կողմը շահագրգռված չէ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերը որևէ վերջնական լուծման հասնեն, քանի որ երկարաժամկետ կտրվածքով դա նպաստելու է Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության ավարտին: Սա մեծ հաշվով եղել է Ռուսաստանի դիրքորոշումը նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ:

Հատկանշական է նաև, որ վարչապետ Փաշինյանը ռուսաստանյան իր այցի ընթացքում նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցով:

Ապրիլի 25-ին այս հայտարարության տրամաբանությունից բխող պնդում էր արել նաև Արայիկ Հարությունյանը: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նա նշել էր, որ առաջիկայում բացառում է լոկալ մարտական գործողությունների մեկնարկը:

Այսպիսով, տեսնում ենք, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների շեշտադրումներում Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Սա հավանաբար պայմանավորված է Մոսկվայի կողմից Փաշինյանին փոխանցված որոշակի մեսիջներով: Ինչպես արդեն նշեցինք, Ղարաբաղի կարգավիճակի հարցում հապճեպ որոշումները չեն բխում Ռուսաստանի շահերից:

Պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Ռուսաստանի այս դիրքորոշումը բխում է Հայաստանի շահերից: Այս փուլում կարգավիճակի հարցի առկախումը միակ իրատեսական տարբերակն է, որը կարող է ինչ-որ պայմաններ ստեղծել Արցախում հայ բնակչության պահմանման համար: Այս մոտեցման հակառակորդները հաճախ հակադարձում են, որ կարգավիճակը առկախելու դեպքում որևէ երաշխիքներ չկան, որ ապագայում ավելի վատ տարբերակներ ստիպված չենք լինելու ընդունել: Այնուամենայնիվ, սա բավականին թույլ փաստարկ է, քանի որ կարգավիճակի հարցի առկախման այլընտրանքը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով ճանաչելն է: Իսկ սա հանգեցնելու է կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով Արցախի երաշխավորված հայաթափմանը:

Ավելին, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի համար ընդունելի չէ նույնիսկ կարգավիճակի հարցում Երևանի իջեցրած նշաձողը, իսկ միջնորդները մինչ այժմ չեն կարողանում համոզել Բաքվին հրաժարվել իր առավելապաշտական մոտեցումներից: Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի ու Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան:

Բանակցությունների այս փուլում Լեռնային Ղարբաղի կարգավիճակի հարցը մի կողմ դնելու առաջարկություն է արել նաև Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկը՝ Միջազգային ճգնաժամային խումբը: Ճգնաժամային խումբը օրեր առաջ «Լեռնային Ղարաբաղ․ փնտրելով ճանապարհ դեպի խաղաղություն Ուկրաինիայի պատերազմի ստվերում» վերտառությամբ տեղեկագիր է հրապարակել: Տեղեկագրի մեջ, մասնավորապես, նշվում է․

«Այս պայմաններում ամենախոստումնալիցը կարող է լինել այն ռազմավարությունը, որի վրա միջնորդները հիմնվում էին մինչ այսօր․ քաջալերել կողմերին աշխատել միմյանց հետ պակաս զգայուն հարցերի շուրջ, ինչպիսին է տնտեսական կապերի վերականգնումը, միևնույն ժամանակ, դանդաղ որոնելով դեպի ավելի երկարաժամկետ համաձայնագիր տանող ուղին: Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի դեմարկացիան ևս ուշադրություն է պահանջում: Այս հարցերի վրա կենտրոնացումը կարող է չհեշտացնել հայ-ադրբեջանական վեճի հիմքում ընկած խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հանգուցալուծումը: Այնուամենայնիվ, եթե կողմերը կարող են շարունակել խոսել, այլ ոչ թե կռվել, հետագայում ավելի բարդ հարցերի լուծման համար անհրաժեշտ մթնոլորտը միգուցե ևս կբարելավվի»:

Ստեղծված իրավիճակում սա առաջ շարժվելու միակ իրատեսական ու խելամիտ տարբերակն է: Միջազգային ճգնաժամային խումբը ազդեցիկ կառույց է, որը վերջին տասնամյակների ընթացքում մեծ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության պատկերացումների ձևավորման գործընթացում: Այդ առումով Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Ռուսաստանի դիրքորոշումը, այնպես էլ Ճգնաժամային խմբի գնահատականը Արցախի հարցում ճակատագրական որոշումներից խուսափելու համար:

The post Կարգավիճակի հարցի առկախումը՝ միակ իրատեսական լուծումը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #լրահոս #կարծիք #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #ղարաբաղիկարգավիճակ #ռուսաստան #տիգրանգրիգորյան #փաշինյանպուտին

2022-04-30

Պետք չէ Թուրքիայից ինչ-որ բան սպասել կամ ուզել․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Իր այս շաբաթվա հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է երկու թեմայի։ Առաջինը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու շուրջ ընթացող բանակցություններին և Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Սկսենք առաջին թեմայից։ Ենթադրվում է, որ Վիեննայում տեղի կունենա երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների նպատակով հանդիպման երրորդ փուլը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարը կոչ արեց Հայաստանին խիզախ քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համար և ավելացրեց, որ երրորդ հանդիպումից հետո այդ բանակցությունները պետք է լինեն Անկարայում կամ Երևանում, ոչ թե երրորդ երկրներում։

Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես հակադարձեց նրան՝ մատնանշելով, որ իրենք առաջարկել են բացել սահմանները դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ինչը մերժվել է Էրդողանի վարչակարգի կողմից։ Եվ, ինչպես գիտեք, դա շատ փոքր բան է, քանի որ շատ քիչ մարդիկ իրականում դիվանագիտական անձնագրեր ունեն:

Ուզում եմ կենտրոնանալ Թուրքիայի արտգործնախարարի օգտագործած մեկ կոնկրետ արտահայտության վրա, այն է՝ որ Հայաստանը պետք է կատարի խիզախ քայլեր։ Խիզախ քայլեր ասելով՝ նա իրականում նկատի ունի հայերի պատրաստակամությունը՝ կապիտուլյացիայի ենթարկվել ադրբեջանական բոլոր պահանջներին:

Եվ սա որևէ կապ չունի Հայաստանի և Էրդողանի վարչակարգի միջև, դա կապ ունի Ալիևի վարչակարգի շահերի հետ։ Ալիևի վարչակարգը այս բանակցություններից իրականում երկու բան է ցանկանում։

Մեկ՝ սա նրանց ավելի լայն, նախահարձակ PR հարաբերությունների մասն է՝ աշխարհին ցույց տալու, թե իրենք փորձում են հաշտություն հաստատել հարևանների հետ, իսկ ըստ էության՝ խաբել դյուրահավատ եվրոպացիներին և ամերիկացիներին, հավատացնել, որ իրենք անկեղծ են այս հարցում, մինչդեռ իրականում դա այդպես չէ:

Եվ երկրորդը, հաշվի առնելով Ալիևի վարչակարգի հետ Թուրքիայի դաշնակցային և համագործակցային մակարդակը, այդ հարաբերությունների հաստատումն ըստ էության օգտագործվում է որպես ինչ-որ լծակ՝ հայկական պետության նկատմամբ Ալիևի պահանջները պարտադրելու համար։

Ի՞նչ հետևություններ է պետք անել այս ամենից։

Նախևառաջ, այն փաստը, որ մենք ստիպված ենք վարել այս երկար բանակցությունները, իրականում հակառակ կողմի անկեղծության բացակայության ապացույցն է, քանի որ միմյանց փոխադարձ ճանաչելը և դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների բացումը այնքան էլ բարդ գործընթաց չէ։

Երկրորդ, ես կարծում եմ, և սա առանցքային է, միշտ եղել է այն կարծիքը, որ սահմանների բացումը էապես դրական կլինի Հայաստանի համար, ինչը իրականում ճիշտ չէ: Դա գուցե ճիշտ լիներ 1993-ին, բայց այսօր, իհարկե, այդպես չէ: Ինչ վնաս էլ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հասցրեց 90-ականներին, իրականում, մեր տնտեսությունը հարմարվել է դրան և առաջ է շարժվել։

Իսկ սահմանի ցանկացած բացում և հարաբերությունների հաստատում իրականում թուրքական կողմին օգուտ է բերում նույնքան, եթե ոչ ավելի, քան հայկական կողմին՝ մի պարզ պատճառով, քանի որ սա կարող է փրկօղակ դառնալ սահմանամերձ թուրքական թշվառ, աղքատ նահանգների համար:

Վերջապես, Հայաստանի այս շրջափակումը, որքան էլ որ 90-ականներին վնասաբեր էր, ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է ունեցել՝ հօգուտ մեզ։ Ասեմ, թե ինչպես: Նախևառաջ, ի տարբերություն մեր բոլոր հարևանների, որոնք տնտեսապես սերտորեն կապված են Թուրքիայի հետ, այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ երկրում,- և դա մի երկիր է, որի տնտեսությունը մշտապես գտնվում է ցնցումների և արժույթի կտրուկ արժեզրկման շրջափուլերում,- բացարձակապես որևէ ազդեցություն չունի Հայաստանում:

Ամենակարևորն այն է, որ շրջափակումը մեզ ստիպեց վերադասավորել մեր տնտեսությունները դեպի զարգացման ու արդյունաբերության մոդելներ, որոնք իրականում չեն ներառում տրանսպորտը։ Ամենաուշագրավը երկուսն են՝ ՏՏ-ն և ադամանդի մշակումը, և երկուսն էլ փոխադրման կարիք չունեն:

Այսպիսով, այն, ինչ նրանք փորձեցին անել՝ մեկուսացնելով Հայաստանին, բումերանգի էֆեկտ ունեցավ և մղեց մեզ դեպի շատ ավելի եկամտաբեր և շատ ավելի բարձր աշխատավարձ վճարող արդյունաբերություններ:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի մասին

Անցնենք շաբաթվա երկրորդ թեմային՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Ես հաճախ ամենուր տեսնում եմ «Հիշում եմ և պահանջում» կպչուն պիտակները՝ համակարգիչների, մեքենաների վրա և այլուր։ Եվ դա ստիպում է ինձ մտածել։

Հիշելը միշտ իմաստ ունի, որովհետև մենք իրավունք չունենք երբևէ մոռանալ կատարվածը։ Սակայն ի՞նչն ենք մենք պահանջում։ Ումի՞ց ենք պահանջում։ Ո՞րն է այն մարդու բնույթը, որից մենք ինչ-որ բան ենք պահանջում: Ի՞նչ պետք է պահանջենք։

Եկա այն եզրահանգման, որ բացարձակապես՝ ոչինչ: Թույլ տվեք բացատրել. ակնհայտ է, որ այստեղ կա երկու խնդիր՝ բարոյական խնդիր, և ակնհայտորեն՝ պահանջ, քանի որ մեր նախնիները վտարվել են այն երկրից, որտեղ ապրել են հազարամյակներ շարունակ, նրանց սպանել են, հարստությունը գողացել, ոչնչացրել մշակութային ժառանգությունը․․․ մեր պահանջները լիովին իմաստալից են։

