#արցախ #լուրեր #ռազմական #ադրբեջան #ականանետեր #ահպն #արցախիպբ #խրամորթ
Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:
Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:
1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում: 1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:
2007-2012 թթ. եղել է ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Մասնակցել է 1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:
Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
Ավելի վաղ Արցախի նախագահը հրամանագիր էր ստորագրել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:
The post Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի appeared first on CIVILNET.
Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը։
«Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
The post Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը appeared first on CIVILNET.
Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ ՊԲ-ում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր։ Արցախի պաշտպանական գերատեսչությունը դատապարտում է բոլոր նման միտումները և նշում է, որ մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից:
Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից:
Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում»,- ասված է հայտարարությունում։
The post Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քարոզչության դեպքեր․ ՊԲ appeared first on CIVILNET.
#արտահերթընտրություններ2021 #արցախ #թոփ #լրահոս #հայաստան #արցախիպբ