Բայց գործնական տեսանկյունից, կարծում եմ, դրանք բացարձակապես անիմաստ են։ Դրա հիմքում ընկած ակնկալիքները ենթադրում են բարոյական, պատմական, քաղաքական հասունության ըմբռնման մակարդակ, որն իրականում գոյություն չունի Թուրքիայում, այն էլ հարյուրավոր տարիներ շարունակ։

Թույլ տվեք ձեզ դրա մի լավ օրինակ բերել: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ թուրք լավագույն լրագրողներից մեկը՝ Ջենգիզ Աքթարը, մի ֆանտաստիկ արշավ նախաձեռնեց, որ եթե թուրքական պետությունը չէր պատրաստվում ներողություն խնդրել և փոխհատուցել հայերին, նա ձեռնարկեց «Ներեցե՛ք մեզ » արշավը:

Արդյունքում 32 000 տարբեր թուրք անհատներ, նշանավոր մտավորականներ ստորագրեցին այն։ 32 000 իսկապես խիզախ մարդ՝ 70-75 միլիոնանոց երկրում։ Պետք է հասկանալ, որ իրականում նրանք չեն արտացոլում իրենց հայրենակիցների տրամադրությունները, որ նրանց հայրենակիցները մեծամասամբ ատում են իրենց և իրենց արած գործը։

Հատկապես Արևմուտքում կա այսպիսի պատկերացում, թե Թուրքիան մերձավորարևելյան խեղաթյուրված կիսադեմոկրատական քաղաքական համակարգի այլ տեսակ է, մինչդեռ իրականում Թուրքիայի քաղաքական համակարգն բավական եվրոպական է: Ճիշտ է, այն 1920-ականների եվրոպական է, բայց եվրոպական է:

Եվ դրա հիմքում այն է, որ Թուրքիան վերջին չբարեփոխված ֆաշիստական պետությունն է հետհամաշխարհայինպատերազմյան ժամանակաշրջանում։ Խոսքը խորքային պետության գաղափարի մասին է, մի պետության, որը վեր և անդին է սոցիալական, դասակարգային բոլոր բաժանումներից և կարող է բոլոր ճիշտ որոշումները կայացնել այս առասպելական հանրույթի համար:

Եվ այն, ինչ արել է պետությունը, տվյալ դեպքում՝ թուրքական պետությունը, ըստ էության, 100 տարվա սպանություններն են՝ հայերի, հույների, հրեաների և ասորիների։ Եվ երբ դրանք ավարտեցին, անցան ոչ սուննի թուրք փոքրամասնություններին, իսկ այժմ բոլորին, որոնք առաջադեմ կամ ձախ են:

Հիմա եկեք տեսնենք, թե թուրքական այս պետությանն ինչ է հաջողվել իրականացնել վերջին 100 տարիների ընթացքում։ 100 տարվա խաղաղությունից, ՆԱՏՕ-ին անդամակցության 65 տարիներից, աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավոր բոլոր առավելություններից հետո Թուրքիան իր բոլոր տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական կատարողականի ցուցանիշներով հանդերձ բազմադարյա ձախողված պետականաշինության նախագիծ է

Հիմա կհարցնեք՝ ինչպե՞ս կարող եմ այդ պետությանն անվանել ձախողված պետություն կամ ձախողված պետականաշինական ծրագիր․ չէ՞ որ այն ակնհայտորեն շատ ֆունկցիոնալ պետություն է, ունի ռազմական ուժ, կուռ պետական համակարգ, լրջորեն է ընկալվում աշխարհի բոլոր տերությունների կողմից: Շատ պարզ․ որովհետև երեք նախադրյալ է պետք հաջողակ երկիր, ոչ թե պետություն լինելու համար։ Նախ՝ որքան է ունևոր է քո ժողովուրդը։ Երկրորդ՝ քո ժողովուրդն ազա՞տ է և կառավարվում է օրենքի գերակայության ներքո՞: Դա առանցքային է: Եվ երրորդ՝ երկրի քաղաքական տնտեսական մոդելը գրավի՞չ մոդել է այլ երկրների մարդկանց համար:

Եթե դատենք այդ երկրի մասին վերոնշյալ երեք չափանիշներով, ապա բոլոր երեք հարցերի պատասխանը կտրականապես բացասական է: Եվ չկա դրա ավելի լավ օրինակ, քան այն փաստը, որ կան անթիվ անհամար հարցումներ, երբ 18-29 տարեկան թուրք երիտասարդներին հարցնում են՝ արդյոք նրանք լքելո՞ւ են երկիրը, ավելի քան 70%-ը պատասխանում է՝ այո, եթե հնարավորություն լինի, և նրանց ավելի քան 40%-ը իրականում դա անելու ծրագրեր է կազմել:

Դիտարկենք այս ցուցանիշները իրական արտահայտությամբ։ Ցանկանում եք տեսնել տնտեսության ձախողո՞ւմ՝ մեկ շնչին ընկնող բաժին ընկնող եկամուտը Թուրքիայում 8 000 դոլարի սահմաններում է և նվազում է՝ ազգային արժույթի շարունակական արժեզրկման պատճառով: Համեմատության համար Հունաստանում, որը հազիվ թե միջազգային տնտեսության մեջ հսկայական հաջողության պատմություն լինի, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 17-18 000-ի միջակայքում է, և շատ ավելի հարուստ երկիր է՝ չնայած բոլոր դժվարություններին:

Անցնենք քաղաքական համակարգին։ Ես կարծում եմ, որ սա առանցքային է: Կարծիք կա, որ Թուրքիայի քաղաքական համակարգի խնդիրը Էրդողանն է, որի հեռանալուց հետո ամեն ինչ փոխվելու է: Իրականում դա այդպես չէ: Թուրքական ընդդիմությունը, բացառությամբ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության » (ԺԴԿ- HDP ), որը քրդամետ առաջադեմ կուսակցություն է, ըստ էության համաձայն է բոլոր հիմնական կետերի հետ։ Նրանք դեմ չեն թուրքական պետության հիմնական ֆաշիստական բնույթին, նրանք պարզապես ցանկանում են, որ երկիրը ղեկավարեն ավելի լավ, ավելի կոմպետենտ և ավելի քիչ կոռումպացված մարդիկ:

Իրականում, Էրդողանը և նրա շրջապատում գտնվող կիսամարդիկ շատ ավելի են արտացոլում երկիրը, քան շատերը կցանկանային խոստովանել: Որպես վերջնական չափում՝ երկրի, քաղաքական համակարգի կամ մշակույթի մասին կարելի է դատել գաղափարներ կամ քաղաքական առաջնորդներ ստեղծելու ունակությամբ, որոնք ավելացնում են մարդկային ազատության ընդհանուր հանրագումարը։

Ուստի ես հարց ունեմ՝ ու՞ր է թուրք Նելսոն Մանդելան կամ Վացլավ Հավելը կամ նույնիսկ Միխայիլ Գորբաչովը: Ճշմարտությունն այն է, որ այդ երկիրը ծնունդ տվել է այդ տրամաչափի մարդկանց, սակայն, ի տարբերություն այլ երկրների, նրանք կա՛մ սպանվում են, կա՛մ բանտարկվում, կա՛մ աքսորվում:

Մի խոսքով, նրանք երկիր կամ ազգ չեն, որից արժէ ինչ-որ բան պահանջել։ Նրանք պարզապես չափազանց անվստահ են, անհաս և ողորմելի ամեն առումով, որպեսզի նրանցից որևէ ակնկալիք ունենանք:

Մեր խնդիրն է ստեղծել հարուստ, ուժեղ և խորը քաղաքական և միջազգային հարաբերություններ ունեցող երկիր, որը կարող է նվազագույնի հասցնել թուրքական վարչակարգի կամ այդ երկրի ազդեցությունը մեր կյանքի վրա: Մնացած բոլոր սպասումները պարզապես պատրանքներ են։

Խղճա՛ այն ազգին, որի ժողովուրդը ոչխար է, իսկ հովիվները մոլորեցնում են նրան։ Խղճա այն ազգին, որի առաջնորդները ստախոս են, որոնց իմաստունները լռում են, և որոնց մոլեռանդները լցնում են եթերը: Խղճա՛ այն ազգին, որն իր ձայնը բարձրացնում է միայն նվաճողներին գովաբանելիս և կռվարարին հերոս համարելիս, և նպատակ ունի կառավարել աշխարհը ուժով և խոշտանգումներով:

The post Պետք չէ Թուրքիայից ինչ-որ բան սպասել կամ ուզել․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը appeared first on CIVILNET.

#թուրքիա #թոփ #լրահոս #կարծիք #հարեւաններ #տարածաշրջան

2022-04-26

Արցախի խնդիրն ու Մարիա Կարապետյանի մոլորեցնող պնդումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիի 13-ի ելույթից հետո, երբ նա հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու վերբերյալ միջազգային հանրության պահանջի մասին, իշխանական մի շարք գործիչներ սկսել են քարոզչական ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ: Վերջին օրերի ընթացքում իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ փորձելով հասարակությանը հրամցնել մի շարք թեզեր:

Այդ թեզերից գլխավորը այն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին երբեք չեն եղել փաստաթղթեր, որոնք Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում էին Ադրբեջանից դուրս կարգավիճակ: Այս հարցում առանձահատուկ եռանդ է ցուցաբերում իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Տիկին Կարապետյանը ապրիլի 18-ին հարցազրույց էր տվել ՍիվիՆեթին և մոլորեցնող հայտարարություններ արել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հարցազրույցի առաջին րոպեներից տիկին Կարապետյանը մի շարք պնդումներ էր անում, որոնք ամբողջովին աղավաղում էին Ղարաբաղյան հակամարտության էությունը: Նա, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը անվանում է «այսպես կոչված հաղթանակած պատերազմ»: Ըստ նրա՝ հաղթանակը «այսպես կոչված» էր, քանի որ հայկական կողմը զոհեր էր ունեցել: Կարապետյանը Ղարաբաղյան առաջին պատերազմը անվանում է նաև «տարածքային հողահավաքչության մեծ պրոյեկտ»:

Եթե շարժվենք Մարիա Կարապետյանի տրամաբանությամբ, ապա պիտի արձանագրենք, որ պատմության մեջ ոչ մի պատերազմում հաղթողներ չեն եղել, քանի որ բոլոր պատարեզմներում էլ զոհեր են եղել: Հետաքրքիր մոտեցում է, երբ խաղաղաշինական ծրագրի մասնակից կամ կազմակերիչ ես, բայց քաղաքական գործչից նմանատիպ անլուրջ հայտարարություններ լսելը, ինչ խոսք, անսովոր է:

Այնուամենայնիվ, Կարապետյանի խոսքի այս հատվածում առավել վտանգավոր է նրա հնչեցրած միտքն այն մասին, որ «Ղարաբաղյան առաջին պատերազմը տարածքային հողահավաքչական մեծ պրոյեկտ էր»: Սա ադրբեջանցիների կողմից վերջին տասնամյակների ընթացքում շրջանառության մեջ մտցված թեզ է, որին վերջում շրջանում փորձել էին գիտական փաթեթավորում տալ հակամարտությամբ զբաղվող որոշ միջազգային փորձագետներ: Այդ առումով այս կեղծ թեզերը դաշտ մտցնող բոլոր մարդկանց հարկ է մի քանի անհերքելի իրողություններ հիշեցնել առաջին պատերազմի վերաբերյալ:

Ղարաբաղյան առաջին պատերազմը հայկական կողմը չի սկսել: Սա արձանագրված փաստ է: Ավելին, պատերազմի առաջին փուլում ինքնին Լեռնային Ղարաբաղի գոյությունն էր վտանգված: Օրինակ, 1992-ի ամռանը Ադրբեջանը օկուպացրել էր նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 40 տոկոսից ավելին: Ստեփանակերտը լցված էր Մարտակերտի ու Շահումյանի շրջաններից տասնյակ հազարավոր փախստականներով: Միջնորդ երկրները այս փուլում մտահոգություն էին հայտնում, որ շուտով բանակցությունների առարկան գոյություն չի ունենալու:

ԼՂԻՄ-ի տարածքից դուրս շրջանների նկատմամբ վերահսկողության հաստատումը ևս պրագմատիկ նպատակ էր հետապնդում: Այսպես, առանց Քելբաջարի նկատմամբ վերահսկողության հաստատման հնարավոր չէր, օրինակ, ազատագրել Մարտակերտը: Այդ տարիներին ռազմական նպատակահարմարությունն էր ընկած հայկական զինված ուժերի գործողությունների հիմքում, այլ ոչ թե ինչ-որ մտացածին հողահավաքչական պրոյեկտները, որոնք գոյություն ունեին միայն երևանյան մտավորականության ուղեղներում: Պատերազմի ավարտից հետո այդ տարածքները դիտարկվում էին որպես միմիայն խաղաթուղթ ապագա բանակցություններում: Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ վերջին տասնամյակների ընթացքում այդ տարածքների բնակեցման ու զարգացման պետական որևէ հայեցակարգ երբեք գոյություն չի ունեցել:

Հարցազրույցի ընթացքում Մարիա Կարապետյանը, ինչպես նաև մինչ այդ վարչապետ Փաշինյանը, փորձում է հանրությանը հրամցնել ադրբեջանական այն քարոզչական թեզը, որ մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հնարավոր էր միայն Ադրբեջանի կազմում: Կարապետյանը, մասնավորապես, պնդում է․

«Մադրիդյան փաստաթուղթը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներից երեքը առանձնացնում է, թղթի վրա ամրագրում է: Ո՞րն էր ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմը՝ հանրաքվեն: Ուրեմն, սկզբունքը կոչվում է ազգերի ինքնորոշման, հանրաքվեի մասին դրույթը ասում է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, իսկ մենք հասկանում ենք, չէ՞, որ վերջնական կարգավիճակ չի նշանակում դեռևս անկախություն, նշանակում է վերջնական մի որևէ կարգավիճակ: Վերջնական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը: Հիմա ինձ բացատրեք՝ ի՞նչ տարբերություն «ազգերի ինքնորոշում» ձևակերպման մեջ «ազգ» բառի միջև, «համաժողովրդական հանրաքվե» ձևակերպման մեջ «ժողովուրդ» բառի միջև և Լեռնային Ղարաբաղի «բնակչություն» բառի միջև: Էդ երեք շերտը տարբերությունների, էդ ծուղակը չի՞, որի մեջ մենք ընկել ենք և ինքներս մեզ համար, մեր փակ տիրույթում տարիներ շարունակ կրկնել, որ իբրև էդպիսի իրատեսական, գործնական ճանապարհ է դեպի անկախացում: Ընդ որում, էդ նույն մադրիդյան սկզբունքների մեջ ամրագրված է, որ հանրաքվեի ժամկետները և այլ պարամետրեր ապագա բանակցությունների հարց են: Այսինքն, ե՞րբ պետք է տեղի ունենար այդ հանրաքվեն և ո՞վ պետք է մասնակցեր: Այսինքն, այնտեղ ամրագրված չէր, որ միայն ․․․ _նախ, Լեռնային Ղարաբաղը ոչ թե օժտվում է «ժողովուրդ» կարգավիճակով, այլ՝ «բնակիչներ», բայց նույնիսկ եթե «բնակիչներ», գրված չի, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն են մասնակցելու այդ հանրաքվեին: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահյտությունը: Էդտեղ որտե՞ղ եք դուք տեսնում երաշխավորված ճանապարհ դեպի անկախություն: Ես տեսնում եմ, որ էդ բանակցությունները ենթադրել են նաև, եթե մտել ես էդ բանակցությունների մեջ, ենթադրել ես նաև, որ էդ ճանապարհը կարա հանգեցնի լրիվ այլ հանգրվանի»: _

Ինչպես տեսնում ենք, տիկին Կարապետյանը, փաստորեն, կա՛մ չի կարդացել Մադրիդյան փաստաթուղթը, կա՛մ էլ ակնհայտ նենգափոխում է այն: Սկսենք նրանից, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքը ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է, այլ՝ ժողովուրդների: Մադրիդյան փաստաթղթում «համաժողովրդական հանրաքվե» եզրույթ պարզապես գոյություն չունի: ԼՂ վերջնական կարգավիճակի մասին կետում խոսվում է պլեբիսցիտի մասին, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Նշենք, որ «համաժողովրդական հանրաքվե» եզրույթ չկա նաև Կազանյան փաստաթղթում, որը ածանցյալ է Մադրիդյանից: Ուստի, երեք շերտերի վերաբերյալ Կարապետյանի տեսությունը նույնիսկ փաստական հենք չունի:
Պլեբիսցիտի անցկացման ժամկետների վերաբերյալ Կարապետյանի պնդումը համապատասխանում է իրականությանը: Ժամկետները իրոք պիտի բանակցվեին ապագայում: Այնուամենայնիվ, իշխանական պատգամավորը նենգափոխում է, երբ պնդում է, թե Մադրիդյան փաստաթղթում չի նշվում, թե ով պիտի մասնակցի պլեբիսցիտին: Այսպես, Մադրիդյան փաստաթղթում հստակ նշվում է, որ պլեբիսցիտը ԼՂ բնակչությանը կընձեռնի ազատ կամարտահայտության հնարավորություն: Կազանյան փաստաթղթում այս հատվածը նույնիսկ ավելի հստակ է ձևակերպված և տարընթերցումների տեղ չի թողնում՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»:

Մադրիդյան ու Կազանյան փաստաթղթերի նույն կետում սահմանվում է նաև, որ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Սա նշանակում է, որ եթե պլեբիսցիտը կամ ազատ կամարտահայտությունը նույնիսկ 100 տարի հետո տեղի ունենային, միևնույն է, այս համամասնությունը կպահպանվեր:

Հարցազրույցի ընթացքում Կարապետյանը շարունակում է առաջ տանել այն գաղափարը, որ կարգավիճակի հարցում նշաձողը բանակցային փաստաթղթերում միշտ իջեցրած է եղել: Նա, մասնավորապես, նշում է․

_«Կարգավիճակի մասին հետքայլը մեր հանրային ընկալումների մեջ պետք է անենք, էդ հետքայլը վաղուց էդ փաստաթղթերում արած է: 94 թվականի առաջին փաթեթային տարբերակը ձեզ օրինակ, «Ընդհանուր պետության», էդ ընդհանուր պետությունը գիտեք, չէ՞, Ղարաբաղի ու Ադրբեջանի ընդհանուր պետությունն է, Ղարաբաղի ու Հայաստանի ընդհանուր պետությունը չէ: Էդ բոլոր փաստաթղթերում էդ կարգավիճակի նշաձողը լավ իջացրած է: Մենք ընդամենը պետք է համարձակություն ունենանք, արիություն ունենաք էդ մեր հանրային դիսկուրսի մեջ էդ նշաձողը կոտրենք»: _

Կարապետյանի խոսքի **** այս հատվածում ականտես ենք մի երևույթի, որ հասարակագիտության մեջ կոչվում է cherry picking: Այսինքն, միտումնավոր կերպով այնպիսի օրինակների օգտագործում, որոնք օգտակար են քո կողմից առաջ քաշվող վարկածին: Այո, 1994 ու 1997 թվականնների փաթեթային տարբերակով, ինչպես նաև 1998-ի «Ընդհանուր պետության» տարբերակով Լեռնային Ղարաբաղը ստանում էր կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այնուամենայնիվ, Կարապետյանը, օրինակ, չի խոսում 2001-ին Քի Վեսթում բանակցային սեղանին դրված փաստաթղթի մասին, որով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի հետ պիտի դե յուրե դառնար Հայաստանի Հանրապետության մաս: Քի Վեսթը բանակցային այն քիչ փաստաթղթերից է, որոնք մինչ այսօր դեռ չեն հրապարակվել: Այնումենայնիվ, լրագրող Թաթուլ Հակոբյանը ժամանակին ուներ այդ փաստաթղթի կրկնօրինակը: Ստորև տեղադրված է մի հատված Քի Վեսթի վերաբերյալ Հակոբյանի հոդվածից

«Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը»:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, առնվազն 2001-ից սկսած՝ բանակցային սեղանին դրված էին փաստաթղթեր, որոնք Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալու առնվազն տեսական հնարավարություն էին տալիս: Այդ փաստաթղթերը մշակվել ու սեղանին էին դրվել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, այսինքն՝ միջազգային հանրության կողմից: Այդ առումով պատմությունը կեղծելու այս պարզամիտ փորձերը պարզապես զավեշտալի են: Իսկ Մարիա Կարապետյանը կա՛մ չի տիրապետում վերջին տասնամյակների բանակցային բովանդակությանը, կա՛մ էլ պարզապես նեղ խմբակային շահերը սպասակող մանիպուլացիայով է զբաղված:

The post Արցախի խնդիրն ու Մարիա Կարապետյանի մոլորեցնող պնդումները appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #կարծիք #տարածաշրջան #մարիակարապետյանղարաբաղիհարց

2022-04-18

Արցախի իշխանությունների անիմաստ մարմնաշարժումները

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Ապրիլի 15-ին նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց հրամանագիր, որը սահմանում է Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները:

Կանոնի առաջին կետը սահմանում է, որ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակային տարածումը կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը:

Ինչպես իրավաբան ընկերս է բացատրում, սա նշանակում է, որ եթե պետությունը ասում է՝ Քարագլուխը ամբողջությամբ մենք ենք վերահսկում, իրավունք չունես այլ տարբերակ ներկայացնել: Անգամ եթե հարցազրույցի ժամանակ որևէ մեկը այլընտրանքային տեղեկություն է հաղորդում, պատասխան կրողը դրա համար լրագրողն ու լրատվամիջոցն է:

Անկասկած, խստացումն ու սահմանափակումները Արցախին անհրաժեշտ են, գոյաբանական նշանակություն ունեն: Վաղուց էր պետք: Սակայն ինչո՞ւ են սկսում խստացումները տեղեկատվական դաշտից, ուրիշ անելիք չկա՞:

Կամ էլ՝ մի՞թե այդքան շատ լրատվամիջոց ունենք Արցախում: Մի բուռ լրագրող ենք։ Կամ էլ՝ ինչպե՞ս եք պատժելու պաշտոնական տեղեկատվությանը հերքող տեղեկատվություն տարածող օգտատերերին: Իսկ տելեգերամյան ալիքների՞ն, որոնց ավելի կոշտ ռեժիմները չեն կարողանում «վնասազերծել» (այդ կանոններից մեկը սահմանում է՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով

Ինձ ասում են՝ այդ ո՞ր օրենքն է Արցախում գործում, որ մի հատ էլ անհագստանում ես: Այդ դեպքում ինչո՞ւ է էներգիա ծախսվում խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Մի՞թե հնարավոր չէ այդ «ստեղծագործական» ներուժը մեկ այլ տեղ ուղղել:

Քարագլխի օրինակ լավն էր, կարելի է շարունակել: Երբ պետությունը հայտնեց, որ որոշ բարձունքներում դիրքավորվել են ադրբեջանցիները, հայտնվեցին ինչ-որ բլոգերները, որոնք սկսեցին «ա-լյա արծրունական ոճով»

հայտարարել, որ ռուսները քշել են նրանց: Հետագայում պարզվեց, որ ապատեղեկատվություն է:

Եթե որոշել եք պատժել նման ապատեղտեկատվություն տարածողներին, գործը ձերն է, սակայն ինչո՞ւ եք թիրախավորում նաև խաղի կանոններով առաջնորդվող, բաց ճակատով աշխատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք պետական մարմիններից հաճախ ավելի լավ գիտեն, թե ինչն է հրապարակման ենթակա, ինչը՝ ոչ: Նման «սպառնալիքների» ներքո ո՞ր մի պատգամավորն ու պաշտոնյան է ցանկանալու հարցազրույց տալ, որոնք մինչ այդ էլ խուսափում են բարդ հարցերին պատասխանել։ Հիմա էլ հիանալի առիթ են ունենալու հարցազրույցներից խուսափելու համար:

Բացի այդ, ինչ մեղքս թաքցնեմ՝ Արցախում աշխատող լրագրողներս բավական մեծ ինքնագրաքննության չափաբաժին արդեն իսկ ունենք…

Դեռ տարեսկզբին Արցախի պետնախարարը հայտնեց, որ պետական բոլոր պաշտոնյաները և՛ պարբերաբար ընդունելություն կազմակերպեն, և՛ հարցումներին պատասխանեն, և՛ պահպանեն թափանցիկության հնարավորինս բարձր մակարդակ»։ Հաջորդ օրը խորհրակդցության ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս խոսեց թափանցիկության վերաբերյալ․ «Մենք հասարակությանը պետք է տեղեկացնենք զարգացումների ու ծրագրերի մասին, որպեսզի հասարակությունը հասկանա, որ երկիրը կանգնած չէ։ Եվ այդ առումով մենք շատ զգույշ պիտի լինենք, և կառավարության անդամները պիտի ուենան պարտադիր շփումներ լրագրողների հետ»։ Ընդամենը երեք ամիս է անցել, ահա ձեզ թափանցիկություն:

Արայիկ Հարությունյանին հարցեր շատ են կուտակվել՝ ի՞նչ արժանիքների համար է ԱԱԾ նախկին տնօրենը Կամո Աղաջանյանը պաշտոն ստացել (Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով): Զուտ նրա համար, որ ընտրություններին Աղաջանյանների ընտանիքն աջակցե՞լ է Հարությունյանին։ Ինչո՞ւ են սկսել հաջողությամբ ընթանալ նրա ընկեր Ռալանդ Այդինյանի գործերը շինարարության բնագավառում։ Ինչո՞ւ է կրթության նախարարը փոխվել և ո՞ր մի տաղանդի համար է կրթության նախարար նշանակվել Ստեփանակերտի դպրոցներից մեկի տնօրենը: Եվ այդպես շարունակ: Առհասարակ, նախըտրանական շրջանում հարցազրույցների համար հերթ կանգնող 12 թեկնածուներից քանի՞սն է պատրաստ խոսել մարդկանց հետ:

Հարցերը շատ են։ Այդ հարցերին չեն շտապում պատասխանել Արայիկ Հարությունյանի թիմակիցները, նաև քաղաքական գործիչներ այլ ճամբարից: Իսկ պատրաստի տեքստով Ազգային ժողովի ամբիոնից Չերչիլի ոճով պատրաստի տեքստեր արտասանելը այդքան էլ դժվար չէ:

Արայիկ Հարությունյանին, իրոք, կցանկանայի կամքի դրսևորում, բայց սկսել պետք է այլ տեղից: Նաև, պետք է վերջ տալ մարդկանց լռեցնել ու հանգստացնել բլիթի միջոցով, որը նրա մոտ շատ լավ է ստացվում: Ժամանակն է անցնել մտրակին, բայց այդ մտրակը չթափահարել հենց այնպես օդում՝ տուրք տալով ամբոխահաճությանը: Արցախում փաստացի ռազմական դրություն է: Պե՞տք է 92-ի օրինակով ՊՊԿ-ի նման կառույց ստեծել, ստեղծե՛ք: Էլ ինչո՞ւ եք հասարակությանը մատների վրա խաղացնում: Ինչո՞ւ եք հակառակ կողմից սկսում:

Իսկ վերոնշյալ ներուժը, ինչպես ասացի, անհրաժեշտ է ուղղել ոչ թե ղժղժան ակտիվիստների ու մինչ օրս երկրի ծանրագույն վիճակը չգիտակցող ընդդիմադիրներին լռեցնելու փորձերով, այլ՝ գործով զբաղվելով:

Սույն հրամանագրի մեկ այլ կետի համաձայն՝ ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների ու տեղեկությունների վերացումը, իրականացնել տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք։

Երբ սպառվում է «կրեատիվը», գլուխ են բարձրանում «առգրավումն» ու «կալանքը»։

The post Արցախի իշխանությունների անիմաստ մարմնաշարժումները appeared first on CIVILNET.

#արցախ #լրահոս #կարծիք #արայիկհարությունյան #արտակբեգլարյան #խոսքիազատություն #խոսքիիրավունք #սահմափակումներ #տեղեկատվականշտաբ

2022-04-16

Արցախի շուրջ․ ինչ են ցանկանում Արևմուտքը և Ռուսաստանը և ինչ սցենարներ են հնարավոր

Երկշաբաթյա լրահոս

Վերջին երկու շաբաթների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցան մի շարք էական զարգացումներ: Ապրիլի 6-ին Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում կայացավ Փաշինյան – Ալիև հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին արագացնել երկկողմ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված աշխատանքները և մինչև ապրիլի վերջ ձևավորել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: Ապրիլի 8-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ փաստացի կազմալուծելով համանախագահության ինստիտուտը:

Ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը՝ փաստացի ակնարկելով, որ Հայաստանը պետք է համաձայնի հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի կազմում Արցախի համար ինքնավար կարգավիճակի սահմանմամբ: Այս հայտարարությունը կտրուկ հակազդեցություն առաջացրեց Արցախում, որի Ազգային ժողովը Հայաստանի իշխանություններից պահանջեց հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»:

Բրյուսելյան հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույցներ ունեցան Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելով խաղաղության համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր: Ապրիլի 15-ին կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հերթական հեռախոսազրույցը, կրկին քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, ինչպես նաև ապրիլի 19-ից 20-ը Մոսկվա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի մանրամասները:

Արցախի խնդիրը՝ տարածաշրջանային մեծ պատկերում

Արցախի շուրջ ընթացող զարգացումները հնարավոր չէ տարանջատել տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից: 2022-ի փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստան – Արևմուտք փաստացի պատերազմի պայմաններում Արևմուտքն էլ ավելի է ինտենսիվացրել Ռուսաստանի զսպման և հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս թուլացնելու ռազմավարությունը: Հարավային Կովկասում այդ ռազմավարությունը ենթադրում է սկզբում Արցախից, հետո Հայաստանից, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում նաև Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերում:

Այս շարքում առաջնահերթ խնդիրը Արցախից ռուսական ուժերի հեռացումն է: Արևմուտքը դրան կարող է հասնել երկու ճանապարհով՝ Արցախում տեղակայել միջազգային (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատ ունեցող) միջազգային խաղաղապահ առաքելություն կամ հասնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը: Առաջին տարբերակը անիրատեսական է, քանի որ Ռուսաստանը թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, թե՛ ԵԱՀԿ-ում ունի վետոյի իրավունք: Բացի այդ, Ադրբեջանը ևս համաձայն չէ Արցախում միջազգային մանդատով խաղաղապահ առաքելության տեղակայմանը:

Այս պայմաններում Արցախից ռուսական զորքերի դուրսբերման միակ հնարավոր տարբերակը հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների ձեռքբերումն է: Դրանից հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Արևմուտքը կարող են պահանջել ռուսական ուժերի դուրսբերում՝ հայտարարելով, որ Արցախում այլևս չկա նոր պատերազմի վտանգ, և ռուսական ուժերի առաքելությունն ավարտված է:

Ինչ են ցանկանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն

ԱՄՆ-ի և Եվրամիության տեսանկյունից 2020-ի պատերազմից հետո Ղարաբաղի խնդրում փոխզիջումը կարող է ունենալ հետևյալ տեսքը. Հայաստանը հրաժարվում է «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» բանաձևից, իսկ Ալիևը հրաժարվում է «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կարգավիճակը նետված է պատմության աղբահորը» տեսակետից: Այս քայլերից հետո Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնում են Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի շուրջ: Չի բացառվում, որ եվրոպացիներն ու ամերիկացիները իրոք հավատում են, որ միջազգային երաշխիքների առկայության պայմաններում արցախահայությունը կարող է բարեկեցիկ ապրել Ադրբեջանի կազմում՝ օգտվելով տեղական ինքնակառավարման Եվրամիության փորձից և Եվրոպայի խորհրդի էթնիկ փոքրամասնությունների իրավունքները երաշխավորող կոնվենցիաներից:

Արցախից ռուսական զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը փորձում են հնարավորինս արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արևմուտքի տեսակետներն այս հարցում չեն փոխվել վերջին երեսուն տարիների ընթացքում: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում հայերը ավելի քիչ կվախենան թուրքերից, իսկ որքան քիչ վախ թուրքերի նկատմամբ, այնքան քիչ կապ ռուսների հետ, որն էլ ի վերջո կհանգեցնի Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրս բերմանը:

Ինչ է ցանկանում Ռուսաստանը

Ռուսաստանը ևս շահագրգռված է հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկով՝ դա դիտարկելով որպես տարածաշրջանը կայունացնող գործոն: Ռուսաստանը միշտ էլ ցանկացել է իր ազդեցությունը ամրապնդել ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում ու Արցախում ռուսական զորքերի տեղակայումը դիտարկում է առաջին հերթին այդ պրիզմայով: Ռուսաստանը ներկայում զրո ցանկություն ունի խնդիրներ ունենալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման կամ Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանը որևէ ցանկություն չունի թեկուզ լոկալ մակարդակում ռազմական բախման մեջ մտնել Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախի շփման գծի երկայնքով, իսկ նման միջադեպերը բացառելու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատում և սահմանագծում և հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրում:

Ռուսաստանն առայժմ դրական չեզոքությամբ է վերաբերվում նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ դա ևս դիտարկելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման և ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերություններում ավելորդ կնճիռներ չստեղծելու ռազմավարության համատեքստում: Ճանաչելով հանդերձ Արցախը որպես դե յուրե Ադրբեջանի տարածք՝ Ռուսաստանը մտադրություն չունի Արցախից դուրս բերելու իր ուժերը՝ դիտարկելով դե յուրե Արդբեջան, դե ֆակտո ռուսական պրոտեկտորատ տարբերակը որպես առաջիկա տարիներին Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր համար առավել ընդունելի տարբերակ:

Հարավային Կովկասում ներկայացված բոլոր արտաքին ուժային կենտրոններն այս պահին շահագրգռված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկով և սահմանների սահմանազատման և սահմանագծման իրականացմամբ: Սակայն եթե Արևմուտքի ռազմավարական նպատակը Արցախից և Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումն է, ապա Ռուսաստանը ձգտում է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ակնհայտ է, որ չնայած եվրոպացիների բոլոր հույսերին, Արցախից ռուսական ուժերի դուրսբերման և նրանց փոխարեն օտարերկրյա այլ ռազմական ներկայության չտեղակայման պարագայում Արցախը շատ արագ կհայաթափվի:

Արցախում ռուսական ռազմական երկարաժամկետ ներկայությունը ևս հարյուր տոկոսով երաշխավորված չէ՝ տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների հաշվառմամբ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի երկու զուգահեռ ուղղություններով՝ անել իրենից կախված ամեն ինչ ռուսական ռազմական ներկայությունն Արցախում հնարավորինս երկարացնելու համար և միաժամանակ մշակել «պլան Բ» որևէ պատճառով Արցախից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Այս համատեքստում Հայաստանի կողմից պաշտոնապես Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն ու ստորագրումը չի նպաստի առաջին խնդրի լուծմանը: Առավել նպատակահարմար է կենտրոնանալ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վրա՝ առանց Արցախի հիշատակման, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում խուսափել այդտեղ Արցախի կարգավիճակի արծարծումից՝ հայտարարելով, որ դա կարող են անել միայն Արցախի իշխանությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ այդ դեպքում Ադրբեջանը շարունակելու է ռազմական սադրանքները և էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, սակայն Հայաստանի տարածքի ամբողջական կամ մասնակի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի օկուպացիայի փորձերի հավանականությունը մոտ է զրոյի:

Առաջիկա տարիներին արցախահայությունը կանգնած է լինելու հետևյալ երկու տարբերակների ընտրության վրա՝ ռուսական ուժերի Արցախից հեռացում և Արցախի շատ արագ հայաթափում, կամ «դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո ռուսական պրոտեկտորատ» պայմաններում ապրելու: Իհարկե, պետք է գիտակցել, որ երկրորդ սցենարի դեպքում Ադրբեջանն անընդհատ գնալու է շփման գծի երկայնքով ռազմական սադրանքների իրականացմանը՝ այդ ճանապարհով փորձելով արագացնել հայերի հեռացումը Արցախից:

The post Արցախի շուրջ․ ինչ են ցանկանում Արևմուտքը և Ռուսաստանը և ինչ սցենարներ են հնարավոր appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #կարծիք #տարածաշրջան #քաղաքականություն #բենյամինպողոսյանարցախիխնդիր #լղխնդիրսցենարներ

2022-04-16

Եթե դառնաս Չեմբեռլեն, ի վերջո քեզ կփոխարինի հայկական Չերչիլը․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը Փաշինյանի «խաղաղության օրակարգին»

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին զարգացումները, անդրադառնում հարցին, թե արդյոք արցախահայության ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը հետին պլան է մղվում։

Այս շաբաթ կխոսենք Արցախի կարգավիճակի վերաբերյալ ներկա կառավարության հռետորաբանությունում ակնհայտ փոփոխության մասին։ Տեսնենք՝ ինչպես է այն փոխվել։ Հայաստանի տարբեր վարչակազմերի, այդ թվում ներկա վարչակազմի դիրքորոշումը կայուն էր՝ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, որովհետև միջազգային իրավունքում տարածքային ամբողջականությունը հավասարազոր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

Իրականում, սակայն, դա այդպես չէ։ Աշխարհի տերությունների մեծ մասը շատ ավելի կարևորում է տարածքային ամբողջականությունը, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց իրավականորեն դրանք հավասար կշիռ ունեն։

Անցած մի քանի ամիսներին ականատես ենք եղել բանակցությունների, որոնց գագաթնակետը ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլի Միշելի միջնորդությամբ, ու արդյունքում հայտարարությունը, որ երկրները շարժվում են խաղաղության բանակցությունների մեկնարկման ուղղությամբ։

Սա կառավարության ու վարչապետի կողմից ինքնորոշման իրավունքի մասին խոսելուց մարդու իրավունքների մասին խոսելուն անցում կատարելու շատ ավարտուն քայլ է։ Այսինքն, հիմա այս խնդիրը մարդու իրավունքների տիրույթում է, ինչն իհարկե, էական է այն առումով, թե ինչի ենք ձգտում մենք, սակայն այն նշաձողի իջեցում է ժողովրդի ինքնակառավարվելու և ինքն իրեն պաշտպանելու կարողությունից՝ ցեղասպանական վարչակարգի հետ գործ ունենալու համատեքստում։

Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում տարածքային ամբողջականության այս հայեցակարգը։ Շատ տեխնիկական տեսանկյունից, 1992-ի ԱՊՀ համաձայնագրով երկու երկրներն էլ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն տարածքային ամբողջականությունը միշտ տարբեր մարդկանց համար տարբեր իմաստ է ունեցել։

Ալիևի համար դա Հայաստանի կողմից ճանաչումն է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։

Վերջին երեսուն տարիների Հայաստանի դիրքորոշմամբ՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Արցախը առանձին հարց է, որը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, երբ խոսում ենք Արցախի վերջնական կարգավիճակի մասին։ Սա է միջազգային դերակատարների տեսակետը, որ չնայած երկրների՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, այս հարցը լուծված չէ և բանակցությունների ենթակա է։

Պետք է հասկանանք՝ որն է եղել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերջին երեսուն տարիներին։ Պատճառներից մեկը, որ Հայաստանը երբեք չի ասել, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն է, որ բազմիցս կրկնել ենք՝ Արցախի հարցը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը արցախահայության ու Բաքվի իշխանությունների միջև է, և չի ներառում Հայաստանի Հանրապետությանը; և որ Արցախի բնակիչները ԽՍՀՄ գոյության ժամանակ օգտվել են գոյություն ունեցող իրավական գործիքներից՝ անջատվելու Ադրբեջանից։

Ինչո՞ւ է կարևոր հռետորաբանության այս փոփոխությունը․ եթե դու խոսում ես մարդու իրավունքներից, և չես խոսում ինքնորոշման իրավունքից՝ որպես առաջնահերթ նպատակ, դու դուռը բաց ես թողնում այն վերջնարդյունքի համար, որտեղ արցախահայությունը չի ունենում ինքնորոշման իրավունք։

Հռետորաբանության այս փոփոխությունը քննադատվեց լրատվամիջոցների ու ընդդիմության կողմից։ Սեյրան Օհանյանը կառավարությանը մեղադրեց Ալիևի վարչակարգի բոլոր բանակցային կետերի հետ համաձայնության մեջ։ Ես ամբողջությամբ համաձայն չեմ Օհանյանի հնչեցրած քննադատությունների հետ, բայց այնտեղ կա ճշմարտության մեծ մասնիկ։ Սակայն նրա ու նրա գործընկերների հնչեցրած քննադատությունը շատ ավելի վստահելի կլիներ, եթե չգար հենց իրենցից ու մարդկանց մի խմբից, որոնք իրականում երկիրը դրել են այս իրավիճակի մեջ՝ մեզ կռվելու անընդունակ բանակ թողնելով։

Որտեղի՞ց է այս ամենը գալիս․ ըստ իս, դա չի հայտնվել վակումից, այլ՝ կոնկրետ ներկա իրականությունից։

Առաջին՝ գալիս է թուլության դիրքից։ Ցանկացած բանակցությունում ուժեղ կողմը իր դիրքորոշումը պարտադրում է թույլին։ Մենք այս դեպքում թույլ կողմն ենք։

Երկրորդ՝ հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդին պաշտպանելու առաջնային պատասխանատվությունը այժմ ռուս խաղաղապահների ձեռքում է, փաստացի՝ Ռուսաստանի ձեռքում, և որ Հայաստանը այս պահին ի վիճակի չէ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, իրականում, տրամաբանություն կա այս դիրքորոշման մեջ, որքան էլ այն բարդ ու անախորժ է։

Երրորդ, երբ դու բանավիճում ես միջազգային մակարդակում, շատ ավելի հեշտ է համախմբել մարդկանց, պետական դերակատարներին ու ստանալ նրանց հավանությունը, եթե խոսում ես մարդու իրավունքների և խաղաղ ապրելու անհրաժեշտության մասին, քան՝ ինքնորոշման իրավունքի։

Այդուհանդերձ, այս ամենը սահման ունի։ Ալիևի առաջնանպատակը Արցախի ժողովրդի հետ խաղաղ ապրելը չէ, այլ էթնիկ զտման ենթարկելը և անհրաժեշտության դեպքում՝ ցեղասպանություն գործելը։

Սա պետք է շարունակաբար բարձրաձայնենք։

Կարևոր է, որ ներկա կառավարությունը հասկանա, որ երբ Ալիևի վարչակարգի նման վարչակարգը լսում է, որ դու խաղաղությունից ես խոսում, նրանք քեզ ընկալում են որպես թույլ։ Երբ մեր վարչապետը խոսում է փոխըմբռնումից, ադրբեջանցի փախստականների կարիքներից, աշխարհին դա ականջահաճո է, սակայն Բաքվում դա ընկալվում է որպես կապիտուլյացիա։

Ես հասկանում եմ այս կառավարության՝ խաղաղության հասնելու բաղձանքը և փաստը, որ այս երկիրը պատրաստ չէ մեկ այլ պատերազմի, և որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն՝ դրանից խուսափելու։ Սակայն դրան չափ ու սահման կա։

Այս կառավարությունը պետք է հասկանա, որ դու չես բանակցում Շվեդիայի ու Աստրիայի հետ, իրականում ոչ էլ բանակցում ես քաղաքական կառույցի կամ պետության հետ։ Դու բանակցում ես ընտանեկան մի բիզնեսի հետ, որը հանգամանքների բերումով ՄԱԿ-ում ձայն ունի։

Ուստի, նրանց հաշվարկները տարբեր են՝ եթե խաղաղությունը ծառայում է ընտանեկան բիզնեսին, նրանք կողմ կլինեն դրան։ Եթե նրանց ընտանեկան բիզնեսին ձեռնտու է պատերազմը, և եթե այն նպաստում է երկիրը շարունակաբար ղեկավարելու ու ադրբեջանցի ժողովրդին թալանելու իրենց օրակարգին, ապա հենց այդպես էլ կանեն։

Ի՞նչ է մեզնից պահանջվում՝ ինչ էլ ստացվի խաղաղության այս բանակցությունների արդյունքում, պետք է ունենանք մի վերջնահանգրվան, որտեղ Արցախի հարցը մնում է չլուծված։ Կամ առնվազն լինենք այն դիրքում, որտեղ կարող ենք պնդել՝ այդ հարցը մնում է չլուծված։

Երկրորդ, այն դասն է, որ սովորել ենք Հայաստանի անկախության 29 տարիների ընթացքում, մինչև Արցախյան երկրորդ պատերազմը, այն է՝ խաղաղության միակ երաշխիքը այս հարևանի հետ որևէ համաձայնագիրը չէ, այլ այն հաշվարկը, որ պատերազմը ավելի ռիսկային է, քան խաղաղությունը։

Մենք պետք է վերականգնենք այդ հաշվարկը, քանի որ դա է խաղաղության հասնելու միակ միջոցը։ Դու գործ չունես պետության հետ, որը ի վիճակի է հավասար հարաբերությունների․ գործ ունես պետության հետ, որն ի վիճակի է կա՛մ գերակայել, կա՛մ ենթարկվել։ Նրանք հասկանում են միայն այս երկու փոփոխականները։

Պետք է հասկանանք, որ հայկական Նևիլ Չեմբեռլենի համար ընտրության մեծ հնարավորություն չկա, և եթե այս գործընթացում դառնաս Չեմբեռլենը, ի վերջո, քեզ կփոխարինի հայկական Չերչիլը, որը իրերին այլ կերպ կմոտենա։ Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, քանի որ այն միշտ է նախընտրելի, սակայն ամեն դեպքում դրան սահմաններ կան։ Պետք է հասկանաս քո հասարակության կարմիր գծերը և դրանք չհատես՝ հասնելու այն խաղաղությանն ու փոխըմբռնմանը, որի կարիքն ունենք երկարաժամկետ հեռանկարում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

The post Եթե դառնաս Չեմբեռլեն, ի վերջո քեզ կփոխարինի հայկական Չերչիլը․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը Փաշինյանի «խաղաղության օրակարգին» appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #կարծիք #տարածաշրջան #քաղաքականություն

2022-04-15

Հայ-թուրքական գործընթացում Անկարան հապաղում է՝ սպասելով հայ-ադրբեջանական գործընթացի ելքին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 14-ին քննադատել է հայկական կողմին Թուրքիայում կամ Հայաստանում չհանդիպելու համար: Մասնավորապես, նա ասել է հետևյալը. «Մի կողմից, Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում, սակայն, մյուս կողմից, համարձակություն չի ցուցաբերում հանդիպելու Թուրքիայում կամ Հայաստանում: Եթե չենք կարողանում մեր երկրներում հանդիպում կազմակերպել, ապա ինչպե՞ս ենք այլ հարցերում քայլեր անելու»: Կարևորելով վստահության ամրապնդումը՝ նա ողջունել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների շուրջ պայմանավորվածությունն ու սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծումը:

Այս հայտարարությանը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ ոչ թե հանդիպման վայրն է կարևոր, այլ քաղաքական կամքը՝ ակնարկելով, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և հենց Անկարան պետք է առարկայական քայլերի դիմի: Երևանը նաև մատնանաշել է, որ Թուրքիան երկկողմ գործընթացը առաջ է տանում Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանն ու Թուրքիան ուղիղ բանակցություններ են վարում: Մինչև այսօր ամենաբարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Երկու անգամ էլ Մոսկվայում և Վիեննայում բանակցություններ են վարել Հայաստանի ու Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները, որոնց հերթական երրրորդ հանդիպումը անցնելու է Ավստրիայի մայրաքաղաքում:

Երկու պետություններից հնչող պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Երևանն ու Անկարան ցանկանում են հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ: Ընդ որում, երկու կողմն էլ նշում են, որ կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների:

Սակայն արդյոք Թուրքիան հավատարի՞մ է իր հայտարարած սկզբունքներին և անկաշկանդ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ի վերջո, Անկարան պատրա՞ստ է վճռական քայլերի, թե՞ ոչ:

Իրականում թուրքական կողմը ամենևին չի թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրականացնում է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ: Թուրքիան, ամեն անգամ խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, պարբերաբար հիշատակում է նաև ադրբեջանական օրակարգը՝ ընդգծելով Բաքվի կողմից Երևանին առաջարկված խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին: Պատահական չէ, որ Թուրքիան ողջունեց ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունները:

Այլ կերպ ասած՝ Թուրքիան, Երևանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հայտարարություններից անկախ, կարգավորման գործընթացն ուղղակիորեն պայմանավորում է Ադրբեջանով: Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում չի շտապում գործնական քայլեր անել, մինչև որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ հստակ պայմանավորվածությունների չհասնեն:

Այդ ամենը լիովին տեղավորվում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տրամաբանության, ինչպես նաև Հարավային Կովկասում Թուրքիայի հետապնդած քաղաքականության համատեքստում: Անկարան հետպատերազմական փուլում առաջին հերթին դնում է մեր տարածաշրջանի կայունության ու զարգացման հեռանկարների հարցը՝ նկատի ունենալով, որ այն պետք է սպասարկի Անկարայի ու Բաքվի շահերը:

Ի վերջո, Անկարան վստահության բարձրացման անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ կարող էր իր խոսքերն ամրապնդող ժեստեր անել՝ Երևանի ու Ստամբուլի միջև օդային հաղորդակցության վերականգնումից բացի: Այնինչ, Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ Թուրքիան անգամ հապաղում է ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, որոնց թիվն անհամեմատ սահմանափակ է:

Այսպիսով, թուրքական կողմը, սպասարկելով ադրբեջանական օրակարգը, չի շտապում գործնական քայլերի դիմել Հայաստանի հետ հարաբերություններում: Հետևաբար, Հայաստանին էլ չի հաջողվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը տարանջատել ադրբեջանականից, ինչը միանշանակ կբխեր Երևանի շահերից: Այդ իրողությունը, անշուշտ ունի օբյեկտիվ պատճառ, քանզի դրան տեսականորեն կարելի է հասնել երկարաժամկետ հեռանկարում, իսկ այժմ Հայաստանը ստիված է գործել ու քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև սերտ համաձայնեցման պայմաններում:

The post Հայ-թուրքական գործընթացում Անկարան հապաղում է՝ սպասելով հայ-ադրբեջանական գործընթացի ելքին appeared first on CIVILNET.

#թուրքիա #թոփ #կարծիք #հարեւաններ #տարածաշրջան #քաղաքականություն #անկարա #գեորգիմիրզաբեկյան

2022-04-14

Արցախը Հայաստան չէ, և վե՞րջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու մասին՝ ականջալուր լինելով «միջազգային հանրության» հորդորին:

Ըստ այդմ, Երևանի համար այլևս առաջնահերթություն է արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության անորոշ թեզը, որից, ըստ հայկական կողմի, պետք է բխեցվի Արցախի կարգավիճակը:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը ներկայացնելիս հայտարարեց վարչապետը՝ փաստացի ընդունելով, որ Երևանի դիրքորոշման 180 աստիճանի փոփոխությունը կատարվել է միջազգային հանրության հորդորով:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- նշեց Փաշինյանը` չհստակեցնելով, թե Երևանի դիրքորոշման փոփոխության դիմաց հատկապես ինչ աջակցություն է ցուցաբերելու «միջազգային հանրությունը», և այդ անորոշ բառակապակցության տակ որ երկրներն են «թաքնված»:

Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանում և Արցախում փորձում են հասկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի «նորացված» մոտեցումները: Միևնույն ժամանակ, տեսադաշտից դուրս է մնում աշխարհաքաղաքական համատեքստը:

Կարելի է ենթադրել, որ խոսքն այս կամ այն կոնֆիգուրացիայով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի (Եվրամիության) և Ռուսաստանի մասին է: Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո միայն Ռուսաստանն էր հայտարարում Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու և ներկայում հումանիտար, տնտեսական խնդիրների վրա կենտրոնանանլու անհրաժեշտության մասին, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ը բարձրաձայնում էին կարգավիճակի հարցը, այժմ վերջիններս էլ հանգել են նույն դիրքորոշման, սակայն միանգամայն տարբեր նկատառումներով:

Դատելով Փաշինյանի ելույթին Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի օպերատիվ և դրական արձագանքից՝ սխալ չի լինի ենթադրել, որ Հայաստանի վարչապետի արցախյան օրակարգի փոփոխության առաջին հասցեատերը Եվրամիությունը կամ Արևումտքն է: Արցախի հարցում ՀՀ նոր օրակարգը վերջնական «միս ու արյուն» ստացավ ուկրաինական պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարատության կարգավորման գործում Եվրամիության նախաձեռնողականությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անգործությանը զուգահեռ:

Ուստի, պատահական չէ Արցախի իշխանությունների անհանգստությունը, ինչի վկայությունն են Երևանի և Ստեփանակերտի միջև առկա հակասությունների մասին լուրերը: Տևական ժամանակ է՝ դրանք շրջանառվում են և զուգորդվում ՔՊ-ական տարբեր պատգամավորների և տարբեր աստիճանի պաշտոնյաների՝ Արցախը թիրախավորող հայտարարություններով՝ «ղարաբաղցիք փախել են Երևան՝ ստեղից Ղարաբաղ են պահանջում», «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը» և այլն:

Զգալով ՀՀ իշխանությունների արցախյան օրակարգի փոփոխությունը և այդ օրակարգի իրագործման հարցում Արևմուտքի զգալի ներգրավվածությունը՝ Արցախի ղեկավարությունը կարծես փորձում է սկսել սեփական խաղը՝ միտված Ռուսաստանի հետ ինտեգրման խորացմանը: Հետևաբար, դժվար է ինքնաբուխ անվանել վերջերս Արցախում Ռուսաստանի կազմ մտնելու հարցի շուրջ ստորագրահավաք անցկացնելու, այն է՝ հանրային պահանջ ձևավորելու նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 13-ին «Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով» ԼՂՀ նախագահի նստավայրում հրատապ խորհրդակցության անցկացումը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Նա հավելել է. «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»:

Չի բացառվում, որ սպառնալիքների սաստկացման և Երևանի պասիվությանը զուգահեռ արցախահայության «հստակ պահանջ» դառնա Ռուսաստանի կազմ մտնելը: Սա դեռ ավելի շատ հիշեցնում է հուսահատ քայլ, քանի դեռ Ռուսաստանը չի մարսել ուկրիանական պատերազմը և պաշտոնապես «կանաչ լույս» չի տվել իր կազմ մտնելու գաղափարին: Իսկ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Ռուսաստանում ընկալեն, որ կարգավիճակի նշաձողի իջեցման և խաղաղության հաստատման գործընթացը, որին մասնակցում են Երևանը, Բաքուն և Եվրամիությունը, հանգեցնելու է Արցախի հայաթափման, իսկ դրա վերջնարդյունքը լինելու է ռուս խաղաղապահների հեռացումը և տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի կտրուկ թուլացումը։

The post Արցախը Հայաստան չէ, և վե՞րջ appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #կարծիք #հայաստան #արշալույսմղդեսյան #կարգավիճակ #հայաստանէևվերջ #հայաստանչէևվերջ4 #նիկոլփաշինյան #ռուսաստան

2022-04-12

Ծաղկազարդը, հալէպահայերը եւ … այլն

Ծաղկազարդին Երեւանաբնակ նախկին հալէպահայերէն շատ շատեր ընտանիքներով, իրենց մանուկները գրկած եկեղեցի գացին:

Վերի նախադասութեան մէջ սխալ արտայայտութիւն մը ունեցայ, պէտք է ըսէի Երեւանաբնակ հալէպահայեր՝ առանց «նախկին»ի, որովհետեւ հալէպահայերը երբեք նախկինի չեն վերածուիր, անոնք ուր ալ երթան կը մնան կապուած իրենց ծննդավայրին, հոգեպէս եւ մտովին, կը պահեն իրենց սովորութիւններն ու աւանդութիւնները, աւելին՝ այլ վայրերու մէջ ապրելով, կը շարունակեն ապրիլ նաեւ Հալէպով, ուր ձգած են իրենց հարազատներէն շատեր..

-Այսօր Ծաղկազարդ է, այս ժամուն ամբողջ հալէպահայութիւնը եկեղեցի գացած կ'ըլլայ,- կը լսես, Լոս Անճելըսի մէջ, Ամսթերտամի, Սիտնիի, Օթաուայի եւ երեւանի մէջ:

Երեւանի Հալէպահայերը կը զարմանան, որ հոս Ծաղկազարդին ի՞նչ ըլլալը չեն գիտեր: Իրապէս ալ, Երեւանի մէջ շատ քիչերուն համար Ծաղկազարդը տօն է. հո՛ս, Հայաստանեայց եկեղեցին կը տօնէ Ծաղկազարդը, Հալէպի մէջ, եկեղեցիէն աւելի ժողովուրդը կ'իմաստաւորէ այս տօնը. Մարդիկ, այդ օր, մեկդի կը դնեն տնտեսական ծանր տագնապի պատճառով ունեցած իրենց հոգեկան ճնշուածութիւնը, իրենց նիւթական մտահոգութիւնները. կը մոռնան, որ ելեկտրականութիւն չկայ, կը մոռնան, որ ելեկտրական շարժիչներու տէրերուն մէկ ամփէրի դիմաց շաբաթական 15 հազար կը վճարեն, կը մոռնան, որ միս գնելու դրամ չունին, կը մոռացութեան կու տան այն, որ ընդհանրապէս ծախսելու դրամ չունին եւ անպայման նոր զգեստ մը գնեն իրենց երախաներուն համար, բարեբախտաբար ասոր կ'օգնէ այն, որ բարեսիրական կազմակերպութիւններու յատկացուցած օգնութիւնները տօնական օրերուն կը մեծնան: Եկեղեցին, համայնքային, միութենական, բարեսիրական ու ոչ բարեսիրական բոլոր կազմակերպութիւնները նիւթական յատկացումներ կ'ընեն բոլորին՝ ծերերուն, այրիներուն, երիտասարդ ընտանիքներուն՝ բոլորին, բոլորին եւ… եւ այս բոլորը տօնական այդ դրամները կը ծախսեն տօնական այս օրերուն. կը մասնակցին միութենական ճաշկերոյթնրուն, խրախճանքներուն պարահանդէսներուն… Կը յիշէ՞ք, հին լաւ օրերուն, մանաւանդ Ծաղկազարդին, անպայման տունէն դուրս, ճաշարաններու մէջ կը ճաշէին, շատեր քաղաքէն դուրս կ'ելլէին. եթէ Հալէպէն 50, 100 քիլոմեթր հեռաւորութեան ճաշարան մը երթայիք, դուք ձեզ Հալէպի հայկական ակումբի մը մէջ պիտի կարծէիք: Կը յիշէք, չէ՞ հալէպահայեր… ի՜նչ երանելի օրեր էին…

Այսօր ալ ճաշկերոյթները շատ են: Հարցուցէք դուրսը գտնուող հալէպահայերուն եւ պիտի տեղեկանաք, որ իրեց հարազատները ինչպէս Ծաղկազարդին, մաքուր ու կոկիկ հագուած եկեղեցի գացած են, պատարագէն ետք եկեղեցւոյ խորանին առջեւ, կամ գաւիթին մէջ ընտանիքով նկարուած են՝ յաճախ հոն կառուցուած Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշարձանի մը առջեւ: Յետոյ, չեն շտապած հեռանալ, քով քովի եկած են եւ զրուցած անցեալի լաւ օրերու մասին, այդ օրուան ծրագիրներուն մասին եւ… հաւատացէ՛ք, այս օրերու իրենց դիմագրաւած ոչ մէկ դժուարութեան մասին:

Հապա կարօտը՞…

Հալէպահայերը անշուշտ կը կարօտնան իրենցմէ հեռու գտնուող հարազտները:

-Աւստրալիայէն աղջիկս հեռաձայնեց եւ ըսաւ, որ շատ լաւ են, բայց մեր կարօտին չեն դիմանար…

-Փարիզէն տղաս հեռաձայնեց, ըսաւ որ Ամսթերտամ եղբօր քով պիտի անցընեն զատիկը, երանի դուք ալ հոս ըլլայիք, ըսաւ:

-Մերինները հինգ տարիէ Սիտնի կ'ապրին, դեռ խելքերնին-միտքերնին Հալէպ է:

-Բոլորին խելքը-միտքը Հալէպ է:

Եթէ Հալէպ մնացած հալէպահայերը իրենց հարազատները կը կարօտնան, ապա այդ քաղաքէն հեռացածները կը կարօտնան նաեւ Հալէպը, կը յիշեն հին տօնական օրերը եւ հետեւցնելով.

-Հիմա Հալէպ ասանկ կ'ընեն, անանկ կ'ընեն,- կը լսես ամէն տեղ:

Նման խօսակցութիւն պիտի լսէիք, եթէ ծաղկազարդին Երեւանի մէջ եկեղեցի մը գացած ըլլայիք:

Հոս, ինչպէս հաւանաբար Հալէպէն դուրս այլ վայրեր, Հալէպի մասին խօսելէն ետք, զրոյցի նիւթերը պիտի ընդարձակուին, իրար որպիսութիւն պիտի հարցնեն, իրար աւելի յաճախ հանդիպելու անհրաժեշտութեան, բայց ատոր անկարելի ըլլալուն մասին պիտի խօսին.

-Զաւակներդ ո՞ւր հասան:

-Աղջիկս համալսարան պիտի աւարտէ, ծրագրաւորումի մասին լսած կ'ըլլաս, ատիկա կ'ուսանի, տղաս 18 տարեկան եղաւ, կ'աշխատի, լաւ է գործը:

-Տասնո՞ւթ տարեկան, հո՛ս, ընտանիքին միակ տղայ զաւակն է- չկայ: անպայման զինուոր պիտի դառնայ:

-Զիս այդքան ալ յիմար չկարծես, քաղաքացի չեմ դարձուցած զինք, 10 տարուան կեցութիւն ձեւակերպած եմ: 27 տարին վերջացնելէն ետք քաղաքացի թող ըլլայ՝ զինուորութենէ կ'ազատի:

Այսպիսի խօսակցութիւն լսելով թող մէկուն միտքէն չանցնի, թէ բոլոր հալէպահայերը այս մարդուն կը նմանին: Քիչ չէ թիւը Հայաստանի բանակին մէջ ծառայող հալէպահայերուն: Կը ճանչնամ մէկը, որուն զաւակը նահատակուած է քառասունչորս օրեայ պատերազմին, անոր դիակը ամիսներ ետք գտուած է: Ճի՛շդ է, անոր հայրը երբեմն կը զղջայ, որ քաջալերած է զաւակը ուսումը կիսատ ձգել եւ զինուորագրուիլ, սակայն իր էութեան մէջ տիրող զգացումը հայրենիքին համար նահատակուած որդիի հայր ըլլալու հպարտութեան զգայացումն է:

Հալէպահայերը իրենց հայրենասիրութիւնը փաստելու պէտք չունին: Իմ գիտցածովս հինգ հալէպահայ երիտասարդներ կը հանգչին Եռաբլուրի իրենց հազարաւոր ազգակիցներուն քով: Հպարտ հալէպահայերը Հայ առաքեալականներու գերեզմանատան մէջ յուշարձան կանգնեցուցին իրենց հերոս նահատակ որդիներուն համար:

-Եթէ հո՛ս՝ հայրենիքին համար չնահատակուէր, դուրսը զոհուէր, այդ ատեն չէի դիմանար,-հալէպահայ որդեկորոյս հայրն է ըսողը:

Ծաղկազարդը կ'անցնի, Զատիկն ալ կ'անցնի դեռ դուրսի հալէպահայերը կը շարունակեն այդ մասին խօսիլ:

-Տեսա՞ր, ի'նչ ուրախ անցեր է մերիններուն ճաշկերոյթը:

-Մերինները ուրիշ են, շատ ալ նուիրատուութիւն եղած է:

-Մերիններուն տողանցքը տեսա՞ր:

-Քանի մը ամիս առաջ ալ մերինները տողանցք մը ըրած էին: Ամբողջ Հալէպը խօսած էր այդ մասին:

Հալէպահայերուն քով միշտ կայ «մերինները-ցերինները» արտայայտութիւնը, միշտ կայ «դաշնակ-հնչակ-ռամկավար»., միշտ կայ «առաքելական-կաթոլիկ-աւետարանական»ը, կայ «մարաշցի-անթէպցի-քիլիսցի»ն եւ գիտէ՞ք, զարմանալի պիտի չըլլայ, եթէ օր մը գաղութին պատմութիւնը ուսումնասիրող մը արձանագրէ, թէ այս բաժան-բաժան ըլլալը մեծապէս նպաստած է մեր հայապահպանումին:

Դուրսը շատ կը խօսուի Հալէպի ճաշկերոյթ խրախճանքներուն մասին, մինչդեռ նոյն այս օրերուն, գիտէ՞ք ինչ իրողութիւններու ալ ունկնդիր կ'ըլլանք, օրինակ. Նոր Սերունդ Մշակոթային Միութիւնը երեք համայնքապետերու եւ բոլոր միութիւններու ղեկավարներու ներկայութեամբ կը տօնէ իր հիմնադրութեան 65 ամեակը: «Բարսեղ Կանաչեան» երաժշտական դպրոցը իր շրջանաւարտներուն աւարտական վկայականներ կը բաշխէ, «Սարեան Ակադեմիա»ն աշակերտական ցուցահանդէս կը կազմակերպէ, Հ.Բ.Ը.Միութիւնը յատուկ հանդիսութեամբ կը պատուէ իր վեթերանները, 60 ամեակ կը տօնէ «Ադամեան» թատերախումբը, հրատարակելով նաեւ իր պատմութեան նուիրուած լայնածաւալ յուշամատեան մը, «Զուարթնոց» երգչախումբը համերգ կու տայ, «Շող» պարարուեստի դպրոցը կը պատրաստուի իր տարեկան համոյթին, դեռ քանի մը ամիս առաջ չէ՞ր, որ Հալէպի մէջ լոյս տեսան հալէպահայ Լ.Շառոյեանի «Դեգերումներ Հայ Գիրի եւ Պատմութեան Գետեզրին» եւ ուղղագրական կանոններու, բառագիտութեան եւ կետադրութեան մասին գիրքերը. համայն աշխարհի մէջ քանի արեւմտահայ լեզուագէտ ունինք, որոնցմէ լաւագոյններէն մէկն ալ երեւանաբնակ սակայն քեսապցի-հալէպցի Յակոբ Չոլաքեանը չէ՞: Հալէպի մէջ չե՞ն ստեղծագործեր նկարիչ Զաւէն Պարտագճեանն ու քանդակագործ Վարդգէս Պարսումեանը Թէքէեան Մշակութային Միութիւնը կը կազմակերպէ միջ-դպրոցական արտասանութեան աւանդութիւն դարձած տարեկան մրցումը: Համազգայինի Հայագիտական հիմնարկէն շրջանաւարտ մը «Զաւարեան» մշակութային կեդրոնին մէջ իր թեզը կը պաշտպանէ, որ նուիրուած է նոյն հիմնարկի 1996-2006 թուականներու պատմութեան:

Պատմութիւն: Այո՛, Հալէպի մէջ ամէն ինչի հիմք կը դրուի երկար ատեն ապրելու եւ գաղութը ապրեցնելու համար, շարունակուող պատմութիւն դառնալու համար:

Գոնէ մինչեւ այսօր այդպէս չէ՞ եղած:

Այո՛, գոնէ մինչեւ այսօր:

Վաղուայ մասին բոլորս պէտք է մտածենք՝ հայաստանցիներն ալ:

Մանուէլ Քէշիշեան

Երեւան, 12 Ապրիլ 2022

The post Ծաղկազարդը, հալէպահայերը եւ … այլն appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #սիրիա #ծաղկազարդը #հալէպահայերը #մանուէլքէշիշեան

2022-04-11

Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումն ու հակահայկական քարոզչությունը

Իր հերթական հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը անդրադառնում է ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հանդիպմանը, որը միջնորդել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Բրյուսելյան այս հանդիպումը կրկին տեղի ունեցավ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Այս հանդիպմանը նախորդել էր Փաշինյանի ու Պուտինի միջև երկար հեռախոսային խոսակցություն, իսկ դրանից մեկ օր առաջ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, այսինքն՝ այս հանդիպումից առաջ հետնաբեմային քաղաքականություն է գնացել։

Այս հանդիպման նպատակն էր քննարկել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր և սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Շառլ Միշելի՝ հանդիպման արդյունքների մասին տարածած հայտարարության մեջ ասվում է․

  • առաջին՝ երկու կողմերը համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացնել սահմանազատում և սահմանագծում,
  • երկրորդ՝ նպատակ է դրվել աահմանագծի երկայնքով և սահմանագծի մոտ ապահովել կայուն անվտանգային իրավիճակ,
  • երրորդ՝ ապահովել Բաքվի խցերում պահվող բոլոր անձանց ազատ արձակումն ու անհետ կորածների հարցը և սկսել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին ուղղված գործընթացը։

Ժամանակը ցույց կտա, թե որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը։

Երբ նայում ենք այս բոլոր առաջարկներին, ակնհայտ է դառնում, որ հայկական կողմն աշխատում է փոխըմբռնման ու խաղաղության հասնելու ուղղությամբ, իսկ մյուս կողմը հետաքրքրված չէ գործուն համաձայնության ձեռքբերմամբ։ Օրինակ, ադրբեջանական կողմը փոխհատուցում է պահանջում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը լքած ադրբեջանցիների համար՝ առանց նույնանման փոխհատուցման հայերի համար, որոնք մազապուրծ փախել էին Բաքվի ջարդերից։ Սրանից արդեն ակնհայտ է նրանց անբարյացակամությունը։

Այսինքն, Ադրբեջանը Հայաստանին ի սկզբանե անընդունելի առաջարկներ է անում, որպեսզի հետո դա օգտագործի Արցախի բնակչության ու Հայաստանի վրա ճնշումներ կիրառելու համար։

Դիտարկենք այդ առաջարկություններում խնդրահարույց կետերը․

Առաջինը, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում։ Սրանով ադրբեջանցիները ցանկանում են, որ Հայաստանն ընդունի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Իհարկե, հայկական կողմը սա չի ընդունի, ուստի, մենք կփորձենք ունենալ այդ կետը՝ բաց թողնելով Արցախի մասը, ինչը նաև միջազգային հանրության դիրքորոշումն է այս հարցում։ Միջազգային հանրությունն ու գերտերությունները գտնում են, որ սա մեծ խնդիր է, և պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծում ստանա՝ առանց կողմերից որևէ մեկի նկատմամբ պարտադրանքի։

Երկրորդը՝ տրանսպորտային ուղիների բացումը։ Այստեղ ակնհայտ է, որ Ալիևը ցանկանում է բացարձակ հավասարության նշան դնել Հայաստանի՝ Արցախին ունեցած մատչումի և նրանց՝ Նախիջևանին մատչումի միջև, որովհետև հիմա նրանք չեն վերահսկում Լաչինի միջանցքը, այն վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, ուստի նրանք փորձում են նույնը ստանալ Սյունիքում։ Եթե չստանան, շարունակաբար փորձելու են խնդիրներ առաջացնել Հայաստանի՝ Արցախին կապող ճանապարհի հարցում։

Ինչո՞ւ է մյուս կողմը ցանկանում պատերազմ և ոչ խաղաղ կարգավորում։ Մյուս կողմ ասելով նկատի ունեմ Ալիևի ու Էրդողանի վարչակարգերը միասին, որովհետև Ադրբեջանի կողմից առաջ քաշվող դիրքորոշումների մեծ մասը գալիս է ետնաբեմից՝ Էրդողանի կողմից, որն ունի իր սեփական նպատակները։

Արդյոք սա անում են, որովհետև արյան ծարավ են և ոչ ռացիոնա՞լ։ Արյան ծարա՞վ՝ այո՛, ոչ ռացիոնալ՝ ո՛չ։ Նրանք պատերազմ են ուզում հետևյալ պատճառներով․

  • Նախ, հիմա ռազմական առավելությունը իրենց կողմն է, սակայն այդ առավելությունը կարող է ժամանակի ընթացքում վերանալ։
  • Երկրորդ, ռուս խաղաղապահների,- որոնք խաղաղության հիմնական երաշխավորներն են Արցախում և ինչ-որ տեղ նաև Հայաստանի համար,- ուշադրությունը շեղված է դեպի Ուկրաինա։
  • Երրորդ, աշխարհը և գերտերությունները ևս ուշադրության կենտրոնում են պահում Ուկրաինայում տեղի ունեցողը։
  • Չորրորդ, Ալիևը վախենում է, որ ներկա ստատուս քվոն կարող է ամրանալ, և ինքը չի կարողանա հասնել Արցախի էթնիկ զտման ու Արցախին առանց հայերի տիրանալու իր նպատակին, ինչի համար նա չի խորշի ո՛չ էթնիկ զտումներից, ո՛չ ցեղասպանությունից։

Ալիևը վախենում է, որ աշխարհի տերությունների համար այս խնդիրը էական չէ, և որ նրանք զուտ ուզում են, որ խնդիրը լուծվի։ Տարածաշրջանային միակ տերությունը, որ դեմ է ներկա ստատուս քվոյին՝ իր սեփական շահերից ելնելով, Թուրքիան է, որն ունի սեփական ծրագրերը և օգտագործում է Ալիևին՝ դրանց հասնելու համար։

Եթե նրանց հաջողվի Արցախում իրականացնել էթնիկ զտումներ, դա դուրս կշպրտի ռուսներին այս տարածաշրջանից, իսկ եթե Ռուսաստանն ի վիճակի չէ պաշտպանել Արցախը, նման Ռուսաստան Հայաստանին պետք չէ։

Ռուս-ուկրաինական պատերազմն ու Հայաստանի դեմ քարոզչությունը

Անցնենք երկրորդ թեմային՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Հայաստանի դեմ այս ուժգին քարոզչությանը։ Բաքվի ու Անկարայի լրատվամիջոցների կողմից համառ ու համակարգված ջանքեր են գործադրվում, ինչը իրականում ծիծաղելի է, որովհետև պատերազմից երկու օր առաջ Ալիևի վարչակարգն էր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրել Ռուսաստանի հետ, իսկ Էրդողանը պարծենում էր, որ կօգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Սակայն այս երկրները փորձում են մեզ պիտակավորել որպես հակաուկրաինական։

Առաջին կեղծ լուրն այն էր, որ ռուս խաղաղապահները լքում են Արցախը՝ Ուկրաինա գնալու։ Երկրորդ, որ Հայաստանը զինված ուժեր է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։ Երրորդ, որ Հայաստանը ուղարկել է իր «ՍՈւ-30ՍՄ» ինքնաթիռները Ուկրաինա՝ ռուսներին օգնելու համար։ Իհարկե, այս ամենը բացարձակ կեղծիք է, և վերջին կեղծ լուրին հաջորդեց Հայաստանում հավատարմագրված Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդների այցը Հայաստանի պաշտպանության նախարարության ավիաբազաներից մեկը՝ համոզվելու, որ ինքնաթիռները տեղում են։

Զավեշտալին այն է, որ ռուսական օդուժը ամբողջությամբ ներգրավված էլ չէ ուկրաինական պատերազմական գործողություններում, և այն հաստատ Հայաստանի չորս ինքնաթիռների կարիքը չէր ունենա այդ դեպքում։

Վերջինը՝ BBC-ում տեղ գտած ռեպորտաժն էր, որը, հղում տալով թուրքական լրատվականներին, պնդում էր, թե Ռուսաստանը Սիրիայից տեղափոխել է վարձկանների՝ Հայաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Այստեղ տեսնում ենք հունական դիցաբանության մեջ երեքգլխանի Կերբեր շան ժամանակակից տարբերակը՝ ադրբեջանական, թուրքական մեդիան և բրիտանական լրատվամիջոցներն ու հետախուզական ծառայությունները։

Ինչո՞ւ է կարևոր բրիտանական դերը։ Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները հիմնականում խեղկատակություն են, նրանց լրագրողները կրկնում են իշխանության ասածները, ոչ ոք նրանց լուրջ չի վերաբերվում, իսկ բոլոր լավ լրագրողները կա՛մ բանտերում են, կա՛մ այդ երկրներից դուրս։

Սակայն բրիտանական լրատվամիջոցները աշխարհում վստահելի աղբյուր են համարվում, հատկապես BBC-ն, ուստի դա խնդրահարույց է, որովհետև շատ այլ լրատվամիջոցներ են հղում տալիս նրանց, և մենք ստիպված ենք անընդհատ հերքել այս կեղծ լուրերը։

Կարող եմ այսքանը ասել՝ ցանկացած նման պետություն, որը նպաստում է հարյուր հազարավոր մարդկանց սպանություններին ու միլիոնների ընչազրկությանը Եմենում, երկիր, որի մատը խառն է Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի ու այլ երկրների ավերման մեջ, իրավունք չունի քննադատել ագրեսոր այլ պետությունների, ինչպիսին պուտինյան Ռուսաստանն է, առավել ևս՝ Հայաստանի նման ժողովրդավարական երկրին, որն իր պատմության ընթացքում երբեք չի կեղեքել կամ ստրկացրել այլ ժողովուրդների։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

The post Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումն ու հակահայկական քարոզչությունը appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #հայաստան #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն

2022-04-09

երբեմն զգում եմ, թե որքան եմ ինձ ցածրացնում ուրիշների մասին միամտօրէն լաւ կարծիք կազմելով։

#միամիտ #կարծիք #մարդիկ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst